«Գոռում էր՝ «չմոտենաք, կտրաքացնեմ». Վկա ոստիկանները՝ Հայկ Կյուրեղյանի մասին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Հայկ Կյուրեղյանի գործով հարցաքննվեց ոստիկան Գևորգ Վարդանյանը, ով գործով վկա էր ճանաչվել: Նա պատմեց, որ դեպքի օրը ծառայություն են իրակացարել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, նկատել են, որ մի երիտասարդ բարձրացել է մեքենայի վրա, աղմկել՝ պահանջելով, որ ոստիկանները մոտենան: Վկայի խոսքով՝ իրենք փորձել են մոտենալ նրան, հասկանալ՝ ինչն է խնդիրը, սակայն այդ ընթացքում երիտասարդը գոտկատեղից հրազենին նմանվող իր է հանել, պահել ոստիկանների ուղղությամբ, ապա՝ անկանոն կրակել:

Գևորգ Վարդանյանն ասաց, որ ոստիկաններից մեկը, ով ավելի մոտ էր այդ երիտասարդին, փորձել է մոտենալ նրան, որպեսզի իջեցնի մեքենայի վրայից, սակայն Հայկ Կյուրեղյանի ոտքը սայթաքել է, նա ընկել է, ապա նրան ձերբակալել են. «Այդ ընթացքում արդեն ինքը հայհոյում էր, չէր ենթարկվում»:

Ոստիկան վկա Արտակ Օհանյանը ևս նշեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հասարակական կարգն են ապահովել, նկատել են երիտասարդի, ով ավտոմեքենայի տանիքին էր բարձրացել, անկանոն կրակոցներ էր ուղղում ոստիկանների ուղղությամբ, գոռում էր՝ «չմոտենաք, կտրաքացնեմ»: Վկան ասաց, որ այդ երիտասարդին ինքը մոտեցել է այն ժամանակ, երբ նրան արդեն ձերբակալել են:

Վկան Գևորգ Սալմանյանը ևս ոստիկան էր. նա ասաց, որ ծառայություն են իրականացրել, նկատել են մեքենայի տանիքին բարձրացած երիտասարդի, ով «անհիմն արտահայտություններ էր անում՝ ոստիկաններ չկա՞ն՝ ինձ մոտենան», ապա նրան փորձել ենն ոստիկաններ մոտենալ, սակայն նա ատճանակ է հանել և կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ: Ապա նրան իջեցրել են մեքենայի վրայից և բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Վկաներից մեկի հարցաքննության ընթացքում Հայկ Կյուրեղյանի պաշտպան Անժելա Հոբոսյանն ասաց, որ թե տուժողներին, թե վկաներին հարցեր ուներ, սակայն Հայկ Կյուրեղյանի կողմից լիազորված չէ հարցեր առաջադրել նրանց, որովհետև ցուցմունքները նույնիսկ համացանցում հայտնված տեսաերիզին չեն համապատասխանում:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 17-ին:

Տեսանյութեր

Լրահոս