Ղրիմում դադարեցվել է տեղի թաթարների ATR հեռուստաալիքի հեռարձակումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմում դադարեցվել է տեղի թաթարների ATR հեռուստաալիքի հեռարձակումը, քանի որ այն չի կարողացել սահմանված ժամկետում անցնել վերագրանցում՝ համաձայն ռուսական օրենսդրության: Այս մասին հայտարարել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Էլզար Իսլյամովան:
Ավելի վաղ ATR-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու զանգվածային հաղորդակցությունների վերահսկողության դաշնային գործակալությունը (Роскомнадзор) ձգձգել է գրանցման մասին իրենց հայտարարությունը: Հեռուստաալիքն աշխատել է դեռևս Ուկրաինայի պաշտոնական մարմինների տված լիցենզիայի հիման վրա:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի օրենսդրությունը պահանջում է ռուսական լիցենզիայի ստացում, ինչը և պետք է արվեր մինչև ապրիլի 1-ը: Հակառակ դեպքում հեռուստաալիքը չի կարող շարունակել աշխատանքը: Հեռուստաալիքի հեռարձակումն անջատվել է ուղիղ կեսգիշերին: