Եվրոբոնդեր՝ հանուն թոշակի

Եվ այսպես, Հայաստանը պատրաստվում է երկրորդ անգամ եվրոպարտատոմսեր թողարկել։ Ինչո՞ւ։

Ըստ պաշտոնական ձևակերպման` «Տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով»։ Իսկ ըստ ավելի պարզ ու անկեղծ ձևակերպման` բյուջեի ծակուծուկերը ծածկելու նպատակով։

Այսինքն, կառավարությունն անուղղակիորեն խոստովանում է, որ անհնար է լինելու 2015 թվականին ապահովել 4.1% տնտեսական աճ` 4.8 տրիլիոն դրամ անվանական ՀՆԱ-ով։ Հետևաբար, դժվար է լինելու նաև ապահովել 1 տրիլիոն 138.7 միլիարդ դրամի հարկային մուտքեր, ինչպես նախատեսված է բյուջեով։ Առանց այն էլ` 2015 թվականի մեր բյուջեն ծրագրված է ավելի քան 280 միլիոն դոլարի դեֆիցիտով։ Ու հարկերի թերհավաքագրման պարագայում այդ թիվն ավելի մեծ է լինելու։

Ու որպեսզի հնարավոր լինի ծածկել այս ճեղքվածքը, կառավարությունը որոշել է գնալ արտաքին աշխարհից նոր պարտք ներգրավելու ճանապարհով։
Իսկ որքա՞ն պարտք է ներգրավելու ՀՀ կառավարությունը և ի՞նչ պայմաններով։ Այդ մասին դեռ հայտնի չէ, կան միայն ենթադրություններ։ Ծավալի առումով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նախատեսվում էր թողարկել շուրջ 600 միլիոն դոլարի եվրոբոնդեր։ Հետո հրապարակումներ եղան, որ հնարավոր է ավելի խոշոր պարտք ներգրավվի` մինչև 800 միլիոն դոլար ծավալով։

Երեկ թեմային անդրադարձել և փակագծերը բացել է ամերիկյան «The Wall Street Journal»-ը։ Հոդվածագիր Բեն Էդվարդսը WSJ-ի բլոգում նշել է, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանը կտեղաբաշխի 500 միլիոն դոլար ծավալով եվրոբոնդեր` 7-10 տարի մարման ժամկետով։ Նաև նշվում է, որ Հայաստանը ետ կգնի նախկին թողարկման պարտատոմսերի մի մասը` 200 միլիոն դոլար ծավալով։
Այսինքն` եթե հավատանք WSJ-ին, եվրապարտատոմսերի գծով Հայաստանի արտաքին պարտքը կավելանա շուրջ 300 միլիոն դոլարով։ Սա հավանական տարբերակ է, քանի որ բյուջեի դեֆիցիտին համադրելի մեծություն է։

Իսկ ի՞նչ փոփոխություն կկրեն ՀՀ ցուցանիշերը` այս ամենի արդյունքում։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ՀՀ արտաքին պարտքը 2015 թվականի հունվարի վերջին կազմել է 1 տրիլիոն 758.1 միլիարդ դրամ (3 միլիարդ 687.8 մլն դոլար)։ 2015 թվականին, ըստ բյուջեի, նախատեսվում է ունենալ 4 տրիլիոն 867.5 մլրդ դրամի անվանական ՀՆԱ։ Այսինքն, եթե հաջողվի ապահովել ՀՆԱ-ի մեծությունը, ապա նոր պարտքեր չներգրավելու դեպքում արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 36.1%։

Եթե Հայաստանը տեղաբաշխի 500 միլիոն դոլարի երվրոբոնդեր և ետ գնի նախկին թողարկման պարտատոմսերի 200 միլիոնը, ապա արտաքին պարտքը կավելանա 300 միլիոն դոլարով կամ 144 միլիարդ դրամով։ Այսինքն, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի արդեն 39%։ Իսկ եթե այս տարի չհաջողվի ապահովել 4.1% տնտեսական աճ, և ՀՆԱ-ն ավելի փոքր լինի (ինչպես կանխատեսում են մի շարք միջազգային կառույցներ), ապա արտաքին պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 40%-ը։ Այսինքն, ՀՀ պարտքային բեռն էապես կծանրանա։ Նկատենք, որ մենք խոսում ենք միայն եվրոբոնդերի մասին` առանց հաշվի առնելու մյուս աղբյուրները (օրինակ, երեկ Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանին 30 միլիոն դոլար վարկի տրամադրումը)։

Պարզ է, որ ֆինանսական բլոկի մեր պատասխանատուները կասեն, որ պարտքի բեռը գտնվում է թույլատրելի առավելագույն մակարդակից ցածր սահմաններում։ Սակայն դրա սպասարկումն է ցածր լինելու։ Բանն այն է, որ միջազգային վարկանիշային գործակալություններն իջեցրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը` դա պայմանավորելով առաջին հերթին` Ռուսաստանից կախվածությամբ և ՌԴ տնտեսական վիճակի վատթարացմամբ։ Իսկ սրա հետևանքով մեր պարտատոմսերը դիտարկվում են` որպես ավելի ռիսկային, և դրանց համար անհրաժեշտ է լինելու ավելի մեծ եկամտաբերություն առաջարկել։

WSJ-ի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել նաև Aberdeen Asset Management ընկերության վերլուծաբան Էնթընի Սայմոնդը։ «Եթե համեմատենք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կողմից թողարկված պարտատոմսերի շարժը, ապա կտեսնենք, որ Հայաստանն ամենից մեծ բացասական ազդեցությունն է կրել Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների հետևանքով»,- ասել է նա։ «Իհարկե, դա չի նշանակում, որ ներդրողները կխուսափեն նոր պարտատոմսերից, սակայն, իմ կարծիքով, Հայաստանը ստիպված կլինի ավելին վճարել ներդրողներին` պարտատոմսերի եկամտաբերության տեսանկյունից»,- ասել է Սայմոնդը։

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ 700 միլիոն դոլար ծավալով եվրոբոնդեր էր տեղաբաշխել 2013 թվականի սեպտեմբերին, մինչդեռ պահանջարկը կազմել էր շուրջ 3 միլիարդ դոլար։ Գլխավոր տեղաբաշխողներն էին Deutsche Bank AG-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը։ Մարման ժամկետը 7 տարի էր, տոկոսադրույքը` 6 տոկոս: Հայաստանի վարկանիշն այն ժամանակ Moody’s-ը գնահատել էր Ba2 կայուն, իսկ Fitch-ը` BB-կայուն:

Այս տարվա հունվարին Moodyգs Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկանիշային շեմը նվազեցրեց` Ba2-ից հասցնելով Ba3-ի, իսկ կայուն կանխատեսումը դարձրեց բացասական։ Դրա համար զարմանալի չէ, որ եթե նախորդ տարվա հունիսին Հայաստանի թողարկած եվրոբոնդերի եկամտաբերությունը 4.8% էր, ապա այժմ, ըստ Tradeweb-ի, շուրջ 6.4% է` ավելի բարձր, քան տեղաբաշխման ժամանակ։ Սա էլ իր հերթին` նշանակում է, որ նոր տեղաբաշխվող պարտատոմսերն ավելի բարձր եկամտաբերություն են ունենալու, քան առաջին թողարկման ժամանակ։ Այսինքն, այս անգամ ավելի թանկ վարկ ենք վերցնելու։ Հենց դրա համար են մի շարք փորձագետներ ասում, որ եվրոբոնդերի թողարկման համար սա ամենահարմար պահը չէ։

Սակայն ամենացավալին եկամտաբերությունն ու ժամկետայնությունը չէ։ Ամենացավալին այն է, որ այս պահին ՀՀ կառավարությունն իրավիճակը փրկելու այլ ելք չունի։ Ու առաջին անգամ է, որ կառավարությունն անուղղակիորեն խոստովանում է` միջոցներ է վերցնում ոչ թե տնտեսական աճը խթանելու կամ գործարար հատվածին օգնելու, այլ` բյուջետային ընթացիկ ծախսերը փակելու համար։ Կարճ ասած, պարտք ենք վերցնում, որպեսզի աշխատավարձ ու թոշակ վճարենք։

Տեսանյութեր

Լրահոս