Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի միջոցառումները Միացյալ Թագավորությունում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Միացյալ Թագավորությունում (ՄԹ) նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք նախաձեռնվել են ՀՀ դեսպանության կողմից և հայ համայնքի հետ համագործակցությամբ: Համայնքային ծրագրերը հիմնականում կազմակերպում և իրականացնում է տեղի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի միջոցառումների հանձնախումբը:

2015թ. մայիսի 7-ին ՄԹ-ում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Մարտի 27-ից խորհրդարանը դադարեցնում է իր աշխատանքները և մեկնարկելու է նախընտրական պայքարը։ Հանրային ուշադրությունը, բնականաբար, սևեռված է լինելու ՄԹ քաղաքական կյանքի այդ կարևորագույն շրջանի վրա։

Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները տեղի կունենան ամբողջ տարվա ընթացքում՝ հնարավորինս բարձր տեսանելիություն ապահովելու նպատակով։
2014թ. նոյեմբերի 4-ին, պրեմյերայից 174 տարի անց, Միացյալ Թագավորության ամենահեղինակավոր համերգասրաներից մեկում՝ Royal Festival Hall-ում, տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետտիի «Մարտիրոսները» օպերայի ներկայացումը, որի սյուժեն ծավալվում է Հայաստանում 259 թվականին և ներկայացնում է քրիստոնյաների հալածանքները՝ մի ողբերգական սիրո պատմության ֆոնին:

Այն ուղիղ եթերով հեռարձակվել է «Բի-Բի-Սի» ռադիոկայանի կողմից, իսկ 2015թ. Ապրիլի 24-ին տեղի է ունենալու լազերային սկավառակի համաշխարհային թողարկումը: Նշված ժամանակահատվածում «Մարտիրոսներ»-ի ներկայացումը խորհրդանշական է, քանի որ հանդիսատեսին առաջադրում է զուգահեռ անցկացնել՝ վաղ քրիստոնեական շրջանում և հետագայում, 19-դարի վերջին և 20-րդ դարի սկզբում հայերի հալածանքների և կոտորածների, Հայոց Ցեղասպանության միջև: Այս նախագծի իրականացումը ֆինանսավորել է Արմեն Սարգսյանը:

Ապրիլի 14-16-ը Լոնդոնի Օլիմպիա ցուցասրահում կայանալու է միջազգային հեղինակավոր «Լոնդոնի գրքի տոնավաճառը», որին Հայաստանի և Սփյուռքի հրատարակիչներն ու գրողները մասնակցում են համատեղ «Հայկական տաղավարով»: Շնորհիվ Արմեն Սարգսյանի հովանավորության, առաջին անգամ հաջողվել է ձեռք բերել բավականին մեծ տաղավար տոնավաճառի գլխավոր սրահում՝ միջազգային ամենահեղինակավոր հրատարակիչների շարքում:

Այս տարի աղավարում առանցքային են լինելու Հայոց ցեղասպանությանը նվիրված հրատարակումներն ու ուսումնասիրությունները: Հայկական տաղավարի ճակատային մասում տեղադրված է լինելու նաև «անմոռուկը»՝ ի հիշատակ մեր նահատակների: Կազմակերպվելու են ընթերցումներ, որի ժամանակ հեղինակները հյուրերին են ներկայացնելու Մեծ Եղեռնի մասին իրենց գրքերը:

Ապրիլի 15-ին, Լոնդոնի հեղինակավոր «Carlton House Terrace» ակումբում կազմակերպվելու է ճանաչված իրավաբան և իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնի նոր՝ «Անհարմար ցեղասպանություն. ով է այժմ հիշում հայերին» գրքի շնորհանդեսը: Հրավիրված են բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ:

Լոնդոնի Գրքի տոնավաճառի ու վերոհիշյալ գրքի շնորհանդեսի տեղեկատվական աջակցությունն ապահովելու համար վարձվել է մասնագիտացված Միդաս ընկերությունը:
Ապրիլի 13-ին Լոնդոնի Purcell Room համերգասրահում կկայանա հիշատակի համերգ՝ «Արամ Խաչատուրյան» տրիոյի մասնակցությամբ: Հնչելու են Կոմիտասի, Խաչատուրյանի, Բաբաջանյանի և Միրզոյանի, ինչպես նաև եվրոպական դասականների գործեր:

Ապրիլի 18-ին կենտրական Լոնդոնով կանցնի հիշատակի քայլերթ. մասնակիցները Պիկադիլի փողոցով և Թրաֆալգար հրապարակով շարժվելու են դեպի Սբ Պողոսի տաճար: Այնուհետև ոգեկոչման արարողություն է տեղի ունենալու Լոնդոնի խոշոր և հայտնի եկեղեցիներից մեկում՝ Սաուդարկի մայր տաճարում:

Ապրիլի 23-ին հայկական Սբ. Եղիշե եկեղեցում ուղիղ կհեռարձակվի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, որից հետո, Երևանի ժամանակով 19.15-ին, ՄԹ բոլոր հայկական, ինչպես նաև մի շարք անգլիկան եկեղեցիներում հնչելու են 100 գուժկան զանգեր:

Ապրիլի 24-ին Սբ. Ջեյմս եկեղեցում, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնական Պիկադիլի փողոցի վրա, տեղի կունենա Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգ: London Simphonietta նվագախումբը՝ դիրիժոր Յոհան Կացի ղեկավարությամբ, կկատարի Կոմիտասի, Խաչատուրյանի, Հարությունյանի, Միրզոյանի և այլոց գործերը: Մենակատարն է ջութակահար Անի Բատիկյանը:

11101286_10204307990604114_112630259_n

Մայիսի 3-ին Լոնդոնի Royal Festival Hall համերգասրահում տեղի է ունենալու «Երաժշտություն Հայաստանի համար» խորագրով համերգը՝ հանրահայտ Philharmonia Orchestra նվագախմբի և Philharmonia Voices երգչախմբի մասնակցությամբ: Համերգի առաջին մասը նվիրված է Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին: Երգչախումբը և Լոնդոնի Թագավորական օպերայի մենակատար Անուշ Հովհաննիսյանը կկատարեն հատվածներ Մակար Եկմալյանի «Պատարագից», Մոցարտի «Ռեքվիեմից» և Գորեցկու «Ողբերգերի սիմֆոնիայից», ինչպես նաև Կոմիտասի «Կռունկը»: Երկրորդ մասը նվիրված է հայ ազգի վերապրումին ու վերածննդին: Տաղանդաշատ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը կկատարի Արամ Խաչատուրյանի ջութակի կոնցերտը, այնուհետև կհնչեն հատվածներ մեր հայտնի կոմպոզիտորի «Սպարտակ» բալետից: Համերգը կեզրափակվի «Սուսերով» պարի հնչյունների ներքո: Համերգը ամբողջությամբ հովանավորել է Արմեն Սարգսյանը։

Հուլիսի 12-ին հանրահայտ Wigmore Hall համերգասրահում Լոնդոնի Հայ հիմնարկի և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի համատեղ ջանքերով կկայանա հիշատակի համերգ հայազգի հայտնի երաժիշտների՝ Լևոն Չիլինգիրյանի, Սերգեյ Խաչատրյանի, Քիմ Քաշքաշյանի և այլոց մասնակցությամբ: Հանդիսատեսին են ներկայացվելու հայ դասականների հայտնի գործերը:

Հոկտեմբերի 7-ին, աշխարհի ամենահայտնի ու հին գրադարաններից մեկում՝ Օքսֆորդի համալսարանի Բոդլեան գրադարանում, տեղի կունենա «Հարատև մշակույթի գանձերը» հայկական գրքերի բացառիկ ցուցահանդեսի բացումը և մեծ ընդունելություն: Հատկանշական է, որ դա կլինի առաջինն այդ հեղինակավոր գրադարանի երկարամյա վերանորոգումից հետո:

Նոյեմբերին Վեսթմինստերի Աբբայության մայր տաճարում ծրագրված է պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչի, պետական և կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Նախատեսվում է, որ պատարագը կմատուցի ՆՍՕՏՏ Գարեգին II-ը:
Վեսթմինստերի Աբբայությունը համարվում է Միացյալ Թագավորության ամենանշանակավոր տաճարներից մեկը և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցուցակում: Տաճարում են տեղի ունենում թագավորական ընտանիքի անդամների պսակադրման և հոգեհանգստի արարողությունները և կարգերը, համազգային նշանակության այլ միջոցառումներ:

Նույն օրերին Թագուհու պաշտոնական կեցավայր հանդիսացող Բուքինգեմյան պալատում տեղի կունենա մեծ ընդունելություն, բարեգործական համերգ և ընթրիք, որոնք կազմակերպվելու են Արմեն Սարգսյանի հովանավորությամբ։ Ստացված ողջ հասույթը ուղղվելու է երկու բարեգործական ծրագրի, որոնցից մեկը՝ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հարևանությամբ Հայ-Park հիշատակի զբոսայգու հիմնադրմանը: Միջոցառման օրը ճշտվում է թագավորական պալատի հետ:

Նույն օրերին հանրահայտ «Քրիսթիզ» սրահում կբացվի «Հայկական արվեստի վերջին 100 տարին» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի շրջանակներում կցուցադրվեն հայ արվեստի մեծանուն գործիչներ՝ Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Արշիլ Գորկու, Երվանդ Քոչարի,Գարզուի, Ժանսեմի, Մինասի և այլոց գործերը: Դա կլինի «Քրիսթիզում» նախատեսված հայ արվեստին նվիրված ցուցահանդեսների շարքից մեկը:

11088048_10204307990644115_502111301_o

Մեկ այլ ցուցադրություն նվիրված կլինի ուրարտականից մինչև 20-րդ դարասկիզբն ընկած ժամանակաշրջանի հայ արվեստին: Ցուցանմուշները կբերվեն Հայաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Իսրայելի հայտնի թանգարաններից: Կներկայացվեն Այվազովսկու, Բաշինջաղյանի, Թերլեմեզյանի, այլ նշանավոր հայ արվեստի գործիչների կտավները: Կլինի նաև ժամանակակից հայ արվեստին նվիրված ցուցահանդես, որի շրջանակներում կարող է կազմակերպվել արդի հայ նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս