Հավանական է, որ Հայաստանի իշխանությունը պարզապես ժամանակ կձգի

«Մինչև ԱլԳ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովը՝ ՀՀ-ԵՄ բանակցություններն ավարտին հասցնելու և համաձայնագիր ստորագրելու հավանականությունը փոքր է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է հեղինակավոր «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը` անդրադառնալովՀՀ_ԵՄ հարաբերությունների ապագային և Ռիգայի գագաթնաժողովին:

Նա նշեց, որ մինչև Ռիգայի գագաթնաժողովը՝ մնացած երկու ամսում բանակցություններն ավարտին հասցնելու և համաձայնագիրը ստորագրելու հավանականությունը փոքր է: Ըստ նրա` ընդհանուր առմամբ, հնարավոր է այդ նպատակն իրականացնել, սակայն մանրակրկիտ աշխատանք է պահանջվում` հաշվի առնելով նաև ԵՄ-ի 28 անդամների համաձայնությունը ստանալու անհրաժեշտությունը:

Գրիգորյանի խոսքով, հավանական է, որ Հայաստանի իշխանությունը պարզապես ժամանակ կձգի` «մտքերի փոխանակման» գործընթացից առաջ չանցնելով, որպեսզի ավելորդ անգամ ցույց չտա, որ կրկին Մոսկվայից ստացված ցուցումներով է առաջնորդվում:

«Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ մերձեցման նկատմամբ Ռուսաստանի բացասական վերաբերմունքը գաղտնիք չէ: Հայտնի է, որ չնայած նախկինում եղած բացահայտ սպառնալիքներին` ռուս պաշտոնյաների կողմից, մամուլի միջոցով, կոնֆերանսներում ելույթների միջոցով և այլն, հայ պաշտոնյաները սպառնալիքների առկայությունը միշտ ժխտում են` խոսելով «անվտանգության երաշխիքների» և «ազգային շահի» մասին: Այդպիսով՝ թե՛ իրենց, թե՛ ռուսների համար ավելի հարմար է պարզապես թույլ տալ, որ մինչև գագաթնաժողով եղած ժամանակը սպառվի` որպեսզի սպառնալիքների վերաբերյալ ավելորդ անգամ չխոսվի»,- նման տեսակետ հայտնեց Արմեն Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ ԱլԳ-ն ի սկզբանե տարբերակված մոտեցում էր նախատեսում, սակայն հենց ԵՄ-ի որոշ պաշտոնյաների մեղքով այդ մոտեցումը խախտվել էր:

«Օրինակ, Մոլդովան և Վրաստանը կատարել էին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման համար անհրաժեշտ պայմանները` նախքան Հայաստան-ԵՄ բանակցությունների ավարտը, սակայն ԵՄ-ն որոշել էր բոլորի հետ պայմանագրերը միաժամանակ նախաստորագրել` 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովի ընթացքում:

Այժմ տարբերակված մոտեցումը կարևոր է այնքանով, որ հնարավորություն է տալիս անգամ առանց Ասոցացման համաձայնագրի ունենալ ԵՄ-ի հետ ավելի խորը հարաբերություններ, քան Ադրբեջանն ու Բելառուսը»,- ասաց նա:

Արմեն Գրիգորյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս