
Պուտինը պլանավորում է մայիսի 9-ից առաջ մասշտաբային ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում. Պարուբի

Новое время թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ, ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Անդրեյ Պարուբին հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկա շաբաթներին կարող է Դոնբասում մասշտաբային ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի դեմ.
«Ներկայումս վիթխարի ուժեր են կուտակվում ռուս-ուկրաինական սահմանին: Բազմաթիվ տվյալներով` մոտակա շաբաթներին կպահպանվի խոշորամասշտաբ ռազմական գործողության ռիսկը, և որ դա արդեն գաղտնիք չէ: Ինչպես կարծում է Պուտինը, այն պետք է իրականացվի մինչև մայիսի 9-ը և պետք է ի ցույց դնի ռուսական բանակի հզորությունը»:
Պարուբին հենց դրանով է բացատրում Արևմուտքի կողմից Ուկրաինայի զինված ուժերին մահաբեր զենք մատակարարելու անհրաժեշտությունը: Խոսքն առաջին հերթին գնում է Javelin հակատանկային համակարգերի մասին:
Պարուբին, պատմելով իր ամերիկյան այցի մասին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն իրեն ասել են, որ եթե նրանք (ռուսամետ անջատողականները) շարժվեն Մարիուպոլի վրա, ապա իրենք կլուծեն այդ հարցը (զենքի մատակարարումները):
Պարուբին, սակայն, առարկել է նրանց` ասելով, որ այդ դեպքում ամերիկացիները կսպասեն, որ նրանք շարժվեն Խարկովի, իսկ հետո` Կիևի վրա: Պարուբին ընդգծել է, որ անհրաժեշտ է Ուկրաինային մահաբեր զենքով օգնել հենց հիմա: