Էրդողանն արտասահմանյան այցերի համար կօգտագործի Աթաթուրքի զբոսանավը
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օգտագործելու է Savarona պատմական զբոսանավը, որը պատկանել է երկրի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, ով իր արտասահմանյան մի շարք այցեր իրականացրել է այդ նավով և դրա վրա ընդունել է օտար երկրների ղեկավարների:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը. «Զբոսանավը կարող է նախագահին ուղեկցել նրա արտասահմանյան այցերի ժամանակ կամ էլ օգտագործվել օտար երկրների ղեկավարներին ընդունելիս:
Այդպիսով, երկրի նախագահը հնարավորություն կունենա արտասահմանում գտնվելիս նրանց ընթրիքի հրավիրել Թուրքիայի տարածքում: Ներկայումս շարունակվում են նավի վերականգնողական աշխատանքները»:
Մարտի սկզբին Էրդողանն առաջին անգամ զբոսանավի վրա ընդունել է օտարազգի քաղաքական գործչի՝ բոսնիացի մուսուլման Բաքիր Իզետբեգովիչին, որի հետ նա շրջել է Բոսֆորով: 136 մետր երկարությամբ Savarona զբոսանավը 1931 թվականին կառուցվել է ամերիկացի ինժեներ Ուիլյամ Ֆրենսիս Գիբսի նախագծով:
1938 թվականին Թուրքիայի կառավարությունը գնել է այն և հանձնել է Աթաթուրքին: 1989 թվականին այն գնել է թուրք գործարար Քահրաման Սադիքօղլուն՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցելու համար, սակայն 2010 թվականին պետությունը հետ է գնել պատմական զբոսանավը: