«Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է, էնպես որ՝ ոտքի տակ չընկնեք». Փաշինյանը՝ Շաբոյանին
«Երբ երեկ ես ասացի, որ շաքարավազի գինը 395 դրամ է, Արտակ Շաբոյանը միանգամից հակադարձեց, թե «Երևան Սիթիում» հենց այսօր շաքարավազը վաճառվում է 369 դրամով: Պարոն Շաբոյան, լավ ա չասացիք՝ «Երևան Սիթի»՝ ամենացածր գները տարածաշրջանում՝ գումարած երեք հատ լավաշ, հարգելի քաղաքացիներ, չմոռանաք բերել ձեր անձնագրերը»: Բայց այսպես որ ասեիք, ավելի անկեղծ կլինեիք հասարակության հետ, որովհետև Ձեր դե ֆակտո գործառույթը ոչ թե մրցակցությունն է, այլ Սերժ Սարգսյանի սահմանած քվոտաները պաշտպանելն է»,- այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2015 թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ Շաբոյանը մոլորության մեջ է գցում հանրությանը: Ն.Փաշինյանի խոսքով՝ շաքարի մենաշնորհն ու «Երևան Սիթին» նույն մարդուն է պատկանում՝ Սամվել Ալեքսանյանին, և նույն գնով, ինչ «Սիթիում» է վաճառվում, նույն գնով վաճառվում է ՓՄՁ խանութներին, որոնք պետք է ավելի թանկ գնով վաճառեն, որ աշխատելու հնարավորություն ունենան ու նվազագույնը կարող են վաճառել 395 դրամով: Նա պնդեց, որ սա գերիշխող դիրքի չարաշահում է «Ալեքս գրիգի» ու «Երևան Սիթիի» կողմից. «Բա գերիշխող դիրքի չարաշահումը պոզով-պոչով է լինո՞ւմ»:
Ն.Փաշինյանը նաև հարցադրում արեց, թե ինչպե՞ս պատահեց, որ «Երևան Սիթին» ու «Քարֆուրը»՝ երկու մրցակիցներ, շաքարավազը վաճառում են նույն սինխրոն գնով: Ըստ նրա՝ «Քարֆուրը» ՀՀ գալուց պարտավորվել է, որ շաքար չի ներկրելու, «Սիթին» էլ «ախպերավարի» էժան շաքար կտա. «Ի՞նչ է սա, եթե ոչ հակամրցակցային համաձայնություն: Դուք կարո՞ղ եք այս հարցով զբաղվել: Դուք սրա մասին նույնիսկ մտածելու համարձակություն չեք ունենա, որովհետև եթե սկսեք մտածել, դեռ միտքը չավարտած նենց կհանեն Ձեզ էդ պաշտոնից, որ չեք իմանա»:
Ն.Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում 12786 խանութ կա, որից 8000-ը սննդամթերքի վաճառքով է զբաղվում, որի 99%-ը շաքարը ձեռք է բերում «Սիթիից» ու այդ գինը միայն 1%-ում հակամրցակցային է. «Շաբոյանը պետք է զբաղվի դրանով, բայց չի զբաղվում, որովհետև որ ասում է՝ քաղաքացի դատավոր, նա չի կարող նստել, մոտավորապես Շաբոյանը էդ նույն դիրքում է: Ու չնայած կառավարությունը ամեն տարի ասում է, որ պետք է կանոնակարգեն, թույլ չտան, որ խոշոր խանութները կուլ տան փոքրերին, 2009 թ. փոքրերը իրականացրել են առևտրի 52%-ը, 2014թ. խոշորն իրականացրել է 60%-ից ավելին: Դա՞ է Ձեր աշխատանքի արդյունքը: Դուք եկել եք ստեղ հանդուգն հայտարարություն եք անում պատգամավորների հասցեին: Եթե էս ամիս օլիգարխիան 50% ավելացնի ձեր պարգևը, պարոն Շաբոյան, ես ուրախ եմ Ձեր համար, բայց անկեղծ ասած՝ ես Ձեր հետ բանավեճ չունեմ, Դուք շատ փոքր ֆիգուր եք, Ձեզ հետ բանավեճի մտնելու համար: Իմ բանավճեը Ձեր քաղաքական ծնողների հետ է: Էնպես որ՝ Ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնեք»:
Անդրադառնալով բանանի թեմային՝ Ն.Փաշինյանը նշեց, որ ամբողջ Եվրոպայում բանանը վաճառվում է «քարը տրաքի» 700 դրամ գնով, ՀՀ-ում՝ Սերժ Սարգսյանի դաբրոյով, ԴԱՀԿ-ի Միհրանը ձեռքը դրել է բանանի բիզնեսի վրա ու համարվում է հայրենասեր. «Եթե հայրենասեր եք, ամեն օր մարդկանց գրպանը մի մտեք, մի նենց արեք, որ մարդիկ ստեղից փախնեն: Թե՞ դուք սիրում եք միայն էն հայրենասերներին, որոնք վաղուց վերածվել են հուշակոթողների, կամ հուշարձանի, կամ մահարձանի, կամ տապանաքարի, կամ ծայրահեղ դեպքում՝ պուլպուլակի: Սրա՞նք են ձեր սիրած հայրենակիցները: Ձեր համախառն գործունեությունը ցույց է տալիս, որ ամեն ինչ հենց էդպես էլ կա»: