Երբ բոլորը կողմ են

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը միավորել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերին:

Երեկ ԱԺ նիստում խորհրդարանական բոլոր խմբակցությունները կողմ արտահայտվեցին նախագծի վերաբերյալ: Ի դեպ, այն հեղինակել են Էդուարդ Շարմազանովը, Արմեն Ռուստամյանը, Հովհաննես Սահակյանը, Էդմոն Մարուքյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թևան Պողոսյանը, Գուրգեն Արսենյանը, Հեղինե Բիշարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հերմինե Նաղդալյանը, Մարգարիտ Եսայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Մելիքյանը և Արագած Ախոյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ 1948թ. ՄԱԿ-ն ընդունել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն` իրականացված քաղաքականությունը որակվում է որպես ցեղասպանություն, որի վրա էլ հիմնվելով, 2007թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. քրիստոնյա ազգաբնակչության` հայերի, ասորիների, փոքրասիական և Պոնտոսի հույների դեմ իրականացված բռնությունները որակել է` որպես ցեղասպանություն:

Շարմազանովը նշեց, որ, ընդհանուր առմամբ, այս տարիներին Թուրքիայում ցեղասպանության զոհ է դարձել 1-1.1 մլն հույն և 250-300 հազար ասորի:

«Ցանկանում եմ նշել, որ այս նախագիծը 1 օրում կամ 1 տարում չի մշակվել, այլ անցել է մի քանի տարվա քրտնաջան աշխատանքի ճանապարհ, որին մասնակցել են բոլոր խմբակցությունները, ասորական և հունական համայնքների ներկայացուցիչները, պատմաբաններ, թուրքագետներ, գիտնականներ, ինչո՞ւ չէ, նաև Սփյուռքի մեր գործընկերներ»,- կարևորեց Է. Շարմազանովը՝ հավելելով, որ օրինագծի վրա աշխատանքը սկսվել է 4 տարի առաջ` երջանկահիշատակ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հետ:

Կարդացեք նաև

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացասական գնահատեց, որ օրինագիծն ուղղված է ոչ թե երևույթի, այլ թուրքերի դեմ: Նա նշեց, որ դեմ էր, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչվեցին ԱԺ-ից: Հիշեցնելով, որ իր վարչապետության տարիներին է Ղարաբաղյան պատերազմն ընթացել, Հ.Բագրատյանը հայտարարեց, որ այնուամենայնիվ մի օր «դրանց հետ պետք է լեզու գտնենք»: Ըստ Բագրատյանի, օրինագծում պետք է նշվի, որ ճանաչման գործընթացը շարունակական է, և ՀՀ-ն անդրադառնալու է մյուս ցեղասպանություններին: Պատգամավորի խոսքով` ցավալի է, որ մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչել են միայն 22 պետություններ.

«Ինչո՞ւ են հող ուզելով` ջրում Ցեղասպանության ճանաչման գործընթացը: ՀՀ պետությունը չի կարող տանել հող ուզելու քաղաքականություն: Առանձին մարդիկ կարող են դա անել:

ՀՀ պետությունը պետք է հետամուտ լինի ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ինչքան ցեղասպանություն կա, մենք պետք է վազենք ու ճանաչենք»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:

«Սա հայտարարություն չի` «ընդդեմ», սա հայտարարություն է` «հանուն»: Ես մերժում եմ Ձեր առաջարկը, որովհետև կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որ դեկտեմբերի 9-ն ընդունվի Ցեղասպանության միջազգային օր և դրանում ներառվեն բոլոր ցեղասպանությունները»,- հակադարձեց Է.Շարմազանովը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով` անցած շուրջ 23 տարիների ՀՀ բացթողումն է, որ այսօր է քննարկվում այս օրինագիծը: Նա ՀՀՇ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց Ղարսի` Մոսկվայի պայմանագրի վերաբերյալ դատապարտող հայտարարություն չունենալու համար:

Ըստ Զ. Փոստանջյանի` Թուրքիան հավերժ չէ, ինչպես կազմավորվել է, այնպես էլ պետք է քանդվի: Ըստ նրա` հարևան լինելու հանգամանքը չպետք է խոչընդոտի դատապարտմանը. «Որքան դրսևորենք պետական մոտեցում, այնքան հաշվի կնստեն մեզ հետ: Որքան վախվորած մոտեցում դրսևորենք, այնքան հաշվի չեն նստի»: Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստան Գյուլի գալու հետ կապված` Լևոն Տեր-Պետրոսյանը հետաձգեց հանրահավաքը, քանի որ ողջունում է բարեկամության քաղաքականությունը: Զ. Փոստանջյանը կոչ արեց սթափվել, հասկանալ ու գնահատել, որ ներկայիս Թուրքիան և 100 տարի առաջվա Թուրքիան նույն քաղաքականությունը վարող միավորն է, ոչինչ չի փոխվել, ինչ եղել է հարյուր տարի առաջ, նույնը շարունակվում է այսօր: Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՀ-ն պետք է փոխվի և ՀՀ-ն պետք է իր ձեռքը երկաթե շերեփ վերցնի:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ բոլոր ցեղասպան ժողովուրդները պարտվել են Թուրքիային, այսօր էլ Թուրքիան իր ձեռագիրը շարունակում է: Ըստ նրա` միասնական ճանապարհով ավելի լուրջ հաջողության կարելի է հասնել: Ռ. Հակոբյանը դիմեց ԱԺ ղեկավարությանը և խմբակցություններին` բոլոր ցեղասպանություններ ապրած, տեղահանված ժողովուրդների խորհրդարանների մակարդակով ձևավորել խումբ, որն ավելի արդյունավետ կգործի, գուցե նաև դիմեն Հաագայի դատարան:

«Ցեղասպանության ճանաչումը միայն հայկական օրակարգ չի, նաև միջազգային օրակարգ է»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` Ցեղասպանությունը չի կարող ունենալ պատմական ժամկետ ու միայն պատմաբանների խնդիրը չէ: Ռուստամյանի խոսքով` չդատապարտված ցեղասպանությունը նոր ոճիրների տեղիք է տալիս: Պատգամավորը նշեց, որ ժխտողականությունը և խոսքի ազատությունը զուգահեռներ չունեն, ժխտողականությունը հանցագործությունն է պարտակում և միտում ունի խուսափել պատասխանատվությունից, դրա համար շատ երկրներում քրեականացված է:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մենք ունենք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիր և չպետք է անտեսենք միջազգայնորեն ճանաչված բոլոր ցեղասպանությունները, և մինչև ապրիլի 24-ը պետք է մեր վերաբերմունքն արտահայտենք:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ երբ գործընթացն իրավական տեսակետից ընդունված կլինի, ՀՀ-ն պատրաստ է նոր բանակցություններ վարել Թուրքիայի հետ: Նա ճիշտ համարեց, որ նախագծում տարեթվերը պետք է հանել, քանի որ ցեղասպանությունների շարանը Թուրքիայում սկսվել է 1890-ական թվականներից: Ըստ նրա, Հոլոքոստի դեպքում միջազգային հանրությունը գործ ուներ ժողովրդավար Գերմանիայի, հայերի դեպքում` «տապոռային Թուրքիայի հետ», և ճիշտ չէ հայտարարել, որ 123 պետություն ընդունել է Հոլոքոստը, իսկ Հայոց ցեղասպանությունն ընդունել է միայն 23 պետություն:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս