Բաժիններ՝

Ճգնաժամ. վերադարձ 2009 թվական

Որքան էլ չցանկանանք հոռետես գտնվել և բացասական սպասումներ ձևավորել, այդուհանդերձ, ստիպված ենք խոստովանել, որ Հայաստանում հերթական տնտեսական ճգնաժամն է սկսվել։ Ու որքան էլ մեր պաշտոնյաները խուսափեն այդ բառից, որքան էլ հայտարարեն, թե դեռ վաղ է հոռետես լինել, դեռ հնարավոր է ապահովել 4.1% տնտեսական աճ` ինչպես նախատեսված է բյուջեով, ճգնաժամի ծիլերն արդեն երևում են։ Ընդ որում, երևում են պաշտոնական վիճակագրությամբ։

Ճգնաժամի մասին վկայում են առաջին հերթին` արտաքին առևտրի տվյալները։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2015 թվականի հունվար-փետրվար ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը, նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ, նվազել է 27.7%-ով և կազմել 592.5 միլիոն դոլար։

Այդ թվում` արտահանման ծավալը տարվա առաջին երկու ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 25.2%-ով և կազմել 163.1 միլիոն դրամ։ Ներմուծման ծավալը 2015 թվականի հունվար-փետրվարին կազմել է 429.4 միլիոն դոլար` 28.6 տոկոսով քիչ, քան 2014 թվականի հունվար-փետրվարին։ Պարզ է, մեր տնտեսական բլոկի պատասխանատուները դեռ կհայտարարեն, որ հունվար-փետրվարը տարվա սկիզբն է, և այդ 2 ամիսների արդյունքների հիման վրա չի կարելի հեռուն գնացող եզրակացություններ անել։ Բայց դա անկեղծ չի լինի։ Որովհետև կարելի է եզրակացություններ անել` հունվար-փետրվարը համեմատելով նախորդ տարիների հունվար-փետրվարի հետ։

Ու երբ համեմատում ենք, սարսափելի պատկեր է ստացվում։ Արտաքին առևտրի ավելի լուրջ անկում տարվա առաջին երկու ամիսներին ունեցել ենք միայն 2009 թվականին, երբ ճգնաժամ էր։ Արտահանման ծավալն այն ժամանակ նվազել էր 44.8%-ով։ Իսկ ներմուծման ծավալի անկման տեմպն ավելի ցածր էր (21.2%), քան այս տարի։ Այսինքն, բնակչության գնողունակությունն այս տարի ավելի շատ է ընկել, քան 2009 թվականի սկզբին։

nerm-art-2009-2015

Պատկերը պակաս սարսափելի չէ, երբ դիտարկում ենք արտահանման ու ներմուծման ծավալները` բացարձակ թվերով։ Այս տարվա հունվար-փետրվարի արտահանման ծավալը համադրելի է 2011 թվականի հետ։ Իսկ ներմուծման առումով վիճակը պարզապես խայտառակ է։ Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-փետրվարին ունեցել ենք 429.4 միլիոն դոլարի ներմուծում, իսկ 2009 թվականի հունվար-փետրվարին` 427.5 միլիոն։ Այսինքն` գրեթե հավասար։ Սակայն, եթե հաշվի առնենք անցած 6 տարիների գնաճը, ապա կարող ենք ասել, որ ներմուծման ծավալն այս տարի զգալիորեն զիջում է 2009 թվականի նույն ժամանակահատվածին։

Ընդ որում, եթե 2009 թվականի անկմանը հաջորդեց աճը, ապա այս անգամ կարծես գործ ունենք ավելի երկարատև խնդիրների հետ։ 2014 թվականին արտաքին առևտուրը նույնպես անկում էր գրանցել (արտահանումը` -3.2%, ներմուծումը` -6.7%)։ Այս տարի անկման տեմպն ավելի բարձր է, իսկ կանխատեսումներն ամենևին լավատեսական չեն։ Փորձագետներն իրավիճակի բարելավում կանխատեսում են, լավագույն դեպքում, 2-3 տարի անց։

Հիշեցնենք, 2015 հունվարին, երբ պարզ դարձավ, որ արտաքին առևտրի ծավալները կրճատվել են երկնիշ թվերով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շտապեց բոլորին հանգստացնել` տարբեր հիմնավորումներով։ Դրանցից մեկն այն էր, որ այս տարվա հունվարին տոներն ավելի երկար են տևել, այսինքն` ավելի քիչ ենք աշխատել։ Մյուս հիմնավորումն այն էր, որ ԵՏՄ-ին անդամակցության հետ կապված` արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջությամբ չեն հաշվարկվել, և թվերը դեռ ճշգրտվելու են (ասել է թե` խնդիրը տեխնիկական է)։

Հաջորդ հիմնավորման համաձայն` հունվար ամսվա ընթացքում գործարար հանրության մոտ դեռևս առկա էին ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված որոշակի անորոշություններ և սպասողական տրամադրություններ` կապված նոր պայմաններում արտաքին առևտրային գործունեություն ծավալելու ընթացակարգերի հետ (մասնավորապես` մաքսային ձևակերպումներ, մաքսային վարչարարություն, անհրաժեշտ փաստաթղթեր, և այլն)։

Որպես պատճառ` նշվում էր նաև 2014 թվականի տարեվերջի և 2015 թվականի հունվար ամսվա ընթացքում ռուսական ռուբլու էական արժեզրկումն ու ընթացիկ տատանումները։ Դրանց հետևանքով, մասնավորապես` դեպի Ռուսաստանի Դաշնություն տեղական ապրանք արտահանողների համար, անհրաժեշտություն էր առաջացել կատարել արտահանվող ապրանքի գնի լրացուցիչ ճշգրտումներ, «քանի որ, ԱՄՆ դոլարային արտահայտությամբ կնքված պայմանագրերի պարագայում, արտահանվող ապրանքներն էապես թանկանում են ռուսական ներմուծողի համար, իսկ ՌԴ ռուբլով կնքված պայմանագրերի պարագայում` արտահանվող ապրանքի գինն էժանանում է հայկական արտահանողի համար»։

Նախ` ԱՎԾ-ն այդպես էլ չճշգրտեց հունվարի տվյալները։ Երկրորդ` փետրվարին ամանորյա տոներ չկային, ռուբլին չարժեզրկվեց մեծ տեմպերով, անորոշությունն էլ պետք է որ վերացած լիներ։ Սակայն, արի ու տես, որ 2015 թվականի փետրվարին` 2014-ի համեմատ, ներմուծումը նվազել է 24.1%-ով, արտահանումը` 27.9%-ով։ Սա նշանակում է, որ արտաքին առևտրի անկման պատճառները ոչ թե տեխնիկական ու ժամանակավոր են, այլ խորքային ու երկարատև։ Կարճ ասած, ճգնաժամային իրավիճակ է։

Ի դեպ, ներմուծման ծավալների կրճատումը նշանակում է` ներմուծման հարկերի և մաքսատուրքերի կրճատում։ Ներմուծման ժամանակ գանձվող ԱԱՀ-ի և մաքսատուրքի բազան (աղբյուրը) իր մեծությամբ համարժեք է 2009 թվականի հունվար-փետրվարին։ Սա նշանակում է բյուջետային եկամուտների թերհավաքագրում։

Ու այս ֆոնի վրա բավականին ուշագրավ է դիտվում Հայաստանի կողմից արտաքին աշխարհից հերթական պարտքի ներգրավումը։ Հայաստանը 2 օր առաջ` մարտի 18-ին, տեղաբաշխել է 500 միլիոն դոլարի եվրոբոնդ (եվրոպարտատոմս)` 10 տարի մարման ժամկետով և բավականին բարձր տոկոսադրույքով` 7.5%-ով։ Պարտքն ուղղվելու է բյուջեի ընթացիկ ծախսերի ապահովմանը։

Ինչպես հիշում եք, 2009 թվականին նույնպես կառավարությունը գնաց թանկուկրակ անհասկանալի վարկեր ներգրավելու ճանապարհով, որոնցից մեկը Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարն էր` կրկին բավականին թանկ պայմաններով։ Նմանությունները չափից դուրս շատ են։ Հատկապես, որ այն ժամանակ նույնպես մեր պաշտոնյաները չէին ցանկանում ընդունել, որ ճգնաժամ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս