Ակտիվանում ենք, բայց քիչ ենք արտադրում
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2015 թվականի հունվար-փետրվար ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5%-ով։
Գյուղատնտեսության ոլորտը տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով տվել է 43 միլիարդ դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.6%-ով։ 4.6%-ով աճել է ծառայությունների ոլորտը՝ տալով 165 միլիարդ դրամի արտադրանք։ Անգամ շինարարության ոլորտը աճել է 0.8%-ով (արտադրանքի ծավալը՝ 16.7 միլիարդ դրամ)։
Իսկ արդյունաբերության ոլորտում վիճակը տխուր է։ Արտադրանքի ծավալը նվազել է 2.8%-ով՝ կազմելով 179.3 միլիարդ դրամ։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 16.6%-ով՝ կազմելով 1228.6 մլն. կՎտ.ժ։
Նվազել է նաև մանրածախ առևտրաշրջանառությունը։ Այս տարվա առաջին 2 ամիսներին ծավալը կազմել է 269.8 միլիարդ դրամ, ինչը 6.9%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։