«Մենք չենք էլ կարող խոստանալ, որ մեզ հաջողվելու է ամեն ինչից զերծ մնալ, որևէ մեկը չի վնասվելու, այսպիսի խոստումներ մենք տալ չենք կարող». Ժիրայր Սէֆիլյան

«Թե ի՞նչ ձևով ենք ազատվելու այս ռեժիմից, պարզ է, որ գյուտեր չեն լինելու, պարզ է, որ միայն ժողովրդի պարտադրմամբ է հնարավոր ավտորիտար, բռնատիրական ռեժիմներից ձերբազատվելը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, ազատամարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք որդեգրել և որդեգրելու են այնպիսի մի մարտավարություն, որի բնույթը լինի խաղաղ. «Երբ հոսքը լինի, երբ օր օրի մոբիլիզացիան ապահովվի, ես վստահ եմ, որ հակառակորդը ուզի թե ոչ, պետք է համապատասխան քայլի դիմի: Քայլերից մեկն այն է, որ պետք է փորձի լեզու գտնել այդ շարժումը բարձրացրած առաջնորդ շրջանակների հետ և կոմպրոմիսի գալ, կամ պետք է փորձի բռնի ուժով ճնշել, չթողնի այդ մոբիլիզացիան՝ ճնշի: Բնականաբար, մենք միշտ ասել ենք, որ եթե նրանք համարձակվեն բռնի ուժ կիրառել, ինչպես կիրառեցին մարտի 1-ին, այս անգամ նրանք կստանան ժողովրդի կողմից համապատասխան բռնի պատասխան: Մենք կդիմենք ինքնապաշտպանության և բռնությանը կպատասխանենք բռնությամբ»:

Ժիրայր Սէֆիլյանը, սակայն, քիչ հավանական է համարում, որ իշխանություններն այդ բռնությանը կգնան, իսկ թե ինչպիսի՞ քայլեր են իրենք կատարելու, Ժ. Սէֆիլյանը չցանկացավ փակագծերը բացել:

Նա նաև տեղեկացրեց, որ իրենք ապրիլի 24-ին որևէ խժդժություն չեն պատրաստվում իրականացնել քաղաքում և ընդհանրապես հանրապետությունում. «Օրվա երկրորդ կեսին հավաքվելու ենք ինչ-որ մի հատվածում, և սկսվելու է այդ խաղաղ բնույթի մոբիլիզացիան: Այսինքն՝ որևէ միջոցառման մենք այդ օրը խանգարելու նպատակ չունենք»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ այդ օրն իրենք դուրս են գալու՝ այլևս տուն չվերադառնալու նպատակով, մինչև չիրականացնեն իշխանափոխություն. «Շուրջօրյա հանրահավաքների մասին է խոսքը, և մենք ժողովրդին կոչ կանենք վերադառնալ տուն այն ժամանակ, երբ արդեն մենք հաջողել ենք ձերբազատվել այս ռեժիմից: Կարծում եմ՝ օրերի ընթացքում մեզ հնարավոր է լինելու պարտադրել այս ռեժիմին՝ հետ կանգնել այս ընթացքից»:

Հարցին՝ եթե ապրիլի 24-ին ինչ-որ դեպք լինի, չե՞ք վախենում, որ իշխանությունները ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա կգցեն, Ժ. Սէֆիլյանը պատասխանեց, որ, իհարկե, իրենք մեծ պատասխանատվություն են վերցրել իրենց վրա. «Մենք այս պայքարին վերաբերվում ենք՝ որպես ազգային ազատագրական պայքարի, այստեղ ամեն ինչ հնարավոր է, և մենք չենք էլ կարող խոստանալ, որ մեզ հաջողվելու է ամեն ինչից զերծ մնալ, որևէ մեկը չի վնասվելու, այսպիսի խոստումներ մենք տալ չենք կարող: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, թե ինչպիսի ընթացք է սա, և գիտակցենք, թե ինչ բնույթի հակառակորդ ունենք: Ու կարևորն այն է, որ ինչ էլ լինի, դրա արդյունքում մենք անպայման պետք է հասնենք արդյունքի: Անշուշտ, պատասխանատվությունը մենք վերցնում ենք մեզ վրա»:

Ժ. Սէֆիլյանը տեղեկացրեց, որ արդեն Երևանի քաղաքապետարանում իրազեկումներ են տրված հանրահավաքների համար, բայց չհստակեցրեց, թե կոնկրետ քանի հանրահավաքի մասին է խոսքը:

 

Տեսանյութեր

Լրահոս