Ծիծեռնակաբերդում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը: Առաջինը հերթապահությունը ստանձնել են Երևանի թիվ 42 դպրոցի սաները:
Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախաձեռնությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է, որը արժանացել է պետական հանձնաժողովի հավանությանը: «Ապրիլի 1-ից 23-ը, ժամը 10-ից 18-ը աշակերտները հերթափոխով կոգեկոչեն ցեղասպանության զոհերի հիշատակը: Բնական էր այս պոռթկումը, ցանկությունը: Մեծ քարոզչական աշխատանք չէր պահանջում. գաղափարը միանգամից ընկալվեց բոլոր դպրոցների կողմից»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ծնողների մեծամասնությունը ևս ողջունել է վերոնշյալ արարողակարգը:
«Ակնհայտ է, որ «Պատվո պահակ» հերթապահության մասնակիցների մոտ կա հուզմունք, պատմական հիշողություն և այստեղ կանգնելու հպարտություն: Այս նախաձեռնության մեջ մենք ներառել ենք ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցները: Այս տարի միայն մայրաքաղաքի դպրոցներն են մասնակցում, բայց ունենք հայտեր, որ մարզերից էլ մասնակցեն: Այնքան մեծ էր աջակցությունը, որ մեզ խնդրում են, որ ակցիան դեռ չմեկնարկած` այն դառնա ավանդական, և մենք ամեն տարի իրականացնենք այս միջոցառումը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ նման արարողակարգ կա նաև այլ երկրներում:
Նախարարի խոսքով` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն պատասխանատվություն է վերցնել իրականացնել ինչպես ցեղասպանության տարելիցի պետական հանձնաժողովի հիմնական ծրագրերը ոլորտում, այնպես էլ այլ ծրագրեր, որոնք պետական ծրագրերի մաս չեն, բայց նույնպես ոգեկոչման և պայքարի մասն են հանդիսանում: «Պետական ծրագրերից հիշեցնեմ, որ այս ամսվա ընթացքում մենք դպրոցներում կունենանք անմոռուկների պատրաստման դաս, որին կմասնակցեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի մարդիկ: Մենք պատրաստվում ենք մեր աշակերտների ձեռքով 1,5 միլիոն անմոռուկ ստեղծել, և դրանք բաժանել ապրիլի 24-ին: Ուզում ենք նաև հատկապես ավագ դպրոցների աշակերտների հետ խոսել Համահայկական հռչակագրի մասին: Բացի այդ, մեր դպրոցներն ակտիվ մասնակցում են «Պատմիր քո պատմությունը» նախաձեռնությանը. մեր աշակերտները բաց շարադրության միջոցով պատմում են իրենց ընտանիքի կամ ծանոթների՝ ցեղասպանության հետ կապված պատմությունները»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ միջոցառումները չեն սահմանափակվում միայն դպրոցներով:
«Բուհական կոնֆերանսներ, երիտասարդական միջոցառումներ ևս կլինեն: Բացի այդ, շատ կարևոր ենք համարում արտերկրում մեր աշխատանքը՝ ոչ միայն սփյուռքահայ գաղթօջախներում, այլ հենց արտասահմանցիների հետ: Ես մի անգամ ակնարկել եմ, որ մի շարք եվրրոպական և ամերիկյան երկրներում սեպտեմբերի 1-ից Հայոց ցեղասպանության մասին դասընթաց կամ բաց դասեր կլինեն: Չեխիայում, օրինակ, բաց դասի կուրս է մշակվել: Որոշ տեղերում Հայոց ցեղասպանության հիշատակումը կներառվի պատմության դասագրքերում, որոշ երկրներում էլ՝ հավելյալ ժամ՝ հատկացված այս ողբերգությանը»,-ամփոփել է նախարարը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն