Ժիրայր Սէֆիլյանը՝ վարկերը չվճարելու իր կոչի մասին
«Ռեժիմն արդեն տարիներ առաջ հասցրել է թալանել անցյալից մեզ մնացածը, ինչու չէ նաև՝ ներկայի հնարավորը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, ազատամարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյան:
Հիշեցնենք, որ երեկ Ժ. Սեֆիլյանը կոչ էր արել բոլորին չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները՝ խոստանալով, որ երբ իրենք ապրիլի 24-ից հետո կգան իշխանության՝ մարդիկ կվճարեն միայն վարկի մայր գումարը և վերանայված ու էապես նվազեցված տոկոսադրույքները՝ առանց որևէ տույժի կամ տուգանքի:
Ժ. Սէֆիլյանի այդ կոչը շատ մեկնաբանությունների և քննադատությունների առիթ էր հանդիսացել:
«Շատերը ասում են՝ բա, եթե իշխանափոխություն չեղավ մի ամսից, այն տուգանքները, որոնք կուտակվելու են, ովքե՞ր են տեր լինելու դրանց, ինձ մատնացույց անելով՝ ասում են՝ եթե չհաջողեք իշխանափոխություն կատարել, դուք պատրա՞ստ եք մեր տույժերը ևս վճարել: Նախ ասեմ, որ կոչը, որ կատարված է իմ կողմից՝ դա ընդամենը կոչ է, բոլորը պետք է իմանան, որ մենք ոչ մեկին չենք կարող պարտադրել, և ովքեր այդ կոչին կմասնակցեն, բնականաբար, կամավոր հիմունքով են միանում: Այս կոչը մենք կարող էինք ամիսներ առաջ անել, սակայն մենք հասկանում ենք՝ երբ պետք է արվի այդ կոչը և այդ կոչը կյանքի կոչելու ընթացքում հնարավորինս մեր քաղաքացիները վնասից հեռու լինեն»,- հայտարարեց Ժ. Սէֆիլյանը՝ նշելով, որ եթե շատերը կարծում են, որ կողքից դիտելով՝ երկրի մեջ պետք է դրական փոփոխություն լինի, ապա չարարար սխալվում են:
Նա նշեց նաև, որ իր այս կոչն ավելի շատ ունի մոբիլիզացնող բնույթ, որ «մարդիկ վերջապես գիտակցեն, որ եկել է պահը, որ նրանք ևս քայլ կատարեն»:
168.am-ի հարցին՝ Դուք ինքներդ ունե՞ք վերցրած վարկեր, և արդյոք Դուք և Ձեր գործընկերները նույնպես հետևելո՞ւ եք այդ կոչին ու չեք վճարելու վարկերը, Ժ. Սէֆիլյանը պատասխանեց, որ ինքն անձամբ չունի վերցրած վարկեր. «Բայց ես ունեմ հարազատներ և մտերիմներ, որոնք ունեն և հուսով եմ, որ նրանք այդ կոչին ընդառաջելու են»:
Նա կրկին ընդգծեց, որ պատահական չէ, որ հիմա են հայտարարում այդ մասին, և ոչ՝ ամիսներ առաջ. «Մարդիկ փորձում են այս ձևով իրենց քաղաքացիական անհնազանդությունը արտահայտեն բանկային այն համակարգին, որը բնույթով վաշխառուկան է եղել, կարծում եմ՝ այստեղ որևէ մեկը վնաս չի կրելու: Ես համոզված եմ, որ մեզ հաջողվելու է ռեժիմից ազատվել, և ովքեր չեն հավատում, որ մեզ հաջողվելու է, թող կոչին չընդառաջեն: Այս կոչը նաև մարդկանց գիտակցությունը շարժելու խնդիրն ունի իր մեջ դրած»: