ԼՂՀ-ում ցմահ ազատազրկված դիվերսանտի փաստաբանը վճռաբեկ բողոք կներկայացնի

Ադրբեջանցի դիվերսանտ, ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի փաստաբանը պատրաստվում է դիմել ԼՂՀ գերագույն դատարանի վճռաբեկ պալատ՝ բողոքարկելով նախորդ երկու ատյանների կայացրած որոշումները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը: Է. Բեգլարյանը նշել է, որ զրուցել է Դ. Ասկերովի հետ և վերջինս է նման որոշում կայացրել: Նշենք, որ մարտի 10-ին ԼՂՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը, որով Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Տեսանյութեր

Լրահոս