Ի՞նչ փաստաթուղթ կստորագրվի Ռիգայում
Այսօր ՀՀ Ազգային ժողովում մեկնարկում է «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը: Երեկ տեղի են ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և մշտական հանձնաժողովների նիստերը՝ առանց Ադրբեջանի և Բելառուսի ներկայացուցիչների: Պատվիրակները նաև այցելել են Ծիծեռնակաբերդ` ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող համապարփակ և բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը, և այլն:
Ըստ նրա՝ կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության շուրջ, և Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ` ուղղված մարդու իրավունքների խթանմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, դատական համակարգի շարունակական բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության ընդլայնմանը և ոլորտային համագործակցության զարգացմանը: ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս եզրափակիչ փուլում են գտնվում ԵՄ գործընկերների հետ խորհրդակցությունները՝ որոշելու համագործակցության հետագա իրավական շրջանակը` հիմնված այն առաջընթացի վրա, որն արձանագրվել է նախորդ շրջանում. «Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում»: Է. Նալբանդյանն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտությանը:
«Բաքուն անում է ամեն ինչ՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Վերջին մեկ տարում Բաքուն շփման գծում լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն ավելացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում` օգտագործելով ծանր զինատեխնիկա և պատճառելով մեծ զոհեր»,- հայտարարեց նա` ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է հակադրվել ՄԽ համանախագահներին, որոնք մտահոգություն են հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ, Բաքվին հիշեցրել են իրենց մանդատի մասին և կոչ են արել զերծ մնալ բախումներից: Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը 30 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, սպառնում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով և մերժում է ՄԽ համանախագահների առաջարկները:
ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկու կարծիքով` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացումը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանին տրված անվտանգության երաշխիքները չեն ապահովվել, թեև Եվրասիական տնտեսական միությանը միանալու` Հայաստանի որոշումը պայմանավորված էր անվտանգության ապահովման խնդիրներով: Ըստ նրա` ՀՀ-ն ներկայումս բանակցում է ԵՄ-ի հետ` հասկանալու համար, թե ինչ փաստաթուղթ կարելի է ստորագրել և ինչպես կարելի է շարունակել համագործակցությունը, ինչի համար առաջիկա 2 ամսվա ընթացքում անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի կառավարության կամքը, այլև ԵՄ 28 պետությունների համաձայնությունը, ինչն այս պահին դեռևս ձեռք բերված չէ: «Եթե Ռիգայում ակնկալվում է ստորագրել ինչ-որ շրջանակային համաձայնագիր կամ այլ կարգի համաձայնագիր, պետք է նաև հաշվի առնել, որ մինչև Ռիգայի գագաթաժողով քիչ ժամանակ է մնացել, ժամանակ չկա»,- ասաց նա` հավելելով, որ այժմ Եվրոպան շատ ավելի հետաքրքրված է ԱլԳ երկրներով, քան 5-6 տարի առաջ: Սակայն, ըստ նրա, դեռ դժվար է խոսել, թե Եվրոպան Հայաստանին անվտանգության ինչ երաշխիքներ կարող է տալ:
Վրացական պատվիրակության ղեկավար Վիկտոր Դոլիձեն նշեց, որ կարող են անդրադառնալ անվտանգության հարցերին, բայց լուրջ արդյունք չեն կարող արձանագրել: Նա կոչ արեց կենտրոնանալ բարեփոխումների վրա:
Հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ` ՀՀ-ում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները հիմնված են եվրոպական արժեհամակարգի վրա, և, եթե հաջող ընթացք ունենան, ապա հաջորդ հանդիպմանը կարելի կլինի խոսել ավելի ժողովրդավար Հայաստանի մասին:
Ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի` սահմանադրական բարեփոխումների արդյունավետությունը կախված է քաղաքական կյանքի վրա դրանց ազդեցությունից: Նա նշեց, որ բավական երկար ժամանակ Հայաստանում քաղաքականությունը որոշում են անհատները, և ՀՀ-ին անհրաժեշտ է բազմազանություն: Ռ.Կիրակոսյանի կարծիքով` Արևելյան գործընկերությունը չի կարող լուծել Հայաստանի բոլոր խնդիրները, բայց կարող է նպաստել առկա բոլոր թերություններն ու բացթողումներն արձանագրելուն:
«168 Ժամի» հետ զրույցում Ռ.Կիրակոսյանը նշեց, որ Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական կամքի և հանձնառության նոր իմաստավորման կարիք կա` ՀՀ-ԵՄ հարաբերությունները փրկելու և պահպանելու համար.
«Հիմա մենք աշխատում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր շրջանակը հստակեցնելու ուղղությամբ, որը շատ ավելի նեղ է նախորդ` Ասոցացման համաձայնագրի համեմատ: Սակայն, ամեն դեպքում, Ռիգայի գագաթաժողովն Արևելյան հարևանության շրջանակում բանակցությունների և գործընթացի սկիզբն է լինելու և ոչ թե` ավարտը»:
Սակայն, ըստ նրա, ՀՀ կառավարությունն այժմ շատ ավելի դանդաղ է առաջ շարժվում, ոչ այնպես արագ, ինչպես որ պետք է` ի տարբերություն նախկին Ասոցացման համաձայնագրի: Ռ.Կիրակոսյանը նշեց, որ ՀՀ-ն դեռ պետք է հստակեցնի ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները. «Մենք գիտենք, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ի հնարավոր համագործակցության մի շարք ուղղություններ են մնացել, օրինակ` արդարադատությունը, իրավական համակարգը, ՏԻՄ ոլորտը, ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտները»:
Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց «ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև համագործակցության խթանումը 2014-2020 թթ. Եվրոպական հարևանության գործիքի միջոցով» զեկույցը, որն այսօր կընդունվի լիագումար նիստում: Հայկական կողմի առաջարկած 9 փոփոխություններից ընդունվեց 6-ը, ադրբեջանական կողմից ներկայացված 3 առաջարկներից՝ 1-ը:
Հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մեր խնդրանքով պարզաբանեց, որ հայկական կողմի առաջարկներն ուղղված էին ՌԴ աջակցությանը` Ուկրաինայի հետ կապված հարցերով, որպեսզի մեղմեն ՌԴ-ի դեմ ձևակերպումները: Նա նշեց, որ Ադրբեջանի առաջարկները վերաբերում էին Ղարաբաղյան խնդրին. «Մեզ համար կարևորագույն խնդիրները չներառվեցին զեկույցում, և հանձնաժողովը մերժեց, մյուսի վերաբերյալ մենք դեռ հնարավորություն ունենք նիստում և բյուրոյում քննարկել ու փորձենք դա էլ դուրս բերել: Այն սկզբունքային չէ մեզ համար, բայց ցանկալի է, որ հետագայի համար տեղ չգտնի»: Ա.Զաքարյանը կարևորեց, որ միաձայն մերժվեց Ադրբեջանի այն առաջարկությունը, որ ՀՀ-ն` լինելով ԵՏՄ անդամ, պետք է չշարունակի նրա հետ համագործակցությունը. «Սա խոսում է այն մասին, որ ԵՄ-ի կողմից պատրաստակամությունը մեծ է` շարունակել համագործակցությունը»:
«168 ԺԱՄ»