«Սա նշանակում է, որ այսօրվա իշխանությունը որոշակի խնդիրներ ունի ՌԴ իշխանության հետ»

Մարտի 18-ին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Նախագահը նշել էր, որ «դա խնդիր է, և այն պետք է լուծում ստանա»:

168.am-ի հետ զրույցում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն անդրադառնալով նախագահի այդ հայտարարությանը՝ նշեց, որ մենք պատերազմող կամ կիսապատերազմող երկիր ենք, և ինքը բարոյական խնդիր է տեսնում այնտեղ, որ Ռուսաստանը զենք է վաճառում  Ադրբեջանին, բայց մյուս կողմից՝ նկատեց, որ, եթե Ադրբեջանը Ռուսաստանից զենք չգնի, մեկ այլ երկրից կգնի, ու այդ դեպքում էլ՝ Ռուսաստանից կախման մեջ չի լինի.

«Իհարկե, այստեղ բարոյական խնդիր կա, բայց չեմ կարծում, որ դա կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, նախկինում էլ է Ռուսաստանը վաճառել զենք Ադրբեջանին, բայց նման կոշտ հայտարարություն չի եղել: Սա նշանակում է, որ որոշակի խնդիրներ ունի այսօրվա իշխանությունը ռուսական իշխանության հետ, դրա համար ավելի սուր, կոշտ է վերաբերվում»:

Հարցին՝ իսկ այդ հայտարարությունը կարո՞ղ է որոշակի ազդեցություն թողնել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Ս. Գիմիշյանը պատասխանեց, որ ինքը կարծում է, որ մեկ մարդու որոշումով չէ պայմանավորված հայ-ռուսական հարաբերությունները. «Իհարկե, Սերժ Սարգսյանը՝ որպես գործող նախագահ, ազդեցություն կարող է ունենալ, բայց մեկ մարդով չեն որոշվում նման հարաբերությունները, նախագահները գալիս-գնում են, իսկ հարաբերությունները երկրների և ժողովուրդների միջև մնում են»:

 

Տեսանյութեր

Լրահոս