Բաժիններ՝

«Շատ կարևոր է՝ սեփական ցավը, սեփական վիշտը դուրս բերել նեղ ազգային շրջանակներից». Ռուբեն Բաբայան

Այսօր թատրոնի միջազգային օրն է: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Տիկնիկային թատրոնն այս վերջին 15-17 տարիների ընթացքում շատ է ընդլայնել իր գործունեության սահմանները՝ կիրառելով տիկնիկային արվեստի բոլոր ձևերը՝ չսահմանափակվելով միայն տիկնիկային ներկայացումներով.

«Ինչպես հայտնի է, Տիկնիկային թատրոնում նաև լինում են դրամատիկ, բալետային, մնջախաղային ներկայացումներ: Ես կարծում եմ՝ այն ամենը, ինչը տաղանդավոր և հետաքրքիր է, պետք է հնարավորություն ունենա բարձրանալ մեր բեմ»:

Նրա խոսքով՝ Տիկնիկային թատրոնն այսօր երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն է տալիս փորձել իրենց ուժերը. «Երիտասարդների հետ աշխատանքը շատ հետաքրքիր է, և անպայման չէ, որ նա տա միշտ դրական արդյունք, բայց այն շանսը, որը պետք է տրվի երիտասարդներին, հաստատ արդարացնում է ընդհանրապես թատրոնի գոյությունը: Երիտասարդության շունչը և ժամանակի երակը թատրոնը պետք է զգա, որովհետև հիմնականում ժամանակը բնորոշում են երիտասարդները: Եթե 10-ից գոնե 1 գործը ստացվի, դա արդարացնում է այն 9 չհաջողված գործերը, որովհետև արվեստում ընդհանրապես այդպես է՝ երբեք չգիտես՝ արդյունքն ինչ է լինելու»:

Ըստ Ռ. Բաբայանի՝ մեզ պետք է միայն մի երկիր, որտեղ ապրում են քաղաքակիրթ մարդիկ, որի հասարակությունը քաղաքակիրթ է: Նրա կարծիքով՝ մենք ամեն օր առնչվում ենք այդ քաղաքակրթության պակասի հետ. ««Մշակույթ» բառի արմատում «մշակել» բառն է, իսկ մշակելը շատ երկար պրոցես է: Երբ մենք այսօր անտեսում ենք մշակութային կրթությունը երեխաների պարագայում, մենք վաղը ստանում ենք շատ ցավալի արդյունքներ: Հնարավոր չէ որևէ ոլորտում հասնել հաջողության, եթե դու չես սովորել մշակույթից եկող ամենակարևոր սկզբունքները՝ փորձել հարգել դիմացինին, տեսնել յուրաքանչյուրի մեջ անձնավորություն, մարդ, փորձել համախմբվել, այլ ոչ թե տարանջատվել»:

Կարդացեք նաև

Նա տեղեկացրեց, որ ֆինանսական առումով տարին «մի քիչ ծանր է», որովհետև բոլոր ֆինանսները հիմնականում ուղղվում են Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին, դրա համար իրենք ընտրում են այն փառատոները, որտեղ բոլոր ծախսերն իր վրա է վերցնում հրավիրող կողմը:

Հարցին՝ ի՞նչ կմաղթեիք մեր թատրոնին, Ռ.Բաբայանն այսպես պատասխանեց.

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ արվեստը երկխոսություն է, կուզեի՝ այդ երկխոսության պակասը չլիներ, շատ կարևոր է, երբ դու հասկանում ես, որ այն, ինչ ասում ես, գտնում է իր լսողին: Թատրոնը, ի տարբերություն ուրիշ արվեստների, երբեք վերջնական՝ 100 տոկոսանոց գործ բեմ չի բարձրացնում, այն դառնում է 100 տոկոսանոց՝ հանդիսատեսի շնորհիվ: Ես կմաղթեի, որ մենք հնարավորինս կարողանայինք իրար հետ լեզու գտնել, փորձել խոսել այն կարևորի մասին, որը բոլորիս հուզում է, և փորձել խոսել այդ ամեն ինչի մասին այսօրվա լեզվով»:

Հարցին էլ՝ Տիկնիկային թատրոնում կա՞ն Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված միջոցառումներ, Ռ.Բաբայանը պատասխանեց, որ Տիկնիկային թատրոնում Կոստան Զարյանի թոռան՝ Արա Զարյանի հետ իրագործվելու է համատեղ մի պրոյեկտ. «Կոստան Զարյանի ստեղծագործությունների հիման վրա պատրաստվում է մի գրական-երաժշտական երեկո՝ իտալացի կոմպոզիտորների և իտալացի կատարողների մասնակցությամբ, ու այդ երաժշտական երեկոն հենց նվիրվելու է Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին, և դրա կազմակերպիչներից և համահեղինակներից մեկը նաև մեր թատրոնն է: Այն տեղի կունենա օգոստոս ամսին: Շատ կարևոր է՝ սեփական ցավը, սեփական վիշտը դուրս բերել նեղ ազգային շրջանակներից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս