Հայաստանը բնակչության մաքուր եկամուտների ցուցանիշով 142-րդն է աշխարհում. Nation Master
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին ամսական մաքուր եկամուտների (աշխատավարձի) ամենաբարձր մակարդակն ունեցող երկիրը Շվեյցարիան է: Այս մասին հայտնում է Nation Master վիճակագական տեղեկատվության ագրեգատորը:
Տվյալները ստացվել են քաղաքացիների շրջանում numbeo.com-ի անցկացրած հարցման օգնությամբ: Ընդ որում՝ միայն 85 երկրի համար է վիճակագրությունը կազմվել ավելի քան 100 հարցվածների պատասխանների հիման վրա: Մնացյալ դեպքերում հարցվածների թիվը կազմել է կա՛մ մինչև 50 մարդ, կա՛մ էլ 50-100 մարդ:
Շվեյցարիայի բնակիչները հարկերը հանելուց հետո (After Tax) միջին հաշվով ամսական ստանում են 6301.73 դոլար: Երկրորդ տեղում են Լյուքսեմբուրգի բնակիչները՝ 4479.80 դոլար: Կուբան սահմանել է հակառեկորդ՝ 25.05 դոլար: Չինաստանը 79-րդն է՝ 731.14 դոլար:
Ռուսաստանը 162 երկրների թվում զբաղեցնում է 86-րդ տեղը՝ 686.16 դոլար: Նրան գերազանցել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայիթին՝ 712 դոլար, Մոզամբիկը՝ 757 դոլար, և Սվազիլենդը՝ 787 դոլար: Ուկրաինան զբաղեցրել է 132-րդ տեղը՝ 357.71 դոլար, իսկ Մոլդովան՝ 152-րդը՝ 244.09 դոլար:
Հայաստանը զբաղեցրել է 142-րդ տեղը՝ 312.89 դոլար: Հայաստանի պարագայում հարցումն առնչվել է 50-100 մարդու: Հայաստանի հարևաններ Վրաստանը 144-րդն է՝ 299.37 դոլար, Ադրբեջանը՝ 104-րդը՝ 524.84 դոլար, Իրանը զբաղեցրել է 120-րդ տեղը՝ 447.61 դոլար, իսկ Թուրքիան՝ 77-րդը՝ 756.06 դոլար:
ԵՏՄ-ի անդամ Բելառուսը հանգրվանել է 109-րդ տեղում՝ 502.19 դոլար, իսկ Ղազախստանը՝ 94-րդ տեղը՝ 614.24 դոլար: ԵՏՄ-ին անդամակցել պատրաստվող Ղրղզստանն իր 350.00 դոլար ցուցանիշով 136-րդ հորիզոնականը կիսում է Սոմալիի հետ: