Բաժիններ՝

Նովրուզն ու փոխարժեքը

Եվ այսպես, դոլարի փոխարժեքը Հայաստանում սկսում է թուլանալ: Պրոցեսը սկսվել է մարտի 21-ից։ Ավելի ճիշտ կլինի ասել` ոչ թե դոլարն է թուլանում, այլ հայկական դրամն է արժևորվում։

Այսպես, մինչև մարտի 20-ը Կենտրոնական բանկի կողմից հայտարարվող դոլարի պաշտոնական փոխարժեքը կայունացել էր 479-480 դրամի շուրջ։ Մարտի 21-ից այն սկսեց իջնել և երեկվա` մարտի 27-ի դրությամբ, 1 դոլարի պաշտոնական փոխարժեքն արդեն կազմում էր 471.63 դրամ (տես գծապատկերը):

Բորսայում, բնականաբար, նույն պատկերն է։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում երեկ` մարտի 27-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.51 դրամ (վաճառվել է ընդհանուր առմամբ 8 միլիոն 800 հազար դոլար)։ Փաստորեն, շաբաթվա ընթացքում հայկական դրամի բորսայական փոխարժեքը դոլարի նկատմամբ արժևորվել է ավելի քան 6 դրամով։ Կանխիկ շուկայում` բանկերում և փոխանակման կետերում, դոլարը երեկ գնվում էր միջինը 469 դրամով, վաճառվում` 474 դրամով:

Եվրոյի դեպքում պատկերն այլ է։ Մարտի սկզբին եվրոյի պաշտոնական փոխարժեքը շուրջ 537 դրամ էր։ Մինչև մարտի կեսը եվրոն զգալիորեն թուլացավ` հասնելով 506 դրամի, հետո կրկին սկսեց բարձրանալ։ Մարտի 26-ին փոխարժեքը հասավ մինչև 521 դրամի։ Սակայն երեկ` մարտի 27-ին, եվրոպական արժույթը թուլացավ միանգամից 10 դրամով. ԿԲ-ն սահմանեց 510.35 դրամ փոխարժեք։ Կանխիկ շուկայում եվրոն երեկ գնվում էր միջինը 507 դրամով, վաճառվում` 517 դրամով։

bab-dollar-euro

Եվ վերջապես անդրադառնանք ռուսական ռուբլուն։ Մարտի առաջին կեսին ռուբլու հաշվարկային փոխարժեքը համեմատաբար կայուն էր` 7.7-7.8 դրամի սահմաններում։ Ռուսական արժույթը նույնպես մարտի կեսից սկսեց համեմատաբար ամրապնդվել և մարտի 23-ին հատեց 8 դրամի շեմը (ռուբլու փոխարժեքն առավելագույն 8.15 դրամ եղել է միայն հունվարի առաջին 10 օրվա ընթացքում, երբ ԿԲ-ն ու պետական կառույցներն արձակուրդի մեջ էին)։ ԿԲ-ի սահմանած փոխարժեքը ռուբլու համար երեկ կազմել է 8.19 դրամ։

Վերադառնանք, սակայն, դոլարին, քանի որ մեր հաշվարկների մեջ (պետական ու մասնավոր) առաջնային դերը պատկանում է հենց դոլարին։ Դոլարով է չափվում մեր պետական պարտքը, արտաքին առևտրի ցուցանիշները, խնայողությունների ու վարկերի մեծ մասը նույնպես դոլարով է։ Եվ այսպես, ինչո՞ւ է դոլարն արժեզրկվում դրամի նկատմամբ (կամ` ինչո՞ւ է դրամն արժևորվում)։

Առաջին հայացքից` դրամի արժևորման պատճառներ չկան։ Դրսից եկող մասնավոր դրամական փոխանցումները շարունակում են պակասել, արտահանումն էապես կրճատվել է։ Այսինքն` երկիր մտնող արտարժույթի ծավալը նվազել է։ Կենտրոնական բանկը լրացուցիչ պահանջներ չի դրել բանկերի առաջ` ստիպելով ավելի շատ դոլար վաճառել։ Միակ տրամաբանական բացատրությունը մնում է Նովրուզը` իրանցիների նոր տարին։

Այսինքն` այս օրերին Հայաստան են ժամանում հազարավոր իրանցիներ` բնականաբար, իրենց հետ բերելով և այստեղ ծախսելով որոշակի քանակի արտարժույթ (հիմնականում` ԱՄՆ դոլար)։ Առաջանում է դոլարի առաջարկի ավելցուկ, ինչը բերում է դոլարի արժեզրկման։ Մանավանդ որ, Նովրուզի սկիզբը` մարտի 21-ը, համընկնում է դրամի արժևորման փուլի հետ։

Կարո՞ղ էր արդյոք Նովրուզը նպաստել, որ դրամը մի քանի օրում ամրապնդվի ավելի քան 6 կետով։ Միանշանակ ասելը դժվար է, սակայն կարելի է մոտավոր հաշվարկներ անել։ Ամեն տարի Հայաստան է այցելում միջինը 100-110 հազար իրանցի զբոսաշրջիկ։ Նախորդ տարիների վիճակագրության համաձայն` 2012թ. Հայաստան է այցելել` 111 հազար, 2013-ին` 95 հազար, 2014-ին` 110 հազար իրանցի: Ըստ փորձագիտական գնահատականների` տարվա ընթացքում այցելողների 20%-ը բաժին է ընկնում հենց Նովրուզին` մարտի վերջին տասնօրյակին։ Եթե ընդունենք, որ իրանցիների այս տարվա ներհոսքը համարժեք է նախորդ տարվան, ապա կարող ենք ասել, որ այս օրերին Հայաստանում իրենց հանգիստն անցկացնում են, կոպիտ հաշվարկներով, 20-25 իրանցի զբոսաշրջիկներ։

Կրկին` նույն փորձագիտական գնահատականների համաձայն, նրանք այստեղ անցկացնում են 7-10 օր և այդ ընթացքում ծախսում միջինը 1000 ԱՄՆ դոլար։ Այսինքն` Նովրուզի օրերին Հայաստան է մտնում 20-25 միլիոն դոլարի լրացուցիչ արտարժույթ։ Հաշվի առնելով, որ հոսքը դեռ շարունակվում է, եկած զբոսաշրջիկների մեծ մասն էլ դեռ այստեղ է (այսինքն` դեռ ամբողջությամբ չեն ծախսել իրենց գումարները), կարելի է ասել, որ այս ընթացքում Հայաստան է մտել 15-20 միլիոն դոլար, որն անմիջապես փոխարկվել է հայկական դրամի և ուղղվել սպառմանը։

Եթե այդ 15-20 միլիոնի պատճառով դրամն արժևորվել է ավելի քան 6 դրամով, ապա կարող ենք եզրակացնել, որ իրանցիները յուրահատուկ «արտարժութային ինտերվենցիա» են իրականացրել։ Ընդ որում, բավականին հաջող։ Կարելի է ասել` նրանք որոշակի «ֆոռա» են տվել մեր ֆինանսական համակարգին` մի թեթև վերականգնելով վստահությունը հայկական դրամի նկատմամբ։ Թե այս ամենն ինչպես կազդի ավանդատուների և բանկերի վարքագծի վրա, դժվար է ասել։

Ամեն դեպքում, պետք է նկատի ունենալ, որ Նովրուզի էֆեկտը ժամանակավոր է։ Ու թեպետ փոխարժեքի հարցում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, ամեն դեպքում համարձակվենք ենթադրել, որ ապրիլին հայկական դրամը կշարունակի արժեզրկվել, որովհետև փոխարժեքի վրա ազդող գործոնները` արտաքին առևտուրը, ներդրումներն ու տրանսֆերտները, հենց այդ մասին են վկայում։

Ի դեպ, այս Նովրուզը բացահայտեց մի շատ տխուր իրողություն։ Մամուլի որոշ հրապարակումների համաձայն` իրանցիներից շատերն այս տարի դժգոհել են գների թանկացումից։ Այն, որ գները թանկացել են, բոլորս գիտենք։ Սակայն իրանցիների համար դա պետք է նկատելի չլիներ։ Որովհետև նրանք այստեղ գալիս են դոլարներով։ Նրանք, բնականաբար, այս տարվա մարտի գները համեմատում են անցած տարվա մարտի հետ։

Անցած տարվա մարտին 1 ԱՄՆ դոլարն արժեր 415 դրամ, հիմա` 470 դրամ։ Այսինքն` 1000 դոլարը մանրելով` նրանք այս տարի իրենց տրամադրության տակ ունենում են 65 հազար դրամով ավելի շատ գումար։ Սա նշանակում է, որ Հայաստանում անցկացրած հանգիստը նրանց համար պետք է էժանացած լիներ 15-16%-ով։ Լավ, եթե հաշվի առնենք, որ ըստ ՀՀ պաշտոնական վիճակագրության` 12-ամյա գնաճը Հայաստանում 5-6% է, միևնույն է` դոլար ծախսող զբոսաշրջիկի համար հայաստանյան գները պետք է 10%-ով էժանացած լինեին։

Բայց արի ու տես, որ նրանք բողոքում են թանկացումից։ Իհարկե, այն, որ պաշտոնական վիճակագրության արձանագրած գնաճի ցուցանիշը, մեղմ ասած, հեռու է ՀՀ քաղաքացիների պատկերացումներից` գաղտնիք չէ։ Իսկ իրանցիների դժգոհությունը, այսպես ասած, կողմնակի գնահատական է իրավիճակին։ Ու եթե մենք «փախչելու տեղ չունենք», ապա իրանցիներն իրենց գնահատականի ճշմարտացիությունը կապացուցեն կոնկրետ վարքագծով` հանգիստն անցկացնելով հարևան Վրաստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս