Կյանք փրկող ծրագիրն ընդլայնվեց

ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր ստորագրվեց սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման նոր հուշագիր։

Հունվարի 1-ից Երևանի 4 և մարզային 2 բժշկական կենտրոններում մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սուր, ծանր ինֆարկտի դեպքում, երբ առկա է մեր բնակչությանն արդեն քաջածանոթ ST-էլևացիա, անվճար` պետության կողմից երաշխավորված, տեղադրվում է ոչ դեղապատ մեկ ստենտ։

«Երեք ամսվա ընթացքում կյանք փրկող այս ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 399 քաղաքացի։ Նրանցից 376-ը ստենտավորվել է, իսկ մյուսների կորոնարոանգիոգրաֆիայի արդյունքներով ստենտավորման կլինիկական անհրաժեշություն չի եղել։ Բոլոր դեպքերի հիվանդության պատմություններն ուսումնասիրվել են մասնագետների խմբի կողմից, որպեսզի վերլուծենք դրանք և վերագնահատենք մեր մոտեցումներն ու հստակեցնենք չափորոշիչները»,-ասաց նախարարը։ Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից բխող այս ծրագիրը մնալու է ուշադրության կենտրոնում։

«Մենք քաջ գիտակցում ենք, որ մարդիկ այս ծրագրում ընդգրկվում են մասնագետների օպերատիվ որոշումների արդյունքում և հնարավոր չէ նրանց հերթագրել։ Այս հանգամանքը պարտադրում է կրկնապատիկ ուժեղացնել հսկողությունը»,-նշեց նախարարը։

ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը և մոնիտորինգի խմբի ղեկավար Ալինա Օհանյանը ներկայացրեցին ծրագրի նկատմամբ իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Նշվեց, որ ծրագրի շրջանակում բուժօգնություն ստացած 399 քաղաքացու 57 տոկոսը երևանաբնակ են, մյուսները`տարբեր մարզերից, 106-ը 70-ից բարձր տարիքի են։ Մանրամասն ուսումնասիրվել են հիվանդության բոլոր պատմությունները, ինչպես նաև կատարված հետազոտությունների արդյունքները։ Ցավոք, 13 դեպքում չի հաջողվել փրկել ծանր ինֆարկտ տարած մարդկանց կյանքը։ Նրանք հիմնականում 80-ն անց քաղաքացիներ են, որոնց մոտ ախտորոշվել է կարդիոգեն շոկ, բազմակի օրգանների ախտահարումներ։

«Այսօր կնքվող հուշագիրը թույլ կտա հիվանդներին ավելի օպերատիվ կերպով հասցնել կլինիկաներ և ավելի արագ ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն»,-ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը` հավելելով, որ նախկինում բազմաթիվ հիվանդներ ֆինանսների բացակայության պատճառով չէին ստանում բժշկական նման ծառայություն։

Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարության և արդեն 10 բժշկական կենտրոնների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների իրականացման մասին։

«Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա» բժշկական կենտրոններից, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոններից բացի այսուհետև կյանք փրկող ծրագիրը կիրականացվի նաև «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում», «Արամյանց բժշկական կենտրոնում», «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնում» և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ»-ում։

«Փորձարարական եռամսյակը վկայում է, որ ծրագրի հանդեպ բնակչության շրջանում կա վստահություն և այն արժանանում է բարձր գնահատականի ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից»,-հուշագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորելով բոլորին` ասաց Արմեն Մուրադյանը։ Նա նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ՀՀ Ան գլխավոր սրտաբանի և ծրագրում ընդգրկված նոր կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ ևս մեկ անգամ քննարկել կազմակերպական հարցերը և առաջարկներն ամփոփել ծրագրի չափորոշիչներում: Քննարկվեցին նաև սրտաբանների վերապատրաստման, դեղերի, ստենտների ապահովման հարցերը:

Նշվեց, որ մշտադիտարկումները կշարունակվեն` բժշկական օգնության և սպասարկման որակի, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Հիշեցնենք, որ եզակի այս ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930