Մարգվելաշվիլին հիասթափված է Ռուսաստանի ապակառուցողական գործողություններից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չափազանց մտահոգ է Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև «դաշնակցության ու ինտեգրման մասին» երեկ ստորագրված պայմանագրի կապակցությամբ:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ այդ պայմանագիրն ուղղված է ինքնիշխան պետության տարածքային ամբողջականության դեմ, ինչն էլ ավելի կբարդացնի վրացական տարածքների օկուպացման հետևանքով ստեղծված իրավիճակը: Մարգվելաշվիլին ընդգծել է, որ այդ պայմանագիրը կարելի է որակել որպես Ռուսաստանի կողմից Ցխինվալի շրջանի բռնակցում:

Մարգվելաշվիլուն մտահոգել է նաև, որ չնայած նրան, որ Վրաստանի իշխանությունները փորձում են գտնել ստեղծված իրավիճակի ու գոյություն ունեցող խնդիրների կարգավորման խելամիտ ուղիներ՝ Ռուսաստանը դրան պատասխանում է ապակառուցողական գործողություններով, ինչը խնդիրներ է առաջացնում բանակցային գործընթացի համար և չափազանց սրում է առկա իրավիճակը:

Մարգվելաշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել միավորել ջանքերը՝ կանխելու համար ինքնիշխան պետության տարածքի բռնակցումը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում ոչ միայն անմիջականորեն իր հարևանների, այլև՝ եվրոպական ողջ անվտանգության համար:

Տեսանյութեր

Լրահոս