Բաժիններ՝

«Դուք հասկանո՞ւմ եք՝ ուր եք գնում, մարել է ՀՀ-ն, գնացեք՝ ասեք ձեր ղեկավարությանը». Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ նիստում շարունակվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թ. գործունեության ծրագիրը: Պատգամավոր Հրանտ Բագրատյանը ելույթի համար մոտենալով ամբիոնին դժգոհեց, որ մի բան թույլատրված է խոսել, մի բան չէ: Տեղից նրան հակադարձեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

«Մենամարտը դրսում, մենամարտը դրսում»,- շտապեց միջամտել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Մենամարտ չկա, կա միակողմանի ճշմարտություն, փորձում է Հանրապետական մեծամասնությունը պահել էս ճշմարտությունը կիսատ վերլուծություններով: Չեք տեսնո՞ւմ արդեն երկիր չի մնում»,- պատասխանեց Հ.Բագրատյանը:

Նա հայտարարեց, որ մի տարի առաջ ԱԺ նախագահ է ընտրվել, որի թեկնածությանն ինքը խորհուրդ չի տվել քվեարկել, որովհետև նա հանդես չի եկել ծրագրով. «Սկսենք նրանից, որ նրանց աթոռները նույնը պետք է լինեն, ինչ մերը, սա հավասարության նշան է»:

Հ.Բագրատյանը նշեց, որ ինքը 24 օրենք է գրել, ոչ մեկը չի անցել ԱԺ օրակարգ, թեև դրանք պակաս չեն, քան ՀՀԿ-ականների ընդունածը: Ըստ նրա՝ եթե օֆշորի մասին իր օրենքը ընդունեին, արժույթի հետ այս ճգնաժամը տեղի չէր ունենա: Հ.Բագրատյանի խոսքով՝ պառլամենտարիզմն այն է, որ բոլոր օրենսդրական ակտերն ընդունվեն օրենքներով, իսկ կառավարությունը կարգ սահմանելու իրավունք չունի. «Նույնսիկ սահմանադրական փոփոխություններ առաջարկած մարդիկ գաղափար չունեն, թե ինչ է նշանակում պառլամենտական կառավարություն»:

Հ.Բագրատյանի խոսքով՝ բյուջեի մուտքերը պետք է հասանելի լինեն պատգամավորներին, որ առանց կառավարությանը դիմելու մտնեն գրասենյակ, ու ստանան, թե տվյալ օրվա դրությամբ ինչ է կատարվում բյուջեի հետ:

«Զրոյացել է պետությունը: Դուք չեք ուզում սարքեք էս պետությունը, դուք ձեր ձեռքերը չեք քշտում, պետություն չեք սարքում: Նույնը էս հանձնաժողովը: Էս տարիներին մրցակցությունը պակասել է, ասում են ավելացել է: Դուք մի ինդեքս չունենք: Ո՞նց է ձեզ մոտ մրցակցությունը բարելավվել, ձեզ էլ վերանշանակել են, եթե ակտիվ հարկ վճարողները երեք անգամ պակասել են»,- ասաց Հ.Բագրատյանը:

Նա նեկայացրեց World ecomnomic index-ի տվյալները, ըստ որոնց` ՀՀ-ում մրցակցությունը տարեցտարի հիմնականում վատացել է, իսկ Վրաստանում և Ադրբեջանում՝ բարելավվել: Նա տարակուսեց, թե հաստատում են ՏՄՊՊՀ ծրագիրը, որ  ի՞նչ անեն. «Դուք պարտավոր էիք իմանալ, որ էն տարիներին, որ մեկ-մեկ թիվը մի փոքր լավացել է, էդ նրա հաշվին չի, որ մենք ենք լավացել, այլ ուրիշ երկրներն են վատացել»:

«Տնտեսագիտության թեկնածու եք, ես ձեզ ստուգարք չէի նշանակի: Ասում եք՝ մեր  ռեսուրսները սահմանափակ են: Տնտեսագիտության մեջ բոլոր ռեսուրսները սահմանափակ են, անսահմանափակ ռեսուրս չի լինում: Ոչ պլան ունեք, ոչ ծրագիր: Գնում եք դե՞ղ ստուգեք: Մենք արդեն հույս չունենք, որ լավ կլինի»,- ասաց Հ.Բագրատյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահն ընտրվել է տարեկան 7% տնտեսական աճի խոստումով, բայց աճը չի երևում:

Ըստ Հ.Բագրատյանի՝ ՏՄՊՊՀ-ն աշխատում է այսպես՝ զանգում է տնտեսվարողին, ասում՝ 100 մլն գերշահույթ եք ստացել, 1 մլն տուգանք կգրենք: Պատգամավորին վրդովվեցրել է նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի այն խոսքը, թե ՀՀ-ն փոքր երկիր է, մրցակցության զարգացման հնարավորություն չկա: Հ.Բագրատյանի խոսքով՝ մրակցությամբ առաջին տեղում է Շվեյացարիան, երկրորդում՝ Սինգապուրը, և միայն չորրորդ երկիրը ԱՄՆ-ն է. «Ձեզ ո՞վ է ասում, որ փոքր երկրում մրցակցությունը պետք է վատ լինի»:

Հ.Բագրատյանը նշեց, որ ՀՀ-ում շատ լավ հասկացել են, որ քաղաքական իշխանություն ունենալու դեպքում տնտեսական իշխանություն են ունենում ու դրա համար գալիս են՝ ԱԺ պատգամավոր դառնում. «Գործ ունենք մի մարդու հետ, որ չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել, բան էլ ասում ես՝ պատասխանում է չիմանալով: Տնտեսությունը զրոյացել է: Դուք հասկանո՞ւմ եք՝ ուր եք գնում, մարել է ՀՀ-ն, գնացեք՝ ասեք ձեր ղեկավարությանը: Կուտակայինի համար ասում էին՝ ներդրումները կավելանան: Ո՞ւր գնացին էդ փողերը, գնացեք պատժեք կուտակային ներդրողներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս