Մթնոլորտ, որը ձևավորում է պատվեր. Վահե Հովհաննիսյան

Բորիս Նեմցովի սպանությունից անմիջապես հետո ռուսական և միջազգային փորձագիտական շրջանակները փնտրում էին մեկ հարցի պատասխան` ո՞վ սպանեց Նեմցովին։ Հնչող բազմաթիվ վարկածների փուլում ռուս հայտնի վերլուծաբաններից մեկը տվեց մի ձևակերպում, որը, ըստ իս, հարցի ամենաընդգրկուն, միաժամանակ նաև` ամենակոնկրետ պատասխանն էր` Նեմցովին սպանեց մթնոլորտը։ Մնացածն արդեն իրավապահների գործն է։

Առանց համապատասխան մթնոլորտի և հանրային որոշակի տրամադրությունների, շատ դժվար է քաղաքական, հանրային գործչի սպանության կազմակերպումը, կամ, թերևս, ցանկացած հնչեղ ոճրագործություն։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլիաս Քանետտին ունի մի ծավալուն աշխատություն` «Crowds and power»` «Ամբոխներ և իշխանություն», որտեղ նա փորձում է հասկանալ, թե ինչպես և երբ են խաղաղ և ստեղծագործ հասարակությունները տրանսֆորմացվում ագրեսիվ և կործանարար ամբոխի, ինչպես է խաղաղ, քաղաքակիրթ մրցակցությունը վերածվում սպանելու և ոչնչացնելու որոշման։

Ո՞րն է այն սահմանագիծը և այն մթնոլորտը, որը ծնում է ինքնակոչ դատավորներ` պատժելու, սպանելու որոշումներ կայացնելու հոգեբանական իրավունքով։ Գրված են բազմաթիվ գիտական և գեղարվեստական գրքեր, նկարահանված են բազմաթիվ ֆիլմեր, պաշտպանված են հարյուրավոր ատենախոսություններ` հասկանալու համար, թե ինչպես հնարավոր եղավ ֆաշիզմի զարգացումը, ինչպես հնարավոր եղավ 37 թիվը, և ինչպես ձևավորվեցին տասնյակ բռնապետական, ավտորիտար ռեժիմներ, որոնք շատ թանկ նստեցին ժողովուրդների և պետությունների վրա։

Բոլորիս աչքի առաջ Եվրոպայում կրկին թափ են առնում ազգայնական հոսանքները և քաղաքական ուժերը։ Աշխարհի տարբեր հատվածներում կրոնական անհանդուրժողականության, արմատականության ակտիվացման խնդիրը հանգեցնում է մթնոլորտի վտանգավոր փոփոխությունների, և դարձյալ որպես ուղղակի հետևանք` սպանելու իրավունքի և կեղծ առաքելության գաղափարի տարածմանը։ Ռուսաստանում մթնոլորտը, ցավոք, հետդարձ է կատարում դեպի խորհրդային մի ավանդույթ, երբ պաշտոնական տեսակետները չկիսող մտավորականների և գործիչների կյանքը պարզապես թունավորվում է ծավալուն «պրոլետարական» պրոպագանդայի միջոցով։

Կարդացեք նաև

Հայաստանում նույնպես օրակարգային է գտնել պատասխանը, թե ինչու է հնարավոր այս կամ այն զարգացումը, միտումը։ Ինչպես է դա հնարավոր 21-րդ դարում, անկախության 25-րդ տարում։ Հայաստանում նույնպես վերջին շրջանում մենք ականատես ենք լինում հանրային, հրապարակային գործիչների ծեծի, առևանգման դեպքերի, ցուցադրական քրեական հաշվեհարդարների, խմբակային ռազբորկաների, հրապարակային պատվերների, հանրային գործիչների հրապարակային, զանգվածային ինքնանվաստացման դրվագների, քաղաքական դևալվացիայի և այլն։

Իմ խորին համոզմամբ` սրանք հետևանք են Հայաստանում ձևավորվող նոր մթնոլորտի։ Մի մթնոլորտ, որտեղ հսկայական դեր են կատարում ագրեսիվ, ուղղորդվող լրատվական հոսքերը, մարդկանց վարկաբեկելու պատվերների հեշտ կայացումն ու իրականացումը։ Մի մթնոլորտ, որտեղ սկզբունքներ, տեսակետներ փոխելը մեկ շաբաթվա խնդիր է։ Մթնոլորտ, որտեղ խաղի կանոն է տարբեր աշխատասենյակներում նույն հարցի շուրջ տարբեր հայացքներ ունենալը։

Բայց սա ամենակարևորը չէ։ Սա, մեծ հաշվով, հետևանք է երկրում ստեղծված մի այլ հասարակական մթնոլորտի, որը բնութագրվում է երկու բառով` հուսահատություն և անտարբերություն։ Շատ կարևոր է հասկանալ, թե որ գործոններն են առավել մեծ ազդեցություն ունենում ներհայաստանյան հասարակական տրամադրությունների և մթնոլորտի վրա, որոնք են այդ մթնոլորտի հիմնական բնութագրիչները, և ինչի կարող է դա հանգեցնել։

Հայաստանի բնակչության մոտ 32 տոկոսն ապրում է աղքատության մեջ։ Դա մոտավորապես 950 հազար մարդ է։ Մոտ 100 հազարն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Մոտ 250 հազար մարդ ստանում է նվազագույն` հիսուն հազար դրամ աշխատավարձ։ Սրան պետք է ավելացնենք արտագաղթի ցուցանիշները` այլ երկիր տեղափոխվելու որոշում կայացրած և դրա իրականացումը կոնկրետ քայլերով սկսած մեր տասնյակ-հազարավոր քաղաքացիներին, ու նաև նրանց, ովքեր ունեն ցանկություն հեռանալու, բայց դեռևս չունեն կոնկրետ տարբերակների վերաբերյալ որոշում և ծրագիր։

Ակնհայտ է, որ այս թվերի հետևում պետք է լինի լրջագույն անհատական կամ զանգվածային մոտիվացիա։ Այդ թվում` սոցիալական խնդիրները, հայրենիքում զարգանալու, ինքնադրսևորվելու հեռանկարի բացակայությունը։ Սրանք մեր հասարակության բնորոշիչներն են։ Եվ կարիք չկա մանրամասն հիմնավորելու, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ամեն օր առնչվում է դրան։

Ի՞նչ հասարակական մթնոլորտ կարող է ձևավորվել նման օբյեկտիվ կամ թեկուզ կիսաօբյեկտիվ ցուցանիշների պարագայում։ Ի՞նչ հանրային պատվեր կարող է ձևավորել այսպիսի հասարակությունը։ Այսպիսի պայմաններում չի կարող ձևավորվել կրթության, արվեստի, ներհասարակական հանդուրժողականության, զսպվածության պատվեր կամ մթնոլորտ։ Ընդհակառակը` օր օրի մեծանում է հասարակական և անհատական չարությունը, անհանդուրժողականությունը։ Ի՞նչ մթնոլորտ կարող է ձևավորվել երկրում, երբ հասարակությունը վստահ է, որ ինքն ընտրությունների միջոցով չի կարող փոփոխություններ իրականացնել։ Սա համատարած ապատիայի համար լրջագույն խթան է։

Հիմա կենցաղային հարթության մեջ փորձենք հասկանալ նաև միջին աշխատող ընտանիքի ապրելաոճը։ Տեսեք. ամենախաղաղ, ամենամիջին, կրթված, 4-5 հոգանոց, երկու աշխատող ծնողներով ընտանիքը` ճնշող մեծամասնությամբ, լուծում է ոչ թե ապրելու` բառի լայն իմաստով, այլ`ուղղակի գոյատևելու, ֆիզիոլոգիապես ապրելու խնդիրը։ Եթե ծնողներից մեկն ամենահարգված մասնագիտության մարդ է, ասենք` ուսուցիչ, առավոտից մինչև երեկո աշխատելով` ստանում է 110-120 հազար աշխատավարձ, մյուս ծնողը` նույնպես հարգված ու դժվար մասնագիտության կրող է, ասենք` բժիշկ, ու ստանում է նույնպես 110-120 հազար աշխատավարձ, ապա այդ ընտանիքը չի ունենալու ո՛չ հնարավորություն, ո՛չ ցանկություն` ապրելու 21-րդ դարի միջին վիճակագրական ընտանիքի չափանիշներով։ Չի գնալու թատրոն, օպերա, չի մտնելու գրախանութ, չի գնալու հանգստանալու, չի ունենալու որակյալ բուժօգնության հնարավորություն։ Չի կարողանալու հյուր գնալ, հյուր ընդունել։ Ընտանիքը կենտրոնացած է լինելու կոմունալ վարձերի, տարրական սննդի ապահովման գերխնդրի վրա։

Այդպիսի ընտանիքներ Հայաստանում տասնյակ-հազարներ են։ Խնդրեմ` աղքատության, գործազրկության, ծայրահեղ աղքատության կողքին ևս մեկ՝ հանրային տրամադրությունների պատվիրատու։ Հասարակությունը սկսում է օտարանալ բոլոր կարևոր խնդիրներից ու պրոցեսներից։ Կիսասոված, հուսալքվող, չարացող հասարակության հաջորդ քայլն օտարանալն է պետության և հանրային կյանքից։ Ակնհայտ նկատվում է այս միտումը։ Նկատվում է հասարակությանը համախմբող թեմաների կտրուկ անկում։ Ներքին էմիգրացիայի երևույթը վարակի նման տարածվում է ողջ երկրով` օր օրի ներգրավելով նոր ընտանիքներ և խմբեր։

Հարյուր-հազարավոր մարդիկ ապրում են Հայաստանում, բայց գիտակցաբար իրենց հեռու են պահում ներհայաստանյան կյանքից` չեն նայում հայկական հեռուստաալիքներ, չեն հետևում հայաստանյան լրահոսին, իրենց չի հետաքրքրում սահմանադրության փոփոխությունը, պետական համարգում նոր նշանակումները, օրենսդրական փոփոխությունները, ԱԺ աշխատանքները, պետական մրցանակների, պարգևների հանձնումը, պետական նշանակության մշակութային, հասարակական իրադարձությունները և այլն։

Հաջորդ խնդիրը, որը տրամաբանորեն պետք է քննարկվի, հասարակությանը համախմբող ձևաչափերի բացակայությունն է։ Հայաստանում չկան արհմիություններ, որոնք կմիավորեին նույն խնդիրներն ունեցող շահառուների։ Հայաստանում, մեծ հաշվով, չկան կոլեկտիվներ` արդյունաբերության բացակայության պատճառով, Հայաստանում չեն լինում խոշոր մարզամշակութային իրադարձություններ, որոնք գոնե մեկ կամ մի քանի օրով կմիավորեին մարդկանց։ Հայաստանում կուսակցություններն այնքան չկայացած են, որ դրանք նույնպես չեն կարող համարվել ընդհանրական հայացքներ ունեցողների միավորման ֆորմատ։ Հասարակական կազմակերպությունները, ճնշող մեծամասնությամբ, մի քանի հոգանոց հաստատություններ են։ Մենք ստանում ենք չմիավորվող, խիստ անհատականացված հասարակության պատկեր։ Սա չափազանց վտանգավոր միտում է։

Եթե անհատն իրեն չզգաց ընդհանուր հասարակության մի մասը, ապա իր գործունեության բոլոր դրվագներում ենթագիտակցորեն իրեն կզգա օտարացած։ Սկսած իր տան դիմացի ձյունը մաքրելուց` մինչև ավելի լուրջ համապետական խնդիրներ։ ՀՀ-ում, ըստ էության, կա ընդամենը երեք միջոցառում, որն այս կամ այն չափով դառնում է ընդհանրական` դեպի Ծիծեռնակաբերդ երթը` տարվա մեջ մեկ օր, «Եվրատեսիլը»` տարվա մեջ մեկ օր, և հանրահավաքները։ Ինչո՞ւ եմ ես կարևորում հասարակական մթնոլորտի և հանրային տրամադրությունների թեման։ Որովհետև պետք է պարզ հասկանալ` նման տրամադրությունների և մթնոլորտի պարագայում արդյոք ունա՞կ են պետությունները և ժողովուրդները մեծ խնդիրներ և նպատակներ ձևակերպելու և լուծելու։

Հսկայական բացասական սպասումներով հասարակության պարագայում արդյոք իրատեսակա՞ն է սպասել տնտեսական ակտիվացում, ներդրումներ, ակտիվ գործունեություն, ստեղծագործ միտք ու ձեռնարկում։ Հազիվ թե։ Իհարկե, տնտեսության քիչ թե շատ բարելավումը որոշակիորեն կազդի հասարակության տրամադրությունների վրա։ Բայց խոշոր հաջողությունների համար պետք է մարդկանց գիտակցության, հասարակական մտածողության մեջ արմատական փոփոխություններ մտցնել։ Սա պետք է փորձի անել իշխանությունը, կառավարությունը, եթե, իհարկե, ինքն այդ գաղափարի կրողն է։ Այդ պարագայում իշխանության համար ավելի հեշտ կլինի ստանալ աջակցություն հասարակության տարբեր առաջադիմական թևերից։

Մենք պետք է հասկանանք, որ ունենք երկու տարբերակ. առաջինը` շատ արագ կորցնել երկրի առաջադիմական պոտենցիալը, մտածող և կարծիք ունեցող զանգվածներին, որովհետև նրանք չեն ուզում այս մթնոլորտում ապրել, ապավինել կոնֆորմիստների, լռակյացների, անկարծիքների` օրեցօր մեծացող զանգվածին։ Այդ պարագայում մենք կունենանք թույլ և մեծ խնդիրներ լուծելու ոչ ունակ պետություն։ Եվ կամ էլ մենք բոլորս կարձանագրենք խնդիրը, դրա լրջությունը, ու տեսանելի քայլերով կփորձենք փոխել իրավիճակը` առողջ զարգացող հասարակություն և ուժեղ պետություն ունենալու գերխնդրով։ Մնացած բոլոր պրոյեկտները ժամանակ ձգելու փորձեր են, որտեղ չի երևում ո՛չ պետության, ո՛չ հասարակության շահը։

Ջ. Օրուելի «Միշտ գոռա ամբոխի հետ` դա ապահով լինելու միակ միջոցն է» բանաձևը մաթեմատիկական ճշգրտությամբ է բնութագրում հասարակական ողբերգությունը։ Սրանից խուսափելու համար հայ հասարակությունն այսօր կարիք ունի անհատական ձայների։

Փակուղուց դուրս գալու համար պետք է խրախուսել և լսելի դարձնել անհատների ձայները, և ոչ թե` բոլորին պահեստավորել «մեզ հետ» կամ «մեր դեմ» ճամբարներում։ Հակառակ պարագայում մթնոլորտը մեզ մոտ կշարունակի ծնել անտարբերություն, ստորություն, բռնարարքներ, սպանություններ, պատմական կորուստներ, ու վերջնականապես կփոխի պետության և հասարակության զարգացման կորը։

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ ԱԺ պատգամավոր

Տեսանյութեր

Լրահոս