Արա Սանջյան. «Շատ կարևոր օսմանյան սկզբնաղբյուրներ կան, որոնք դեռևս անհասանելի են կամ փակի տակ են»

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Դիրբոռնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Արա Սանջյանը 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի ղեկավարության ևՍփյուռքի կառուցների գործունեության վերաբերյալ Թուրքիայի նախագահի երեկվա կոշտ հայտարարությունը, ասաց, որ, ըստ էության, նման բովանդակությամբ հայտարարությունը նորություն չէ, և այն մաս է կազմում «վերջին տարիների նույն «ձայնասկավառակին», որն արդեն վարժվել ենք լսելով»:

Անդրադառնալով Էրդողանի հայտարարության այն հատվածին, ըստ որի՝ «պատերազմի ժամանակ միայն հայեր չեն ազդվել, այլ նաև այլ ժողովուրդներ», Արա Սանջյանն ասաց. «Իհարկե, Հայոց Ցեղասպանության զոհերը առաջին համաշխարհային պատերազմի միակ զոհերը չեն եղել, բայց, Մեծ Եղեռնը պետք է առանձնացնել համաշխարհային պատերազմի տարբեր ռազմաճակատների վրա իրականացված համատարած սպանդից: Ցեղասպանությունը` պատերազմի քողի տակ, մասնակից պետության կողմից իր իսկ անզեն քաղաքացիների նկատմամբ` էթնիկական խտրականության հիմքով սանձազերծված ոչնչացման քաղաքականություն էր։ Այս առանձնահատկությունն է, որ Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունները փորձում են սքողել կամ մոռացության տալ։ Իսկ այն պնդումը, թե Անատոլիայում հայերի կողմից վնասի ենթարկված հարյուր հազարավոր մարդիկ կան, այնքան, որքան վնասի ենթարկված հայեր, սա անհիմն, ամբոխավարական խոսք է, որ անհնար է համոզիչ կերպով ապացուցել»,- ասաց Արա Սանջյանը:

Իսկ Էրդողանի այն հայտարարությունը, թե Թուրքիան բազմաթիվ արխիվներ ունի, որոնց մեջ բացակայում է Ցեղասպանության փաստը, Արա Սանջյան այսպես մեկնաբանեց.

«Հայոց ցեղասպանության ժամանակահատվածին վերաբերող օսմանյան որոշ արխիվներ վերջին տարիներին տրամադրվել են ուսումնասիրողներին։ Խոսքս հատկապես Վարչապետարանի արխիվների մասին է, որոնց շուրջ վերջին շրջանում այս հարցով հետաքրքրված մասնագետներ են աշխատել, այդ թվում` սփյուռքահայեր։ Այս նորաբաց և, իհարկե, այլ արխիվների զուգադրության հիման վրա կատարված ուսումնասիրություններն արդեն իսկ հրապարակի վրա են։ Սակայն շատ կարևոր օսմանյան սկզբնաղբյուրներ կան, որոնք դեռևս անհասանելի են կամ փակի տակ են (ինչպես օրինակ` Գլխավոր Շտաբի արխիվները), կամ էլ, ենթադրաբար, դրանք 1980-ական թվականներին, փոխադրվել են աչքից հեռու մի այլ տեղ, նույնիսկ չի բացառվում, որ ընդհանրապես ոչնչացվել են։ Վերջին տարիներին բացված նյութերը որևէ ձևով չփոխեցին ցեղասպանության վերաբերյալ գիտական շրջանակների հիմնական ըմբռնումները, բայց, իհարկե, ավելացրին բազմաթիվ հետաքրքրական մանրամասներ։

Մեծ Եղեռնն իբրև ցեղասպանության դասական օրինակ համարող մասնագետների (ներառյալ` հայ) աշխատություններն էլ բնականաբար գրված են գիտական չափանիշերով, օգտագործված սկզբնաղբյուրների հղումներով։ Այս մասնագետները իրենց եզրակացությունները չեն կատարել ուրիշներին անհասանելի նյութերի հիման վրա։ Էրդողանի համակրանքը վայելող պատմաբանները ազատորեն կարող են կարդալ այդ ուսումնասիրությունները, ստուգել դրանց աղբյուրագիտական հիմքը։ Էրդողանի այն խոսքը` թե որքա՞ն փաստաթղթեր ունեք, և հանեք դրանք, որ մասնագետներն ուսումնասիրեն, զուտ հռետորաբանություն է, որ կարող է շփոթեցնել միայն բացարձակ անտեղյակներին»,- նշեց Արա Սանջյանը:

Անդրադառնալով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Էրդողանի արված առաջարկին, մեր զրուցակից պատմաբանն ասաց.

«Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը չարչրկված առաջարկ է։ Ներկա պայմաններում ես այդպիսի քայլն անարդյունավետ եմ համարում։ Այդ մասին հրապարակայնորեն դեռևս 2009 թվականին եմ ասել` հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ԶԼՄ-ներում ընթացող քնարկումների ժամանակ։ Ավելի քան հինգ տարի հետո իրադրությունը չի փոխվել: Քաղաքական հնչեղություն ունեցող հարցի շուրջ քաղաքական պատվերով ստեղծված որևէ հանձնաժողովի աշխատանքից լուծում ակնկալելը կա՛մ երազատեսություն է կա՛մ հարցը «քնեցնելու» միտված խորամանկ քայլ։

Վերջին տարիներին պարոնայք Էրդողանի ու Դավութօղլուի հայտարարությունները Հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին հաճախ հակասական են եղել։ Այս վերջին հայտարարությունը կրկին վերադարձ էր դեպի նախաէրդողանյան, քեմալական հռետորաբանություն, որ դժբախտաբար հարցականի տակ է առնում նաև նույն Էրդողանի ու Դավութօղլուի կողմից ուրիշ առիթներով կատարված այլ, ավելի մեղմ արտահայտությունների արժանահավատությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միչիգանի համալսարանի պրոֆեսորը:

 

Տեսանյութեր

Լրահոս