Վերականգնվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի նստվածքային հատվածը
Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) տարբեր հատվածներում 2014 թվականին գարնան հորդառատ անձրևների հետևանքով տեղի էին ունեցել փլուզումներ, սողանքներ:
Նույն ճանապարհի 26-րդ կմ-ում 2014թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած փլվածքի
հետևանքով ճանապարհի մի հատվածն ամբողջությամբ քանդվել էր, ինչի հետևանքով
երթևեկությունը դարձել էր միակողմանի:
«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներին հաջողվեց ճանապարհը
քարաբեկորներից մաքրել միայն հատուկ տեխնիկայի կիրառմամբ, և ժամեր անց
երթևեկությունը վերականգնվեց:
Խնդիրը հրատապ լուծում էր պահանջում, քանի որ երթևեկելի մասի եզրը
տրանսպորտային միջոցների համար դարձել էր խիստ վտանգավոր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի
պատվերով «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները հրատապ հիմնանորոգում
պահանջող ծրագրի շրջանակներում ճանապարհի այդ հատվածում կատարել են
հիմնանորոգման աշխատանքներ:
Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, գաբիոնային շարվածքով
հենապատի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտբետոնե
ծածկի կառուցման, ինչպես նաև մետաղական արգելափակոցների տեղադրման և
նշագծման աշխատանքներ:
Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների
հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը` 5.202.084 ՀՀ դրամ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական
աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է
շահագործման:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն