Բաժիններ՝

Ինչպես է Ադրբեջանի ՊՆ-ն կոծկում կորուստները. razm.info

razm.info-ն գրում է. Մարտի 28-ին արդբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը հայտնեց նախօրեին առաջնագծի Աղդամի հատվածում սպանված սպա, 1980 թ. ծնված ավագ լեյտենանտ Ահմադով Իգբալ Սերաֆ օղլուի մասին։

Հրապարակման մեջ նշվում էր նաև, որ պատվո համազարկի ներքո սպանվածին հողին են հանձնել իր հորական՝ Աշաղը Նյուվեդի գյուղում (Լենքորանի շրջան) և որ նրա հուղարկավորությանը մասնակցել են զորամասի հրամկազմն ու մարտական ընկերները։

Azertac-480x369

«Ազերթաջ» գործակալության՝ հեռացված հրապարակումը

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն ավագ լեյտենանտ Իգբալ Ահմադովի մահվան կապակցությամբ պաշտոնական հաղորդագրությամբ այդպես էլ հանդես չեկավ, սակայն «Ազերթաջի» սույն հրապարակմանը հղելով մարտական այդ կորստի մասին հայտնեցին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։ Բացառություն չէր նաև իշխանամետ «ԱՊԱ» գործակալությունը, որի կայքում ավագ լեյտենանտ Ահմադովի մահվան լուրը տեղադրվեց մեկ օր անց՝ մարտի 29-ին, ժամը 09:53-ին։

Ինչպես բազմիցս նշել ենք, 2014 թ. օգոստոսյան մարտերում ծանր կորուստներից հետո Ադրբեջանում որոշեցին գաղտնիացնել զինված ուժերում կորուստների մասին ցանկացած տեղեկություն՝ արգելելով լրատվամիջոցներին առանց պաշտոնական հաղորդագրության այդ թեմայով հրապարակումներ անել։

Այս ֆոնին ավագ լեյտենանտ Ահմադովի մահվան մասին հրապարակումը պետական կամ իշխանամետ լրատվամիջոցներում մի պահ տպավորություն ստեղծեց, թե այս միջադեպն այն եզակիներից է, որոնց լուսաբանվելու պաշտոնական թույլտվություն կա և որի մասին Ադրբեջանի ՊՆ-ն որոշել է հայտնել՝ ստեղծելու համար տպավորություն, թե չի թաքցնում կորուստները սեփական բնակչությունից։ Հետագա իրադարձությունները, սակայն, փաստեցին հակառակը։

Մարտի 29-ի երեկոյան սույն թեմայով հրապարակումները նշված կայքերից արդեն իսկ հեռացված էին։ Այնուամենայնիվ Google որոնողական համակարգի տվյալների բազայում դեռ պահպանվել են ինչպես «ԱՊԱ», այնպես էլ «Ազերթաջ» գործակալությունների տեղադրած, իսկ այնուհետև հեռացված հրապարակումները։

APA-480x287

«ԱՊԱ» գործակալության՝ հեռացված հրապարակումը

Ենթադրաբար, «ԱՊԱ» գործակալությունում՝ տեսնելով, որ տեղեկությունը հրապարակած է պետական «Ազերթաջում», եզրակացրել են, որ ՊՆ-ից կա դրա թույլտվությունը ու իրենք ևս հայտնել են ավագ լեյտենանտ Ահմադովի սպանվելու լուրը։ Իսկ թե ինչու է «Ազերթաջն» իր հերթին հայտնել այդ կորստի մասին, հավանական վարկած է առաջ քաշել լրագրող Էմիլ Սանամյանը, ով ենթադրել է, որ Լենքորանից ուղարկված ռեպորտաժը դուրս է մնացել գրաքննությունից, քանի որ շաբաթ երեկոյան Բաքվի խմբագրությունում թեմայի սահմանափակումներից տեղյակ խմբագիր չի եղել։

Նշենք, որ սա առաջին նմանատիպ դեպքը չէ. մարտի 24-ին արդբեջանական Moderator.az լրատվակայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնեց, որ Ջալիլաբադի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Յուսիֆով Սեմերխան Էթիբար օղլուն սպանվել է ծառայակցի գնդակից։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այս տեղեկությունը որևէ կերպ չմեկնաբանեց, իսկ հաջորդ օրը հրապարակումն արդեն հեռացված էր կայքից։ Google համակարգի տվյալների բազայում այն ևս առայժմ պահպանվել է։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս