«Ժառանգությունում» շատ վաղուց աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը». Գագիկ Համբարյան
«Այդ հակասությունները պայմանավորված են նրանով, որ «Ժառանգություն» կուսակցությունում շատ վաղուց աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով վերջին օրերին «Ժառանգություն» կուսակցության անդամների միջև առաջացած տարակարծությունների և հակասությունների մասին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Ըստ քաղաքագետի՝ այդ «փոքր» կուսակցությունում ամեն ինչ «բավական բարձիթողի» վիճակում է. «Այնպես որ, «Ժառանգությունն» ինքը պետք է իր ներսում ճշտի, թե իրենք ինչ են ուզում, իրենց տարբեր թևերն ինչ են ուզում և ումից ինչ են ուզում: Դրանից հետո նոր կարելի է ասել, թե «Ժառանգության» հետ հետագայում ինչ կլինի»:
Քաղաքագետի խոսքով՝ «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցություններն ԱԺ-ում բացարձակ չկան, ընդամենն անուններ են, բայց այդ խմբակցությունների անդամները՝ կարկառուն դեմքերը, անում են այն, ինչ գտնում են ճիշտ. «Ինչ վերաբերում է կուսակցություններին, կարելի է ասել, որ չկան նման կուսակցություններ, որովհետև իրենք փլուզված են, և ամեն մարդ գործում է՝ իր քաղաքական հայացքները, անձնական շահերը հաշվի առնելով»:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումների շարք էր կազմակերպել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: «Ժառանգությունից» նախագահի հետ հանդիպմանը գնացել էին կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն, այդ հանդիպումից հետո lragir.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորն այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել, Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել: Միաժամանակ, նա իր կուսակիցների վերաբերյալ ասել էր. «Հավանաբար գնացել են՝ որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: «Ժառանգության» հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի»:
Իսկ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռևս նախորդ օրը տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին: