Հայաստանին գումար տվողները պահանջելու են քաղաքական որոշումներ և դիրքորոշում. փորձագետ
168.am-ը Հայաստանի տնտեսության վիճակի, կառավարության գործողությունների, ԵՏՄ շրջանակներում համագործակցության և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է վերլուծաբան Հայկ Բալանյանի հետ:
– Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը հուսադրող չէ: Կարծիքներ կան, որ 2-3 տարի ժամանակ է պետք, մինչև չեզոքանան Ռուսաստանի, հարևան երկրների և Եվրոպայի տնտեսական գործընթացների բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա: Ի՞նչ եք կարծում՝ նման ժամանակահատվածը մեր առանց այն էլ զգայուն տնտեսության վրա չի՞ ունենա կործանարար ազդեցություն, հետևանքներն ինչպե՞ս եք գնահատում:
– Հետևանքները մենք արդեն տեսնում ենք՝ տնտեսության անկում և արտագաղթ, և կարծում եմ, որ նման իրավիճակը կպահպանվի, քանի դեռ չեն կայացվել լուրջ քաղաքական որոշումներ: Ձեր կողմից օգտագործած «կործանարար» բառը բնութագրում է կատարյալ փլուզում: Ես նման տարբերակը բացառում եմ, քանի որ Հայաստանը որոշակի արտաքին քաղաքական գործառույթներ ունի, և դրսի ուժերը կպահպանեն երկիրն այս կիսամեռած վիճակում: Հայաստանը փոքր երկիր է, և փոքր գումարներով, վարկերով և շնորհներով հնարավոր է պահպանել երկրի տնտեսության կենսաբանական գոյությունը, սակայն զարգացման մասին խոսք լինել չի կարող:
– Վերջին ամիսներին կառավարությունը կարծեք որոշ քայլեր նախաձեռնեց՝ իրավիճակը շտկելու համար. շրջանառության հարկի հետաձգումը, 50 մլրդ դրամի արտահանման հարկային արտոնությունը, մատչելի բնակարան ծրագիրը, որի տոկոսները եկամտային հարկի գումարներից կվճարի պետությունը, եվրապարտատոմսերի թողարկում, և այլն: Ընդհանուր առմամբ, ինչքանո՞վ են այս գործողությունները համահունչ ստեղծված տնտեսական իրավիճակին: Կա՞ն քայլեր, որոնք կառավարությունն ուշացնում է կամ ընդհանրապես չի ձեռնարկում:
-Երկրի տնտեսության գլխավոր խնդիրները՝ մենաշնորհները, իրավական անպաշտպանվածությունը և կոռուպցիան, մնում են, ուստի Ձեր մատնանշած քայլերը բացարձակապես բավարար չեն, և հենց այդ սկզբունքային խնդիրները կառավարությունը չի լուծում: Իսկ կայացված որոշումները ես գնահատում եմ որպես ճիգեր` անել բոլոր հնարավոր քայլերը, բացի արմատական բարեփոխումներից, այն հույսով, որ մարտավարությունը կփրկի ռազմավարության տեսակետից պարտված խաղը: Հավանաբար, հույսը դրել են Ռուսաստանի տնտեսության առողջացման վրա՝ ակնկալելով տրանսֆերների հոսքի ավելացում: Ուղղակի ևս մեկ օր դիմանալու խնդիր է լուծվում, հետոն կարևոր չի:
– Բնակչության գնողունակությունը զգալիորեն ընկել է, նրանք իրավիճակից ելնելով՝ զգուշավոր են դառնում իրենց գնումների մեջ: Տեսակետներ կան, որ լուծման ուղիներից մեկը սպառողական վարկավորման խթանումն է, սակայն բանկերը նույնպես զգուշավոր են դարձել։ Ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ։
– Այն պարագայում, երբ սպառվող ապրանքների մեծ մասը ներկրվում է, սպառման խրախուսումը նշանակում է՝ օտար արտադրողների և մեր ներկրողների խրախուսում: Ուստի, բացառությամբ շինարարության ոլորտի, որը բարեհաջող ձևով մահացել է, սպառման խրախուսումը չի կարող տալ տնտեսության բարելավում երկարաժամկետ հեռանկարում: Անհրաժեշտ է խրախուսել մարդկանց եկամուտները, առաջին հերթին՝ ներքին արտադրությունը, իսկ մարդիկ իրենք կորոշեն, թե ինչ են գնելու և ինչը՝ ոչ: Եվ երկրորդ, մարդիկ գնում էին քաղաք/Ռուսաստան` փող աշխատելու, որպեսզի փողն ուղարկեն գյուղ/Հայաստան՝ ծախսելու համար: Այժմ այդ քաղաքում փողը պակասել է, և հետևաբար՝ ծախսելու հնարավորությունների ավելացումը գյուղում կամ ծախսերի խրախուսումն ուղղակի անիմաստ է՝ մարդիկ եկամուտ չունեն: Առավելագույնը՝ հազարավոր մարդիկ բանկերին նորանոր պարտքեր կկուտակեն, հետո անշարժ գույքից կզրկվեն, հետո կարտագաղթեն:
– ԵՏՄ-ի հետ կապված սպասելիքները դեռ իրականություն չեն դարձել, 170 միլիոնանոց շուկայի հնարավորությունների մասին վերջին ամիսներին չի խոսվում: Ինչպե՞ս եք գնահատում ԵՏՄ-ին անդամակցության հետևանքները, այս համագործակցությունից սպասելիքներ պե՞տք է ունենալ, եթե՝ այո, հատկապես ո՞ր ոլորտներում:
– Մինչև ԵՏՄ-ին անդամակցելն արդեն իսկ Հայաստանի ապրանքաշրջանառության մեծ մասը ԵՏՄ անդամ երկրների հետ չէր: Իսկ նկատի ունենալով ԵՏՄ երկրների ծանր տնտեսական վիճակը և հեռանկարների բացակայությունը՝ ապրանաքաշրջանառության այդ հարաբերակցությունը՝ ի վնաս ԵՏՄ-ի, և ի օգուտ՝ ոչ ԵՏՄ-ի երկրների՝ է՛լ ավելի կավելանա: Հակառակը՝ այն քաղաքական առճակատումը, որը դիտարկվում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև, մեր վրա էլ է ազդում և գնալով ազդելու է ավելի շատ, այդ թվում՝ նաև քաղաքական հարցերի լայն սպեկտրով, որը, անկասկած, իր ազդեցությունը կունենա նաև տնտեսության վրա: Իմ գնահատականով՝ ինչքան ավելի հեռու մնա Հայաստանն Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունից, և հետևաբար` ԵՏՄ-ից, ինչքան Հայաստանն ավելի հավասարակշռված և հավասարամոտիկ դիրքորոշում ունենա, այդքանով հնարավոր կլինի խուսափել կորուստներից:
– Տնտեսական ի՞նչ զարգացումներ կունենանք տարվա երկրորդ կեսից հետո: Հնարավո՞ր է արդյոք դրսից գումարներ ներգրավելով՝ խնդիրները լուծել, ի՞նչ ռիսկեր եք տեսնում երկրի դրամային պահուստների մասով:
– Դրսից գումարներ ներգրավելը հնարավոր է քաղաքական որոշումների դեպքում: Հայաստանին տրվող յուրաքանչյուր դրամ լինելու է քաղաքական, և այդ գումարները ստանալու համար գումար տվողները, եթե այդպիսիք կան, պահանջելու են քաղաքական որոշումներ և դիրքորոշում, որը մյուս բևեռի կողմից բացասական վերաբերմունքի է արժանանալու: Թե ինչպես և որքան կհաջողվի մեր իշխանություններին վերադառնալ հավասարահեռու դիրքին՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, խուսանավել և ինչ-որ տնտեսական աջակցություն մուրալ, ժամանակը ցույց կտա:
Բայց, ըստ ամենայնի, այդ հին վարվելաձևը մեր իշխանությունների միակ ծրագիրն է, այլը չկա: Եթե այդ ծրագիրն այս իշխանությանը չհաջողվի, ապա երկրին սպառնում է սնանկացում և ուղղակի արտաքին կառավարման նշանակում այդ հնարավոր սպոնսորի կողմից: