Հայաստանը ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների հավասարակշռմամբ ուղենիշային կդառնա հետսովետական երկրների համար. Մինասյան
168.am-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
– Պարոն Մինասյան, Հայաստանում վերջին օրերին կրկին ինտենսիվացան խոսակցությունները ՀՀ-ԵՄ հարաբերություններն ակտիվացնելու և համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ. կազմակերպվեց «Եվրանեսթը», եվրահանձնակատարն այցելեց Երևան, տասնյակ ԵԽ պատգամավորներ եղան Հայաստանում, կայացավ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, նրա երկու ելույթները ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին իր դիտարկումներով ևս: Ըստ Ձեզ` ի՞նչ նոր գործընթաց է սկսվել, և այն արդյո՞ք կարող է տեղի ունենալ՝ առանց Մոսկվայի մանդատի:
– Կարծում եմ, որ այս գործընթացի երեք կողմերը` Եվրոպան, Հայաստանը և Ռուսաստանը, ցանկանում են նոր հանգրվան բացել՝ շեշտը դնելով Ուկրաինայի շուրջ լարված միջազգային հարաբերությունների անթույլատրելիության վրա: Այս կոնտեքստում եվրոպացիները, հայերը և ռուսները փորձում են ցույց տալ, որ նոր ճանապարհ կա և կարելի է համագործակցել՝ համատեղելով համագործակցությունը և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի հետ: Եթե եվրոպացիները` ֆրանսիացիները, գերմանացիները, ռուսները և հայերը, հաջողեն այս հարցում, ցույց տան աշխարհին, որ կարելի է Հայաստանի համար նոր հնարավորություն ստեղծել, նշանակում է, որ նույնությամբ կարելի է հետսովետական բոլոր երկրների հետ կապված խնդիրները լուծել: Ռուսաստանն ու Արևմուտքը հասկանում են, որ լարվածությունն իրենց ոչ մի շահ չի բերում, ուստի պետք է մշակել երրորդ ճանապարհ` պակաս վտանգավոր և արդյունավետ` «ոչ դեպի Ռուսաստան», «ոչ դեպի Եվրոպա», «դեպի երրորդ ճանապարհ», որը կներառի բոլոր կողմերի շահերը: Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականությունն այլևս անիմաստ է, նույնը Եվրոպայի նկատմամբ ևս անիմաստ է: Հայաստանով ստեղծված իրավիճակից նոր ուղի է ձևավորվում:
– Այսինքն` Ձեր համոզմամբ, կողմերը համոզվել են, որ առճակատման քաղաքականությունը տեղին չէ՞:
– Այո, որովհետև, երբ եվրոպացիներն ու ռուսները լավ հարաբերությունների մեջ են լինում, Հայաստանը շատ բան է շահում, իսկ երբ Արևմուտքն ու ՌԴ-ն առճակատման մեջ են, Հայաստանը պարտվում է, սա է այսօրվա իրականությունը: Հայաստանն իր հերթին՝ ցանկանում է ցույց տալ, որ կա այլընտրանք ներկայիս հարաբերություններին, ինչը խաղաղությունն ու համագործակցությունն է: Հայաստանն ինքն է ցանկանում առաջ գնալ նման համագործակցության արդյունքում: Հայաստանն իր շահերն է պաշտպանում: Եթե Հայաստանը հաջողի, և Եվրոպական միությունը ստորագրի համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, ապա ցույց կտանք, որ հետսովետական տարածքի երկրները կարող են համագործակցել և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի հետ: Հայաստանի ձևավորած գործընթացը պետք է դառնա օրինակ բոլոր հետսովետական երկրների համար:
– Պարոն Մինասյան, նախկինում միայն քննադատում էիք ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատանքը, հիմա կարծում եք, որ հայաստանյան դիվանագետները ճկունությո՞ւն են ձեռք բերել:
– Ոչ, ձեզ հայտնի է իմ կարծիքը մեր դիվանագիտության մասին: Վաղուց է, որ Հայաստանի դիվանագիտությունը եվրոպական նկրտումներ ունի, բայց Ռուսաստանի դեմ չէ, ցանկանում է համագործակցել թե՛ եվրոպացիների, թե՛ ռուսների հետ: Այսինքն` այս մոտեցումները նաև Ռուսաստանի շահերն են, ու կարծում եմ՝ թույլտվության խնդիր չի առաջանալու, եթե կարողանանք այդ օրինակը ներկայացնել մյուս երկրներին ևս: Այս գործընթացը չտապալելու համար կարևոր է նաև հասկանալ, թե ովքեր են բանակցողները: Եթե Ֆրանսիան ու Գերմանիան խոսեն, ապա հաջողություն կլինի:
– Ձեր կարծիքով` պատահական չէի՞ն նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի դիտարկումները, թե Օլանդը Հայաստանում ապրիլի 24-ին խոսելու է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին:
– Ոչ, բնավ պատահական չէր: Եվրոպան շատ լավ է հասկանում, որ ռուսների համար կարևոր են Գերմանիան և Ֆրանսիան, եթե նրանք են միջնորդում, չի բացառվում, որ հաջողություն լինի: