ԵՏՄ-ից դժգոհ Հայաստանը Եվրոպայի հետ սկսում է նոր օրակարգ մշակել

Երևանյան «եվրոպական շաբաթը» կարելի է համարել ավարտված։ Այս շաբաթ Երևանը հյուրընկալեց «Եվրանեսթ» ԽՎ 4-րդ լիագումար նիստը, որից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին, հանդիպելու ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, ՀՀ այցելեց ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Երևանում կայացավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը ևս։

Ուշագրավ է հատկապես այն, որ «Եվրոպական շաբաթ» կայացավ մի երկրում, որը, լինելով ԱլԳ անդամ, ներկայացնում է Եվրասիական տնտեսական միությունը և այդ միության արժեքները, որոնք հակասում են եվրոպական արժեքներին։ Միջոցառումներին ներկա որոշ եվրոպական պաշտոնյաներ նույնիսկ բավականին համարձակ դիտարկումներով հանդես եկան ՌԴ-ՀՀ դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի կատարած աշխարհաքաղաքական ընտրության վերաբերյալ` հստակ ուղերձ ուղարկելով ՀՀ իշխանություններին, որ «կիսահղի լինել չի կարելի»։ Նախկինում նման հայտարարություններով հանդես էին գալիս ավելի շատ ռուս պաշտոնյաներն ու կրեմլյան խոսնակները։

«Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկի խոսքով` Հելսինկյան եզրափակիչ ակտի հետ մեկտեղ` ընդունվել է նաև Փարիզյան խարտիան, որը վերաբերում է նոր Եվրոպային, և այնտեղ ասվում է, որ ցանկացած պետություն բացառիկ իրավունք ունի ինքն ընտրելու` ում միանալ։ Ըստ նրա` ինչպես Ուկրաինան, նմանապես` Հայաստանն իրավունք ունի ընտրելու, թե ում միանա։ «ՀՀ-ն ընտրել է ԵՏՄ անդամակցության ճանապարհը։ Կիսով հղի չի կարելի լինել։

Մենք Բրյուսելից շատ հստակ ազդակ ստացանք, որ չի կարելի ԵՏՄ-ում լինել և առևտրի համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ»,- ասել էր նա։ Իր հերթին` ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին նշել էր, որ ԵՏՄ անդամակցության դիմաց Հայաստանին տրված անվտանգության երաշխիքները չեն բավարարվել։ Նրա խոսքով, սեպտեմբերի 3-իորոշումը պայմանավորված է եղել անվտանգության երաշխիքներով, որը տրվել է այդ քայլին գնալու համար։

«Առ այն, որ եթե Եվրոասոցացման համաձայնագիր չստորագրի, ապա կլինեն անվտանգության երաշխիքներ, ինչը չի եղել, քանի որ դրանից հետո սահմանում իրավիճակը կրկին լարված է։ Հիմա պետք է վերանայել և արծարծել, թե որքանով են այդ երաշխիքներն իրական»,- նշել էր Բոբինսկին։ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին մեզ հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, թեև այդ կառույցը չունի մեծ հեռանկարներ, ԵՄ-ն այլևս «կամ-կամ»-ի հարց չի դնում Հայաստանի առջև և փորձում է հասկանալ, որ Հայաստանը կախված է իր ունեցած անվտանգության խնդիրներից։ Իսկ ԵՄ-ն, նրա խոսքով, այս պահին այլընտրանք չի կարող առաջարկել, քանի որ այլընտրանք կստեղծվի
ԵՄ-ի սերտ համագործակցության արդյունքում։

ԵՄ-ն, ըստ Չարնեցկու, պատրաստ է հատուկ համաձայնագիր պատրաստել Հայաստանի համար` հատուկ տնտեսական բաղադրիչով։ Հայաստանում տված իր հարցազրույցում ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը ևս նշել էր, որ Հայաստանի համար առանձնահատուկ պայմաններ են մշակվելու։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, չնայած ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությանը, այս օրերին իր երկու ելույթներում` առաջինը` ՀՀ ԱԺ-ում «Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակում, մյուսը` «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի շրջանակում, հաստատեց ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու՝ Հայաստանի հանձնառությունը։ Մեդիա ֆորումի ընթացքում անակնկալ կերպով բավականին կոշտ գնահատականներով անդրադարձավ Ադրբեջան-Ռուսաստան զենքի գործարքներին` դրանք որակելով խնդիր հայ-ռուսական հարաբերություններում, որը պետք է լուծում ստանա։ Սա որոշ փորձագետներ կապեցին Սերժ Սարգսյանի` Բրյուսել կատարելիք այցի, հնարավոր «u-turn»-ի, ինչպես նաև Սարգսյան-Պուտին վերջին հեռախոսազրույցի ընթացքում եվրասիական եռյակի հանդիպմանը Սարգսյանին չհրավիրելու վերաբերյալ հիմնավորումների բացակայության հետ։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով այս միջոցառումների շրջանակում շփումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ, հետևել հայտարարություններին, նախ` անդրադառնալով Սերժ Սարգսյանի կոշտ գնահատականներին, ասաց, որ Սերժ Սարգսյանի նման կոշտ անդրադարձի պատճառն այն է, որ զենքը սկսել է իրեն զգացնել տալ, քանի որ ռուսական զենքն աշխարհում ամենալավ զենքերից է, պարզ է, որ այն ուժեղացրեց Ադրբեջանին և՛ քաղաքականապես, և՛ ռազմական տեսանկյունից, և՛ հոգեպես։ Այդ զենքի արդյունքը, ըստ Գրիգորյանի, այն է, որ ադրբեջանցիները լկտիացել են, քանի որ ժամանակակից սպառազինությունը նրանց հնարավորություն է տալիս ավելի համարձակ գործել, Ադրբեջանի քայլերն օրեցօր ավելի ուժեղ և համարձակ են դառնում, որի արդյունքում հավասարակշռությունը խախտվում է։

«Բոլոր գործոնները մեկտեղվեցին ու հանգեցրեցին նրան, որ Հայաստանն այլևս չկարողացավ լռել ու զգուշացրեց իր ռազմավարական գործընկերոջը, որ այս վիճակը չի կարող շարունակվել, քանի որ «Դուք ուժեղացնում եք մեր թշնամուն»։ Այս հայտարարության մեկ այլ ուղերձն այն էր, որ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի ռազմական աջակցությունը Հայաստանին ՀԱՊԿ-ի շրջանակում։ Ես ողջունում եմ Սերժ Սարգսյանի ելույթը, համարում եմ, որ ժամանակը հասունացել էր»,- նման տեսակետ հայտնեց Ստեփան Գրիգորյանը։

Նա նշեց, որ կարող է հարց առաջանալ` ինչո՞ւ ավելի վաղ չասվեց այս մասին։ Ըստ վերլուծաբանի` առաջինը ռազմավարական գործընկերոջ հետ չպետք է զգացմունքային արձագանքների լեզվով շփվել, երկրորդը` ժամանակը ցույց տվեց վաճառված զենքի հզոր ազդեցությունը։

Խոսելով «Եվրոպական շաբաթի» կարևորության մասին` Գրիգորյանն ասաց, որ գլխավոր հետևությունն այն է, որ Եվրոպան պատրաստ է Հայաստանի հետ շարունակել աշխատել` չնայած ՀՀ անդամակցությանը ԵՏՄ-ին։ Բայց, ըստ նրա, եվրոպացիները հասկանում են, որ ՀՀ անդամությունը ԵՏՄ-ին սահմանափակում է ՀՀ հնարավորությունները Եվրոպայի հետ հարաբերություններում, ուստի Եվրոպան հստակ պնդում է` պատրաստ է դիտարկել նոր օրակարգ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար, քանի որ հին օրակարգն այլևս տեղին չէ ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությունից հետո։
«Պարզապես նրանք ասում են. «Դուք ասեք, թե ինչ եք ցանկանում, ու մենք պատրաստ ենք ուսումնասիրել և քննարկել»։ Ես` որպես փորձագետ, կարծում եմ, որ Հայաստանը պետք է թարմացնի Ասոցացման համաձայնագիրն ու առաջարկի քննարկել դրա հնարավորությունները Ռիգայում` համատեղ հայտարարություն ընդունելով»,- նկատեց Գրիգորյանը։

Վերջինիս համոզմամբ, պատահական չէր, որ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստին, ելույթ, հանդիպումներ ունեցավ տարբեր ձևաչափերով։ «Դա ցույց է տալիս, որ ՀՀ-ն ցանկանում է շարունակել Եվրոպայի հետ։ Բայց դա նաև նշանակում է, որ ՀՀ-ն բավարարված չէ այն աջակցությամբ, որը ստանում է ԵՏՄ անդամակցությունից հետո այդ միությունից։ Ծիծաղելի է, որ եվրասիական երեք երկրների առաջնորդները հանդիպում են, բայց չեն հրավիրում ՀՀ նախագահին։ Ակնհայտ է, որ այդ ոչ հստակ պահվածքը Հայաստանին ստիպում է արձագանքել։ Արձագանքներից մեկը հենց նա էր, որով ՀՀ-ն ցույց տվեց, որ Եվրոպայի հետ ցանկանում է շարունակել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Մեզ հետ զրույցում Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) ավագ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում մեծ դինամիկա է առաջացել, քանի որ ՀՀ իշխանությունները հաստատում են Եվրոպայի հետ մերձենալու իրենց ցանկությունը, իսկ ԵՄ-ն առաջարկներ է պատրաստում Հայաստանի համար հատուկ ռեժիմով։ Նա նշեց, որ այս դինամիկայի արդյունքում ՀՀ-ն ու ԵՄ-ն կկարողանան մշակել մի փաստաթուղթ, որով կպահպանեն երեքուկես տարվա բանակցությունների ձեռքբերումները, և հաշվի առնել ներկայիս իրողությունները, այսինքն` ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը, ինչը բացառում է Հայաստանի առևտրային հարաբերությունների խորացումը ԵՄ-ի հետ։ Լեհ փորձագետի կարծիքով` դա հնարավոր կլինի անել ԵՄ-ի վերանայված հարևանության քաղաքականության համատեքստում, ինչը ենթադրում է ԱլԳ յուրաքանչյուր երկրի հանդեպ յուրահատուկ մոտեցման կիրառում։

Սակայն, նրա համոզմամբ, այս ծրագրերի վերջնական հստակեցումն ու ընթացքը կախված է ուկրաինական ճգնաժամի շուրջ ընթացող զարգացումներից։ Կոնրադ Զաշտովտի կարծիքով` եթե պատերազմն Ուկրաինայում շարունակվի, Ռուսաստանն ու Արևմուտքը չկարողանան ընդհանուր հայտարարի գալ, ԵՄ ընդհանուր հայտարար չձևավորվի ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ, ապա այս ծրագրերը կմնան օդի մեջ, ավելին, ժամանակավորապես կսառեցվեն։

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս