Ֆիննական կրթական համակարգի 7 սկզբունքները
«Կամ մենք պատրաստում ենք կյանքի համար, կամ քննությունների. մենք ընտրում ենք 1-ինը»
Միջազգային հետազոտությունների համաձայն, որոնք 3 տարին մեկ անցկացնում է տնտեսական համագործակցության և զարգացման հեղինակավոր կազմակերպությունը, ֆինն դպրոցականները ցուցաբերել են աշխարհում ամենաբարձր կրթական մակարդակը։ Նրանք նաև մոլորակի ամենակարդացող երեխաներն են, բնական գիտությունների ցուցանիշով աշխարհում 2-րդն են, մաթեմատիկայի ցուցանիշով՝ 5-րդը։
Բայց նույնիսկ դա չէ մանկավարժական ընկերակցությանը հիացնողը։ Անհավատալի է, բայց այդպիսի բարձր արդյունքներ նրանք ունեն՝ ամենից քիչ ժամանակահատվածը դպրոցում անցկացնելով։
Ֆինլանդիայում միջին հանրակրթական պարտադիր ուսուցումը ներառում է երկաստիճան դպրոց՝
- ստորին՝ 1-6-րդ դասարաններ
- վերին՝ 7-9-րդ դասարաններ
Լրացուցիչ 10-րդ դասարանում սովորողները կարող են բարելավել իրենց գնահատականները։ Ապա երեխաներն ուղարկվում են կամ պրոֆեսիոնալ քոլեջ, կամ լիցեյ՝ շարունակելու ուսումը (11-12-րդ դաս.)։
Ֆիննական կրթական համակարգի միջին աստիճանի 7 սկզբունքները
1. Հավասարության սկզբունքը
ա. Դպրոցների հավասարությունը
Ֆինլանդիայում չկան ոչ էլիտար, ոչ էլ թույլ դպրոցներ։ Երկրի ամենախոշոր դպրոցում սովորում է 960 աշակերտ, ամենափոքրում՝ 11։ Բոլորն ունեն բացարձակապես նույն կահավորանքը, հնարավորությունները և հավասարաչափ ֆինանսավորումը։
Գրեթե բոլոր դպրոցները պետական են. կան քիչ թվով մասնավոր-պետական դպրոցներ։ Բացի այն, որ ծնողները մասնավոր վճարում են կատարում, այստեղ աշակերտներից ավելի շատ են պահանջում։ Որպես կանոն՝ սրանք ինքնատիպ մանկավարժական լաբորատորիաներ են, որոնք հետևում են մանկավարժական որևէ ընտրված մեթոդի՝ Ֆրենեի, Մորտանի, Մոնթեսորիի և Վալդորֆյան դպրոցի։ Մասնավորներին են պատկանում այն կրթական հաստատությունները, որոնցում ուսուցումը տարվում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով։ Հետևելով հավասարության սկզբունքին՝ Ֆինլանդիայում գոյություն ունի նաև շվեդերենով տարվող ուսուցում՝ սկսած մանկապարտեզից՝ մինչև համալսարան։ Անտեսված չեն նաև սաամ ժողովրդի շահերը. երկրի հյուսիսում ուսուցումը տարվում է նրանց մայրենի լեզվով։ Մինչև վերջին ժամանակները ֆիններին արգելված էր դպրոց ընտրել. նրանք պետք է հաճախեին մոտակա դպրոցը։ Արգելքը հանել են, բայց շատ ծնողներ, սովորության համաձայն, երեխաներին սովորելու ուղարկում են մոտակա դպրոց։
բ. Բոլոր ուսոմնական առարկաների հավասարությունը
Այս կրթական համակարգում չի խրախուսվում մի առարկայի խորացված ուսուցումը մյուսի հաշվին: Այստեղ չեն մտածում, որ մաթեմատիկան ավելի կարևոր առարկա է, քան, ասենք, նկարչությունը: Ընդհակառակն, հատուկ օժտված երեխաներով առանձին դասարան բացելու միակ բացառությունը նկարչության, սպորտի և երաժշտության նկատմամբ ունեցած հետաքրքրությունն է:
գ. Ծնողների հավասարության սկզբունքը
Թե ովքե՞ր են երեխայի ծնողները, կամ ի՞նչ սոցիալական խավի են պատկանում նրանք, ուսուցիչներն իմանում են ամենավերջում՝ ըստ անհրաժեշտության: Ուսուցիչների հարցերը կամ տեղեկանքները ծնողների աշխատավայրի մասին խստիվ արգելված են:
դ. Աշակերտների հավասարության սկզբունքը
Ֆիններն աշակերտներին չեն տեսակավորում՝ ըստ ընդունակությունների կամ մասնագիտական նախապատվությունների: Չկան նաև, այսպես կոչված, «լավ» և «վատ» աշակերտներ: Խստիվ արգելված է աշակերտներին համեմատել միմյանց հետ: Միասին սովորում են ընդունակ և ոչ այնքան, ֆիզիկապես առողջ և հաշմանդամի սայլակին գամված երեխաներ: Սովորական դպրոցում հնարավոր է՝ ստեղծվի լսողական կամ տեսողական օրգանների հետ կապված խնդիրներ ունեցող աշակերտներով դասարան: Ֆիններն աշխատում են մաքսիմալ ինտեգրել այն աշակերտներին, ովքեր հատուկ ուշադրության կարիք ունեն:
ե. Ուսուցիչների հավասարությունը
Այստեղ չկան սիրված կամ չսիրված ուսուցիչներ: Ուսուցիչները նույնպես հոգեկան կապվածություն չունեն իրենց դասարանի հետ, չեն առանձնացնում սիրելի և ոչ այնքան ընդունելի աշակերտներին:
Համընդհանուր մոտեցումներից ցանկացած շեղում անխուսափելիորեն հասցնում է տվյալ ուսուցչի հետ պայմանագրի խզման:
զ. Հասուն մարդու (ուսուցիչ, ծնող) և երեխայի հավասարության սկզբունքը
Ֆինները սա անվանում են «աշակերտի նկատմամբ հարգալից վերաբերմունքի» սկզբունք: Երեխաներին, սկսած 1-ին դասարանից, բացատրում են իրենց իրավունքները, այդ թվում՝ սոցիալական աշխատողին մեծերի դեմ բողոքելու՝ իրենց իրավունքը: Սա ֆինն ծնողների համար խթան է հանդիսանում՝ հասկանալու, որ իրենց երեխան անհատականություն է, որին չի կարելի նեղացնել ո՛չ խոսքով, ո՛չ էլ, առավել ևս, գոտիով: Իսկ ֆիննական աշխատանքային օրենսգրքով ընդունված օրենքները ֆինն ուսուցիչներին թույլ չեն տալիս ստորացնել աշակերտներին:
Գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուսուցիչներն աշխատանքային պայմանագիր ստորագրում են 1 տարով՝ այն հետագայում երկարաձգելու հնարավորությամբ, ինչպես նաև ստանում են շատ բարձր աշխատավարձ. սկսած 2500 եվրոյից՝ օգնականները, 5000 եվրոյից՝ առարկան դասավանդող ուսուցիչները:
2. Անվճարության սկզբունքը
Բացի բուն ուսուցումից՝ անվճար են նաև ճաշերը, էքսկուրսիաները, թանգարանային և այլ արտադասարանական միջոցառումների հաճախումները, երեխաներին դպրոց բերող-տանող ավտոբուսը, դասագրքերը, գրենական պիտույքները, հաշվիչները և նույնիսկ նոութ-բուքերն ու պլանշետները: Որևէ պատճառով գումար հավաքել ծնողներից չի կարելի:
3. Անհատական մոտեցման սկզբունքը
Յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է ուսուցման և զարգացման անհատական պլան: Դա վերաբերում է օգտագործվող դասագրքերի, վարժությունների բովանդակությանը, դասարանական և տնային աշխատանքների քանակին և դրանց հատկացված ժամանակին, ինչպես նաև մատուցվող նյութին: Դասի ժամանակ միևնույն դասարանի աշակերտները կարող են կատարել տարբեր առաջադրանքներ: Եվ գնահատվում են նրանք նույնպես՝ ըստ իրենց ունակությունների:
Այն, ինչ մեզ մոտ կոչվում է «կրկնուսույցի վճարովի աշխատանք», ֆիննական դպրոցներում անվանվում է «թույլ աշակերտների աջակցման դասընթաց», և դա արվում է բացարձակապես անվճար՝ դասի ընթացքում կամ դրանից հետո:
4. Պրակտիկությունը
Ֆիններն ասում են. «Կամ մենք պատրաստում ենք կյանքի համար, կամ քննություն հանձնելու. մենք ընտրում ենք 1-ինը»:
Դրա համար էլ ֆիննական դպրոցներում քննություններ չկան, իսկ ստուգողական աշխատանքներն ու ընթացիկ թեստերը թողնված են ուսուցչի հայեցողությանը: Գոյություն ունի միայն 1 պարտադիր ստանդարտ թեստ, որն աշակերտները հանձնում են միջին հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո: Ընդ որում, դրա արդյունքներին ուսուցիչները կարևորություն չեն տալիս, արդյունքների համար ոչ մեկի առաջ հաշվետու չեն և աշակերտներին այդ քննությանը հատուկ չեն պատրաստում:
Դպրոցում ուսուցանում են միայն այն, ինչը կարող է պետք գալ կյանքում: Այստեղ երեխաները դեռ փոքր ժամանակվանից գիտեն՝ ինչ է պորտֆոլիոն, պայմանագիրը, բանկային քարտը և այլն: Կարողանում են հաշվել ստացած ժառանգության հարկերի տոկոսները կամ ապագայում վաստակելիք շահույթի չափը, համացանցում ստեղծել կայք-այցեքարտ, և այլն:
5. Վստահություն
Կա վստահություն 1-ին հերթին՝ ուսուցիչների և դպրոցում աշխատող այլ անձանց հանդեպ: Չկան ստուգումներ, մեթոդիստներ, սովորեցնողներին սովորեցնել սովորեցնող հանձնախմբեր, կրթության վարչություններ և այլն: Երկրում գործում է միասնական կրթական ծրագիր, սակայն այն իրենից ներկայացնում է միայն ընդհանուր մոտեցումների փաթեթ, և յուրաքանչյուր մանկավարժ ուսուցման համար կիրառում է այն մեթոդը, որը հարմար է գտնում:
Վստահություն կա նաև երեխաների նկատմամբ: Նրանք դասերի ժամանակ կարող են զբաղվել նաև իրենց դուր եկած ինչ-որ բանով:
Օրինակ՝ եթե գրականության դասին ուսումնական ֆիլմ է միացված, բայց աշակերտին այն հետաքրքիր չէ, նա կարող է գիրք կարդալ: Համարվում է, որ աշակերտն ինքը պետք է որոշի՝ ինչն է իր համար ավելի օգտակար:
6. Կամավորության սկզբունքը
Սովորում է նա, ով ուզում է սովորել: Ուսուցիչները, իհարկե, աշխատում են աշակերտի մեջ սովորելու նկատմամբ հետաքրքրություն սերմանել, սակայն, եթե չի հաջողվում, ապա անբավարար գնահատականներով չեն պատժում: Նրան ուղղորդում են պրակտիկ մասնագիտություն ստանալու: Այստեղ ֆինները ևս միջնակարգ դպրոցի խնդիրն են տեսնում. այն պետք է վաղ շրջանում ի հայտ բերի, թե իմաստ ունի՞ արդյոք երեխայի հետագա պրոֆեսիոնալ կրթությունը, թե՞ նրան բավարար են մինիմալ գիտելիքներ:
Թեստերի և զրույցների միջոցով յուրաքանչյուր երեխայի նախասիրություններն ու ընդունակությունները պարզելու գործով զբաղվում է դպրոցական հաստիքային մասնագետը:
Բոլոր բաց թողած դասաժամերը ենթակա են վերականգնման:
Օրինակ՝ 6-րդ դասարանի աշակերտի համար ուսուցիչը կարող է «պատուհան» գտնել դասացուցակում և նրան դասի նստեցնել, ասենք, 2-րդ դասարանում: Թող նստի և ձանձրանա ու մտածի կյանքի մասին: Երեխաներին խանգարելու դեպքում դասաժամն անցած չի հաշվվի: Երեխայի չսովորելու դեպքում ոչ ոք ծնող չի կանչի, առավել ևս՝ երեխային չի վիրավորի ու պիտակավորի: Եթե ծնողներն իրենք հետաքրքրված չեն իրենց երեխայի ուսմամբ, ապա նա հանգիստ չի փոխադրվի հաջորդ դասարան:
Երկտարեցիությունը Ֆինլանդիայում ամոթալի չէ, հատկապես՝ 9-րդ դասարանից հետո: Հասուն կյանքին պետք է պատրաստվել հանգամանորեն: Այդ պատճառով էլ Ֆինլանդիայում գոյություն ունի ոչ պարտադիր 10-րդ դասարանը:
7. Ինքնուրույնությունը
Ֆինները կարծում են, որ դպրոցը երեխային պետք է սովորեցնի գլխավորը՝ ապագա ինքնուրույն, հաջողակ կյանքի ճանապարհը: Այդ պատճառով էլ այստեղ սովորեցնում են մտածել և ինքնուրույնաբար գիտելիքներ ստանալ:
Նոր դասն ուսուցիչը չի բացատրում. ամեն ինչ հանգամանորեն արդեն բացատրված է դասագրքի մեջ: Ուսուցիչը սովորեցնում է՝ ինչպես օգտվել տեղեկատուից, տեքստից, համացանցից, հաշվիչից և կրթական այլ միջոցներից:
Ուսուցիչները չեն խառնվում աշակերտների միջանձնային կոնֆլիկտներին՝ նրանց թույլ տալով հմտանալ խնդիրներն ինքնուրույնաբար հարթելու գործում:
Ե՞րբ և ինչքա՞ն են սովորում ֆինն դպրոցականները
Ֆինլանդիայում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 8-16-ը. միասնական օր չկա: Ավարտվում է մայիսի վերջին: Աշնանային կիսամյակում քառօրյա աշնանային արձակուրդ կա, ապա՝ 2 շաբաթ՝ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Գարնանային կիսամյակը ներառում են երկշաբաթյա փետրվարյան-դահուկային արձակուրդներ, երբ ֆիններն ընտանիքներով մեկնում են դահուկ քշելու, և Զատկի տոնի արձակուրդներ: Ուսումնական շաբաթվա տևողությունը 5 օր է, սովորում են միայն ցերեկային ժամերին: Ուրբաթը կարճ օր է:
Ե՞րբ և ի՞նչ են սովորում ֆինն դպրոցականները
1-2-րդ դասարաններում՝ մայրենի լեզու և ընթերցանություն, մաթեմատիկա, բնագիտություն, կրոն կամ կյանքի հասկացողություն, աշխատանքի ուսուցում և ֆիզկուլտուրա:
3-6-րդ դասարաններում սկսվում է՝ անգլերենի, իսկ 4-րդ դասարանում՝ ևս մեկ օտար լեզվի՝ ֆրանսերենի, շվեդերենի, գերմաներենի կամ ռուսերենի ուսուցումը: Ներմուծվում է 1 հմտության պարտադիր ուսուցում: Դա կարող է լինել ստեղնաշարի վրա տպելու արագություն, համակարգչային գրագիտություն, փայտով աշխատելու հմտություն, երգչախմբային երգեցողություն և այլն:
Գրեթե բոլոր դպրոցներում պարտադիր է երաժշտական որևէ գործիքի տիրապետելը: 9 տարիների ընթացքում ֆինն դպրոցականները նվագում են ամեն ինչ՝ շվիից՝ մինչև թավջութակ:
5-րդ դասարանում ավելանում են կենսաբանությունը, աշխարհագրությունը, ֆիզիկան, քիմիան, պատմությունը: Ֆիզկուլտուրայի դասը շաբաթը 3 անգամ որևէ սպորտային խաղ խաղալն է: Դասից հետո լոգանք ընդունելը պարտադիր է: Գրականության դասն ավելի շուտ ընթերցանություն է, քան դաս՝ մեր պատկերացումներով:
1-6-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդում է նույն ուսուցիչը: Առարկայական ուսուցիչների գործունեությունը սկսվում է 7-րդ դասարանից:
7-9-րդ դասարաններում ուսուցանում են ֆիններեն լեզու և գրականություն (ընթերցանություն, երկրամասի մշակույթ), շվեդերեն, անգլերեն, մաթեմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, առողջապահության հիմունքներ, կրոն, երաժշտություն, ֆիզկուլտուրա, աշխատանքի ուսուցում, ըստ աշակերտների ընտրության՝ առարկաներ, և այլն:
Աշխատանքի ուսուցումը տարվում է տղաների և աղջիկների հետ համատեղ: Բոլորը միասին սովորում են, օրինակ, ճաշ եփել և սղոցով աշխատել:
9-րդ դասարանում տեղի է ունենում «երկշաբաթյա ծանոթություն աշխատանքային կյանքի հետ»: Երեխաները գտնում են ցանկացած աշխատավայր և և հաճույքով գնում աշխատելու:
Ո՞ւմ են պետք գնահատականները
Երկրում գործում է գնահատման 10 բալանոց համակարգ, բայց մինչև 7-րդ դասարան կիրառվում է գնահատման բանավոր ձևը՝ միջակ, բավարար, լավ, գերազանց: 1-3-րդ դասարաններում ցանկացած տեսակի գնահատականներ բացակայում են:
Բոլոր դպրոցները միացած են «Wilma» պետական էլեկտրոնային համակարգին, ինչն իրենից իր տեսակի մեջ էլեկտրոնային օրագիր է ներկայացնում: Ծնողներն ունեն այդ օրագրերը տեսնելու հնարավորություն՝ յուրաքանչյուրն իր անձնական կոդի մուտքագրմամբ: Ֆինլանդական էլեկտրոնային օրագրերում մանկավարժները նշանակում են գնահատականներ, նշվում են բացակայությունները, տեղեկություն է հաղորդվում աշակերտի՝ դպրոցում վարած կյանքի մասին: Հոգեբանը, սոցիալական աշխատողը, այսպես կոչված, «ապագայի աշխատողը», ֆելդշերը նույնպես անհրաժեշտ գրառումներ կատարում են:
Ֆիննական դպրոցներում գնահատականները բացառապես աշակերտներին մոտիվացնող նշանակություն ունեն: Դրանք ոչ մի կերպ չեն անդրադառնում ո՛չ ուսուցչի, ո՛չ էլ դպրոցի հեղինակության վրա:
Այլ մանրուքներ
Դպրոցի տարածքը ցանկապատված չէ, մուտքի մոտ պահակախումբ չկա: Դպրոցների մեծ մասը մուտքի դռան վրա ունի ավտոմատ փական, և դպրոց մուտք գործել կարելի է միայն՝ ըստ դասացուցակի: Երեխաները պարտադիր չեն նստում նստարանների շուրջ. կարող են նստել նաև հատակի գորգերին: Որոշ դպրոցներում նաև բազմոցներ կան:
Դպրոցական համազգեստ չկա, չկան նաև հագուստի սահմանափակումներ. կարող ես դպրոց գնալ անգամ գիշերազգեստով: Փոխնորդ կոշիկը պարտադիր է, սակայն տարրական և միջին դպրոցների աշակերտները գերադասում են վազվզել գուլպաներով:
Տաք եղանակին դասերը հաճախ անցկացվում են շենքից դուրս՝ հենց խոտերի վրա, կամ ամֆիթատրոնի ձևով տեղադրված հատուկ նստարանների վրա: Դասամիջոցների ժամանակ ցածր դասարանների աշակերտներին պարտադիր դուրս են բերում մաքուր օդ շնչելու թեկուզ 10 րոպեով: Տնային աշխատանք հազվադեպ են հանձնարարում: Երեխաները պետք է հանգստանան: Եվ ծնողները չպետք է երեխաների հետ դասերը պատրաստեն: Դրա փոխարեն՝ մանկավարժները խորհուրդ են տալիս ընտանիքներով թանգարան, անտառ կամ լողավազան հաճախել:
Մեզանում ընդունված «Եկ գրատախտակի մոտ» արտահայտությունը ֆիննական դպրոցներում ակտուալ չէ: Ուսուցիչը կարճ հաղորդում է տվյալ դասի ընդհանուր մոտեցումների վերաբերյալ հանձնարարականներ, ապա շրջում է՝ օգնելով աշակերտներին և վերահսկելով հանձնարարված աշխատանքի ընթացքը:
Դրանով է զբաղվում նաև ուսուցչի օգնականը (ֆիննական դպրոցներում այդպիսի պաշտոն կա): Տետրերում կարելի է գրել մատիտով և ջնջել, ինչքան ուզում ես: Ֆինները չեն համարում, որ իրենց կրթական համակարգը կատարյալ է: Նրանք անընդհատ հետազոտություններ են անցկացնում՝ պարզելու համար, թե ինչ ծրագրեր կամ մեթոդներ կարող են լինել՝ ավելի էֆեկտիվ ուսումնական գործընթացը կազմակերպելիս:
Սակայն մի շատ կարևոր հանգրվանի ֆինները հասել են: Նրանց երեխաները հաճույքով են դպրոց գնում, դաս սովորելը նրանց համար նյարդայնանալու պատճառ չէ, չեն երազում շուտ մեծանալ, որպեսզի դպրոց չգնան:
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ