Մինչև Սերժ Սարգսյանի հայտարարությունն էլ Ադրբեջանը գործում էր նույն մարտավարությամբ. փորձագետ

«Եթե մենք հիշողությունից թույլ չենք, ապա այդ դիվերսիոն հարձակումները կային նաև մինչև այդ հայտարարությունը և բավականին ինտենսիվ էին, երևի նույն ինտենսիվությամբ, ինչպես հիմա»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ղարաբաղաադրբեջանական սահմանի լարված իրավիճակի և նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության միջև եղած կապի մասին՝ նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը՝ ընդգծելով, թե իր կարծիքով՝ որևէ կապ չկա այդ երկու իրողությունների միջև:

Հիշեցնենք, որ օրերս «Արարատի ստորոտին» ֆորումի ընթացքում ՀՀ նախագահն ասել էր, թե այն, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Դրան անմիջապես հաջորդեց սահմանի բավականին լարված իրավիճակը, որտեղ սպանվեցին նաև հայ զինվորները:

Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետն ասաց, որ լարված իրավիճակը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ադրբեջանի զինված ուժերը, ղեկավարությունը նպատակներ ունեն, որոնք լուծում են դիվերսիոն հարձակումների, գործողությունների միջոցով. «Թե ի՞նչ նպատակներ են դրանք, կարելի է միայն ենթադրել, բայց նախագահի հայտարարության և այդ իրավիճակի միջև անմիջական կապ ես չեմ տեսնում, որովհետև, կրկնում եմ, մինչև նախագահի հայտարարությունն էլ նույն մարտավարությամբ Ադրբեջանը գործում էր»:

Հարցին՝ իսկ սովորաբար նման հայտարարությունները չե՞ն կարող ազդել սահմանում իրավիճակի փոփոխության վրա, փոձագետը պատասխանեց, որ լարվածություն կարող են բերել, բայց կոնկրետ այս դեպքի համար ինքը չի տեսնում այդ կապը. «Բացառել չենք կարող, որովհետև պարզ է, որ ինչ-որ բան հնչում է այնպես, որ մեր դաշակից ընկերոջ դուրը չի գալիս, նա չի քնի, սուս չի մնա, ինչ-որ գործողություններ կձեռնարկի, բայց, որ միանշանակ անմիջապես գնային այն քայլերին, որոնք եղել են արդեն, ուղղակի կապել չի լինի»:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանգամանքը նշանակություն ունի՞ այս լարվածության համար՝ հաշվի առնելով, որ այս տարին սկսել ենք սահմանում լարված իրավիճակով, բազմաթիվ զոհերով, Գ. Կարապետյանը պատասխանեց, որ ինչ-որ տեղ կա այդ կապը, որովհետև «Թուրքիան Ադրբեջանի թիկունքում կանգնած է, և թուրք շատ դիվանագետներ, խորհրդականներ, ռազմական խորհրդատուներ աշխատում են Ադրբեջանում»: Ըստ նրա՝ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները լարված լինեն, և համաշխարհային մասշտաբով Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները չլինեն այնպես, ինչպես մենք ենք նախատեսել:

Հարցին էլ, թե այդ պարագայում հայկական կողմի գործողություններն ինչպիսի՞ն պետք է լինեն, ռազմական փորձագետը պատասխանեց, որ հայկական կողմն իրեն պահում է այնպես, ինչպես պետք է պահի. «Որովհետև Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն անպատասխան չի մնում, և նա բազմապատիկ անգամ պատասխան է ստանում: Այսինքն՝ մենք պետք է ցույց տանք, որ Ցեղասպանության 100-ամյակը նշելով՝ նաև պատրաստ չենք հաջորդ ցեղասպանությանը դիմավորելու, այլ պատրաստ ենք հակահարված տալու ցանկացած այդպիսի մտադրություն ունեցող երկրի»:

 

Տեսանյութեր

Լրահոս