Կհավաստագրվեն նաև ՄԿՈՒ ոլորտի տնօրենները
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը ներկայացրել է ոլորտում առկա նորամուծությունները, մասնավորապես, ՄԿՈՒ ոլորտի տնօրենների հավաստագրման նոր կարգը:
Ըստ բանախոսի` դեռևս նախորդ տարի նախարարությունը, կառավարման հմտությունների վրա շեշտադրում անելով, նախաձեռնել է տնօրենների ընտրության նոր մեխանիզմ` հավաստագրում: «Հավաստագրվելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատությունների տնօրենները: Հայտարարված մրցույթի արդյունքում արդեն երաշխավորվել են վերապատրաստող կազմակերպությունները, որոնք տնօրենների կամ տնօրենների թեկնածուների վերապատրաստման ծրագրերի պայմանների վերաբերյալ արդեն տարածել են համապատասխան հայտարարություններ:
Առաջիկա վերապատրաստումներին հիմնականում կմասնակցեն անժամկետ պայմանագրերով աշխատող պետական ուսհաստատությունների տնօրենները, ովքեր պարտավոր են մինչև օգոստոսի 1-ը վերապատրաստվել, հավաստագիր ստանալ, մասնակցել իրենց հաստատության տնօրենի համար հայտարարված մրցույթին և ճանաչվել հաղթող, ապա դրանից հետո միայն շարունակել աշխատել:
Այն տնօրենները, ովքեր աշխատում են որոշակի ժամկետով գործող պայմանագրով, այդ հնարավորությունից կարող են օգտվել հաջորդ տարիների ընթացքում: Ոչ պետական ուսհաստատությունների տնօրենների համար ևս հավաստագրման կարգն է գործելու` չնայած վերոնշյալ հիմնարկություններում տնօրենի ընտրության մեխանիզմը հնարավոր է այլ կերպ լինի, քանի որ յուրաքանչյուրն իր կանոնադրությամբ է որոշում` ինչպես ընտրի և նշանակի տնօրեն, բայց ղեկավար աշխատելուց առաջ նախ պետք է հավաստագրվի նույն կարգով»,- նշել է Ռ. Աբրահամյանը` ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացը կրելու է շարունակական բնույթ. հաջորդ տարիների համար ևս գործելու է նույն սկզբունքը: Անդրադառնալով ոլորտում իրականացված այլ աշխատանքներին` բանախոսը նշել է. «ՄԿՈՒ համակարգում տարիներ շարունակ ՀՀ կառավարության և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրով բյուջետային աջակցության ծրագիր է իրականացվում: Այս տարի ավարտում ենք երկրորդ ծրագիրը, որը ԵՄ-ի կողմից գնահատվել է որպես հաջողված պատմություն: Այս տարվա ավարտին ծրագրի շրջանակում մարզերում կունենանք վերանորոգված և եվրոպական չափանիշներով վերազինված հինգ ուսումնարան և քոլեջ: Եվս երկու ուսումնական հաստատություն` Երևանում և Գյումրիում, որոնք հագեցված կլինեն սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար համապատասխան սարքավորումներով` հեշտացնելով նրանց մուտքը ուսհաստատություն:
Այս պահին քննարկվում է բյուջետային նոր աջակցության ծրագիրը, որը հնարավոր է կյանքի կոչվի 2017 թվականից: Այս անգամ հիմնական ուշադրությունը կբևեռվի գյուղատնտեսական մասնագիտական կրթությանը, որը բավականին մեծ օժանդակություն կլինի կառավարության կողմից գերակա համարվող այս ոլորտի զարգացման հարցում»,-նշել է Ռ. Աբրահամյանը Ասուլիսի ընթացքում լրագրողները հարցեր են ուղղել բանախոսին, որոնք հիմնականում վերաբերել են հավաստագրման հարցաշարերին, տնօրենների կառավարչական հմտություններին և այլն: