«ՀՀ-ի միակ հնարավորությունը ՌԴ-ում դիկտատուրայի և Պուտինի անկումն է»

Հարցազրույց ԱՄՆ Լիբերալների միջազգային շարժման ներկայացուցիչ, հետխորհրդային երկրներում իրականացված հեղափոխությունների փորձագետ Ֆրեդո Արիաս-Քինգի հետ

– Պարոն Արիաս-Քինգ, վերջերս Ռուսաստանում հայտնի լիբերալ գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը հերթական անգամ բացահայտեց հետսովետական տարածքում ներդրված լիբերալ արժեքների կամ դրանց սահմանափակ ներդրվածության սնանկությունը, թեև սա վերջին երկու տասնամյակի զարգացում է։ Չէ՞ որ 1990-ական թթ. սկզբին հետսովետական բոլոր երկրներում, հատկապես` Ռուսաստանում, կար բարեփոխումների, լիբերալ արժեքների ամբողջական ներդրման ձգտում, որոնց մասին Ձեր հարցազրույցներում խոսել եք նաև Դուք։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, այդ զարգացումը կանգ առավ, ավելին` հակառակ գործընթաց սկսվեց հատկապես Հայաստանում։ Որոշ լիբերալ շրջանակների, փորձագիտական հանրության կարծիքով` քաղաքակրթական ետքայլ էր նաև ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին։

– Այդպես է, ամո՛թ այդ երկրների ղեկավարներին, հեղինակավոր անձանց։ Հայաստանը պայքարում էր։ Իմ կարծիքով` Հայաստանը հատուկ օրինակ էր հետսովետական տարածաշրջանում, քանի որ Հայաստանը խնդիրներ ուներ և ունի Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Տեղակայված լինելով ամենախոշոր տարածաշրջաններից մեկում` շրջապատված է պատմական հարևաններով, որոնք իդեալական չեն, ետքայլ էր նաև այն, երբ մեկուկես միլիոն հայ սպանվեց թուրքերի կողմից։ Հայաստանի խնդիրը միշտ գոյությունն է եղել։ Եթե պետք է ՌԴ-ի հետ համաձայնագիր ստորագրվեր, որը պետք է երաշխավորեր ՀՀ անվտանգությունը, գոյությունը, ապա հասկանալի է, բայց, ցավոք, այդ ոլորտում ՌԴ-ն ամենավատ, ամենաապակառուցողական գործընկերներից մեկն է խոշոր երկրների ցանկում։

Եթե Ադրբեջանը, որն անընդհատ մեծացնում է սեփական ռազմական ներուժը, ցանկանում է հարձակվել Հայաստանի վրա և սկսել պատերազմ, ապա վստահ չեմ, որ ՌԴ-ն օգնելու է ՀՀ-ին։ ՌԴ-ն խաղում է էլիտաների խաղ` մի գործընկեր երկրին օգտագործելով մյուսի դեմ։ Իսկ դա նշանակում է, որ վերջնական որոշումը կայացվելու է Վլադիմիր Վլադիմիրովիչի կողմից վերջին պահին, այսինքն` այն երաշխիքները, որոնց մասին խոսում ենք, երաշխիքներ են թղթի վրա։ Երբ դուք ստորագրում եք պայմանագիր ԱՄՆ-ի հետ, դա ավելի շատ է երաշխավորում անվտանգությունը, թեև ոչ ամբողջապես, քանի որ ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ սխալվում է, բայց դա ավելի վստահելի գործընկերություն է, քան ՌԴ-ի դեպքում։ Հայաստանը վատ ընտրությունների մի մեծ շարք ունի։ Իմ համոզմամբ` օգտագործվեց այդ հնարավոր տարբերակներից ոչ ամենալավը, ոչ ամենավատը, ընտրվեց միջին վատ տարբերակը։

Երբ ես հանդիպեցի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նրա տանը` մոտավորապես 10 տարի առաջ, շատ հետաքրքիր խոսակցություն ծավալվեց հենց այդ հարցի շուրջ։ Նա դասական փորձագետ է, ինտելեկտուալ, մտավորական։ Նա նշում էր, որ տարիներ առաջ եղել է հնարավորություն Թուրքիայի տնտեսական և կոմերցիոն հարաբերությունների պայմանագրի վրա աշխատանքներ սկսելու համար, բայց Դաշնակցությունը դա երբեք չէր ների, այնինչ Դաշնակցությունը և՛ ԱՄՆ-ում է, և՛ Ֆրանսիայում, և՛ ժողովրդին կերակրելու խնդիր չունի։ Այնուամենայնիվ, այդ հարցում Տեր-Պետրոսյանի բախտը չբերեց։ Դա միակ օրինակն էր հետսովետական և հետկոմունիստական տարածքում, երբ ժողովրդավարական երկիրը չէր կարողանում կառուցել լավ հարաբերություններ Սփյուռքի հետ, այնինչ Լեհաստանում, Չեխոսլովակիայում դեմոկրատական ուժերը լավ հարաբերություններ էին ստեղծում Սփյուռքի հետ։

Ինչևէ, Հայաստանի աշխարհագրությունն է այս ամենի պատճառը։ Խեղճ Հայաստան։ Հայաստանը կախված է Ռուսաստանից, չունի ընտրության այլ հնարավորություն։ Հարևանները Հայաստանի համար սպառնալիք են, միակ ընկերը Վրաստանն է, բայց, ցավոք, Վրաստանը թույլ երկիր է և ունի խոշորագույն խնդիրներ Ռուսաստանի հետ։ Կա նաև Իրանը, որը թշնամի չէ, բայց չի աջակցի Հայաստանին, եթե Հայաստանը խնդիրներ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ուստի այս իրավիճակում միակ գործընկերը, որը կարող է ինչ-որ կերպ ապահովել անվտանգություն, աջակցել Հայաստանին` Ռուսաստանն է։ Բայց Ռուսաստանը Հայաստանին դնում է կախվածության մեջ, մասնավորապես` տնտեսության ոլորտում։ Դա նշանակում է, որ Հայաստանը կախված է ՌԴ տնտեսական քաղաքականությունից, եթե ՀՀ-ն լիներ Հունաստանի, Բուլղարիայի հարևանությամբ, կհաջողեր բոլոր ոլորտներում, բայց այս տարածաշրջանում չունի այլ ընտրություն։ Խեղճ Հայաստան։

– Այսինքն` ՀՀ արտաքին քաղաքական ընտրությունը Դուք արդարացնում եք, քանի որ, ըստ Ձեզ, այլընտրանքներ չկա՞ն, Հայաստանում կարծիքներ են հնչում, որ այնուամենայնիվ կան։

– Հայաստանը նախկինում հարուստ երկիր էր, ԽՍՀՄ ամենահարուստ երկրներից մեկն էր, հիմա ամենաաղքատ երկիրն է։ Հայաստանի միակ հնարավորությունը, որը հիմա ունի, Ռուսաստանի դիկտատուրայի թուլացումն է, Պուտինի անկումն ու իշխանությանն այլ ուժերի ի հայտ գալը, որոնք թույլ կտան, որ Վրաստանը միանա ՆԱՏՕ-ին, քանի որ, եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի մաս, եթե Վրաստանը կարողանա վերադարձնել իր վերահսկողությունը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի նկատմամբ, եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, ապա Հայաստանը մոտավորապես քսան տարի անց կունենա հնարավորություն այլ տարբերակների` արևմտյան կառույցներին միանալու, քանի որ այդ ժամանակ տարածաշրջանը կլինի շատ ավելի կայուն վիճակում։

Ներկայումս դժվար է հստակ բան ասելը։ Եթե ՀՀ-ում իշխանության գային նունիսկ Տեր-Պետրոսյանի, Բագրատյանի նման ուժեր, կամ բարեփոխիչներ, դեմոկրատ ուժեր, չէին կարողանա հասկանալ` ինչպե՞ս վարվել անվտանգության բաղադրիչի հետ։ Հայաստանի պետականությունն է հարցականի տակ, և դա բարդ հարց է։ Ցավալի է այսօր Հայաստանի մասին նման շեշտադրումներով խոսել, քանի որ ՀՀ-ն ամենահետաքրքիր անցողիկ երկրներից մեկն էր։ Գիտեք, որ 1988-ին, ավելի վաղ, երբ Մերձբալթիկայում սկսվեց պայքար անկախության համար, ԼՂ-ում Բարձրագույն խորհուրդը քվեարկեց ԼՂ կարգավիճակի փոփոխման օգտին։ Գորբաչովը դրան դեմ չգնաց, նրանք նստած էին և չգիտեին` ինչպես արձագանքել։

Մի ֆրանսիացի սովետոլոգ նույնիսկ գրեց, որ բեռլինյան պատն ընկել է Լեռնային Ղարաբաղում։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ժողովրդավար երկրներ են։ Դա առաջին բեկումնային քայլն էր, որից հետո տեղի ունեցան պայքարներ բոլոր երկրներում` Մերձբալթյան, Չեխոսլովակիա, Մոլդովա, Ռումինիա, Արևմտյան Գերմանիա, Հունգարիա, սակայն առաջինը մի խումբ հայեր էին` «Ղարաբաղ կոմիտեն», այդպես էին այդ մարդկանց կոչում։ Կար հնարավորություն Հայաստանի համար։ Ես այդքան լավ չեմ հասկանում, թե հետո ինչ տեղի ունեցավ, շատ դժվար ժամանակներ էին։

Ռոբերտ Քոչարյանը փոքր հեղաշրջում իրականացրեց Տեր-Պետրոսյանի դեմ, և այդտեղից սկսվեց հետընթացը, ես այդպես եմ հասկանում։ Նա սկսեց ետ քայլեր` ավտորիտարիզմ, արշավ` ընդդեմ բարեփոխումների։ Այնինչ մինչ այդ ՀՀ-ն իրականացնում էր քայլեր, այն դեպքում, երբ պատերազմի մեջ էր, նման բան շատ հազվադեպ է պատահում։

Հիմա Պուտինը չի նահանջում Ուկրաինայում, քանի որ հասկանում է` Ուկրաինայում իշխանության են եկել արմատական բարեփոխիչները, եթե Ուկրաինան հաջողակ երկիր դառնա` տնտեսական աճ, կոռուպցիայի դեմ պայքար, ԵՄ-ի հետ ինտեգրացիա` հասկանում է, որ կորցնում է իր հնարավորությունները։ Հայաստանում հակառակը տեղի ունեցավ։ Հայաստանն այն ամենաքիչ օրինակներից էր, երբ լիբերալ տնտեսական բարեփոխումներ էր իրականացնում և պաշտպանում սեփական սահմաններն արտաքին թշնամուց։ Դա նշանակում է, որ հայերը զոհաբերություն էին կատարում, որպեսզի պաշտպանեին անկախությունը թուրքական եղբայրությունից։ Աղետ է, երբ գալիս է իշխանություն, որը հակառակ գործընթացի մեկնարկն է տալիս։ Սկզբից Քոչարյանը եկավ, ապա նրանից հետո` Սերժ Սարգսյանը։

Եղավ նարնջագույն փոքրիկ փորձ այդ դիկտատուրայի դեմ, ինչպես Վրաստանում` Շևարդնաձեի դեմ, Մոլդովայում, Ուկրաինայում` Կուչմայի, Յանուկովիչի դեմ, Բուլղարիայում։ Հայաստանում եղավ փորձ, բայց իշխանությունն ուժ կիրառեց ցուցարարների դեմ և, պաշտոնական տվյալներով, եթե չեմ սխալվում` ութ, բայց իմ կարծիքով` շատ մարդիկ զոհվեցին, որոնց մասին չգիտենք։ Ոչ լեգիտիմ իշխանություն է գործում այսօր Հայաստանում և այդ իշխանությունը պահվում է Ռուսաստանի կողմից, ուստի լեգիտիմության մակարդակը դժվար է որոշել։

Վերջին շրջանում ամեն օր չէ, որ հետևել եմ հայաստանյան զարգացումներին, սրանք իմ գնահատականներն են` չգիտեմ որքանով են համապատասխանում ներկայիս իրողություններին։ Իմ գլոբալ կարծիքով` Հայաստանն ապրում է չափազանց նուրբ պատմական ժամանակաշրջան, քանի որ չկան բարեփոխումներ, չկա զարգացում, երաշխիքներ չկան, և չկա լեգիտիմ իշխանություն։ Լեգիտիմ իշխանությունը ևս կարևոր է, քանի որ, եթե Ադրբեջանը որոշի հարձակվել Հայաստանի վրա, ապա կլինեն մարդիկ, ովքեր չեն մասնակցի պատերազմին, չեն մահանա հայրենիքի համար` պաշտպանելու համար ոչ լեգիտիմ իշխանություններին։ Այս դեպքում մեծ է նաև վտանգը, որ երկիրը կպարտվի նման տրամադրությունների արդյունքում։

– Օրերս ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին տարօրինակ դիտարկումներ ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման երրորդ ճանապարհի վերաբերյալ, որը ենթադրում է` ԼՂ-ի անցումը Մոսկվայի վերահսկողության տակ, դրանք անլուրջ գնահատականներ ստացան փորձագիտական հանրության կողմից, այնինչ ավելի տարօրինակ գաղափարներ են ՌԴ-ի կողմից եղել։ Այս սցենարի հնարավորությունն իրատեսակա՞ն է Ձեզ թվում։

– Բոլորին է հայտնի` Վլադիմիր Ժիրինովսկին «պուտինյան ռեժիմի արտույտն է», և նա մշտապես բաց տեքստով խոսում է այն մասին, ինչ Պուտինին սերտ կանգնած շրջանակները խոսում են շշուկով, Ժիրինովսկին արտացոլում է Կրեմլի` դեռևս չբարձրաձայնվող տեսակետները։ Բայց Ռուսաստանը չունի այնպիսի իշխանություն, գործունեության դաշտ, որը թույլ կտա նման բան անել, առավել ևս, երբ Հյուսիսային Կովկասը կորցնելու վտանգի առջև է կանգնած։ Ես դեռ չեմ պատկերացնում` ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում վերահսկել Հարավային Կովկասը, թեև կարող է սադրել լարվածություն, բախումներ հակամարտող կողմերի միջև, ինչը և ներկայումս անում է, «օգնում է» և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին սպառազինությամբ, դիվանագիտական խողովակներով։ Դա հեշտ է անելը, բայց Ժիրինովսկու ասածը նման է տաք ջրի նավահանգիստ գրավելուն, դա արդեն հին գաղափար է։ Ռուսաստանը նման կարողություն չունի, թեև, եթե Արևմուտքն ունենար ավելի վճռական առաջնորդներ, ապա Պուտինն արդեն ընկած կլիներ, և ուկրաինական զարգացումները տեղի ունեցած չէին լինի։ Ամոթ է Արևմուտքի համար։

– Չէ՞ որ տարածաշրջանը փակ շրջան չէ, և կան արտաքին խաղացողներ ևս, որոնք կարող են փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Ինչո՞ւ դա տեղի չի ունենում։ Ինչո՞ւ չեն ներդրվում անվտանգության վստահելի երաշխիքներ, համակարգեր Արևմուտքի կողմից։

– Իդեալականորեն այդպես պետք է լիներ, բայց, ցավոք սրտի, ոչինչ չեն անելու, քանի որ, եթե նրանք երաշխավորել էին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Բուդապեշտյան հուշագրով և չապահովեցին այդ երաշխիքները, ի՞նչ սպասել։ Չէ՞ որ այդ հուշագրով որոշակի քայլի դիմաց Արևմուտքը երաշխավորում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը, իսկ հիմա Արևմուտքը ոչինչ չի անում, ու Պուտինը դա տեսնում է, ամեն ինչ` հասկանում։

Երբ ԱՄՆ-ը ունի թույլ նախագահ` ի դեմս Օբամայի, Ֆրանսիան` ի դեմս Օլանդի, Գերմանիան` ի դեմս կանցլեր Մերկելի, Անգլիան` Դևիդ Քեմերոնի, ով ամենալուռ առաջնորդներից մեկն է Եվրոպայում, Անգլիան կորել է, ոչ մի գործողություն չի իրականացնում։ Կանադան է արձագանքում արագ կերպով, իսկ Օբաման թույլ է, եթե այդպես շարունակվի, դա անթույլատրելի է։ Եթե Ուկրաինայում չապահովեցին անվտանգություն, չեն ցանկանում սպառազինություն տրամադրել` գոնե պաշտպանության և ոչ հարձակման համար, Հայաստանում ոչինչ չեն անի, անգամ, եթե Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի լոբբին հզոր է, այնքան ուժեղ չէ, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան աջակցություն տրամադրեին այդ ոլորտում։ Հայաստանը ներկայումս ուղիղ սպառնալիքի տակ չէ, այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը որոշի պատերազմել, ապա Արևմուտքն անվտանգություն չի երաշխավորի, քանի որ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի անդամ չէ, և Սպիտակ տանը թույլ նախագահ է նստում։ Ցավոք, «մութ» օրեր են Հայաստանի համար։

– Այսինքն` մենք նաև լիբերալ ժողովրդավարությունների սնանկության ականատեսն ենք Արևմուտքում։

– Ես կարծում եմ, որ սա ժամանակավոր երևույթ է։ Մենք խոսում ենք Արևմուտքի սնանկության մասին, դա ճիշտ է ինչ-որ առումով, բայց դա ժամանակավոր երևույթ է։ Խոսում էինք, որ կոմունիզմը հաղթում է, իսլամիզմը հաղթում է, բայց հայտնվեց Ռեյգանը, և կոմունիզմն ընկավ անսպասելիորեն։ Ի վերջո, եթե Արևմուտքում` ԱՄՆ-ում, Եվրոպայում այլ առաջնորդներ հայտնվեն, հեշտությամբ Արևմուտքը կչեզոքացնի բոլոր սպառնալիքներն Իրանից, Ռուսաստանից և Չինաստանից։ Ներկայումս չկա ցանկություն, չկա ռազմավարություն։ Բայց դա լիբերալ գաղափարների, Արևմուտքի անկումը չէ։ Սա ժամանակավոր ֆենոմեն է, հետագայում ամեն ինչ իր տեղը կընկնի, այսպես չի շարունակվի։ Ինչպես սովետական մի ֆիլմ էր խորագրվել. «Այսպես ապրել չի կարելի»։

Տեսանյութեր

Լրահոս