
ՀԱԿ-ում 7 հոգի կա, 6 կարծիք, ձևի համար հրավիրեի՞նք. Վահրամ Բաղդասարյան

Սահմանադրական փոփոխությունների, խորհրդարանական մոդելին անցման հարցը բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական գոյության ընթացքում միշտ բարձրացրել են, սակայն այսօր զարմանալի է՝ ինչու են նրանք սկսել դեմ արտահայտվել այս փոփոխություններին: Այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, դեմ արտահայտվող քաղաքական ուժերը արտահերթ ընտրություններ և իշխանափոխություն են ուզում, մինչդեռ մոդելի փոփոխությունը կարող է և բերել իշխանափոխության:
«Ներքաղաքական դաշտում լուրջ խնդիրներ կան, կուսակցությունները բավարար կայացած չեն, քաղաքական կուսակցությունների ճգնաժամ կա, և մոդելի փոփոխությունը չի վերացնելու այդ խնդիրները: Նախագահի մտահոգությունները կապված են այս խնդիրների հետ, հակառակ դեպքում դեռ ամիսներ առաջ այս հայեցակարգը ստորագրված կլիներ»,-հայտնեց Վ. Բաղդասարյանը:
Վերջինս նկատեց, որ թույլ է այն պատճառաբանությունը, թե կուսակցական համակարգի ոչ այնքան կայացած լինելը կարող է խոչընդոտել, որ խորհրդարանական մոդելն աշխատի. ամեն երկրի համար առանձնահատուկ է մոդել պետք է գործի, որը համապատասխանում է ժողովրդի մենթալիտետին: Ինչ վերաբերում է այս համատեքստում ՀԱԿ-ի հրավերին և ԲՀԿ-ի դիրքորոշմանը, բանախոսը նշեց, որ ՀԱԿ-ում տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն. «7 հոգի, 6 կարծիք, ձևի համար հրավիրեի՞նք, մենք չգիտեինք` ում հրավիրեինք՝ առանձին Հրանտ Բագրատյանի՞ն, Փաշինյանի՞ն, թե՞ Զուրաբյանին: Մենք սպասում ենք, որ իրենք նախաձեռնեն, ցանկություն հայտնեն»:
Իսկ ԲՀԿ-ն, ըստ նրա, իրեն սկզբում ոչ թե ընդդիմություն համարեց, այլ այլընտրանք, ինչը Բաղդասարյանի համար քաղաքական առումով անհասկանալի է. «Դրանից հետո հայտարարվեց, որ պետք է գնան ընտրությունների, որովհետև ունեն թեկնածու և մոդելի փոփոխություն չեն ուզում: Երբ նախկին առաջնորդը հասկացավ, որ անելիք չունի ու հեռացավ, հասկացան, որ կառավարման մոդելի փոփոխություն է պետք»: