«Նաիրիտի» աուդիտը ժամանակ ձգելու նպատա՞կ է հետապնդում
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ կառավարությունը ջանք չի խնայելու, որպեսզի «Նաիրիտի» խնդիրները լուծվեն, ներդրումային ծրագրերն իրագործվեն: Նա նաև նշել էր, որ բացահայտելու է «Նաիրիտի» խնդրի իրական պատկերը: «Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում, կաշկանդվածություն չունենք, որպեսզի բացահայտումներ կատարենք: Եթե կան մարդիկ, ովքեր մեղավոր են, պատասխան են տալու»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:
Սակայն շատ չանցած կառավարության շեշտադրումները փոխվեցին և, ըստ էության, շարունակվեց հարցը ձգձգելու նույն քաղաքականությունը, ինչ վարում էր նախորդ՝ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը: Ընդ որում՝ նոր կառավարությունը կիրառում է հնի արդեն փորձված մեթոդները` ներդրողների փնտրտուք, աուդիտգ Հայտարարվեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ գործարանում աուդիտ կիրականացվի: ՀԲ-ն էլ պատրաստակամություն հայտնեց 110 հազար դոլար դրամաշնորհային միջոցներ հատկացնել միջազգային որակի փորձաքննություն անցկացնելու համար:
«Հայաստանի հետագա տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ժամանակակից ու կենսունակ գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումներով և մի շարք այլ գործոններով, որոնց թվում է նաև նախորդ ժամանակաշրջանի տնտեսական գործունեությունից մնացած ժառանգության համարժեք տնօրինումը: Մենք գիտակցում ենք, որ այս առումով կարևոր քննարկումներ են ընթանում ՀՀ կառավարությունում` գտնելու էներգետիկ ու արդյունաբերական ոլորտում տարիներ ի վեր գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու լավագույն ուղիները:
Այս գործընթացում կառավարությանն աջակցելու համար Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծ հարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը»,- ասվում էր փետրվարին ՀԲ տարածած հաղորդագրության մեջ:
Ընդ որում, ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին աշխատանքների ուշացումը պատճառաբանել էր նրանով, որ «լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանան ներգրավել հնարավորինս լավագույն փորձագետների»:
Եվ ահա անցած շաբաթ վերջապես ՀԲ հայթայթած փորձագետն այցելել է գործարան: Բայց ի՞նչ է պարզվում` նա այն նույն անգլիական Jacobs ընկերության աուդիտորն է, որը 2013-ին գործարանում ուսումնասիրություն էր իրականացրել ռուսական կողմի համար: Այսինքն` նախկինում կատարված աշխատանքի համար այժմ Jacobs-ը կրկին հազարավոր դոլարներ կստանա ՀՀ կառավարությունից:
«168 Ժամի» այս տեղեկությունը հաստատեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը: Ըստ նրա, անցած շաբաթ «Նաիրիտ» այցելած աուդիտորը նույն այն անձնավորությունն է, որն աուդիտ էր արել «Ռոսնեֆտի» համար: Նա նշեց, որ աուդիտորն ընդամենը 3 օր է այցելել գործարան. «Նա մեզ մոտ արդեն եղել է, գործարանին ծանոթ է: Ինչ պետք էր` արեց, որոշ հարցաշարեր թողել է, որ լրացնենք, տանք իրենց: 7 շաբաթվա մեջ պետք է պատասխանեն կառավարությանը»:
Ինչո՞ւ պետք է այժմ կրկին աուդիտ իրականացնել, ի՞նչ է փոխվել, որ այն ժամանակ ամիսներ տևած աուդիտի եզրակացությունն այժմ պիտանի չէ, և նորն է անհրաժեշտ: Այս հարցերին ի պատասխան` Հ.Թադևոսյանն ասաց, թե որոշ փոփոխություններ կան գործարանում, մասնավորապես` ներքին ռեսուրսներով բավականին աշխատանքներ են իրականացվել, և շատ սարքեր, սարքավորումներ սեփական ռեզերվների հաշվին թարմացվել են, ու այդ մասով ներդրումների կարիք այլևս չկա: Սակայն գործարանի արհմիության ղեկավարը դժվարացավ պատախանել, թե այդ դեպքում այս եզրակացությունն ավելի լա՞վը պետք է լինի, քան նախորդը:
Փաստորեն, Համաշխարհային բանկը շատ հեշտ պատվեր է ապահովել անգլիական ընկերության համար և ՀՀ կառավարության ձեռքով 110 հազար դոլար է «նվիրում» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության գնահատման համար: Աշխատանք, որն արդեն արված է: Իսկ անհրաժեշտ որոշ ճշգրտումները հաստատապես այդքան չարժեն: Ընդ որում` այդ աշխատանքը, ինչպես նշեցինք, արել է նույն` միջազգային ասպարեզում ճանաչված ու բավականին հեղինակավոր Jacobs կազմակերպությունը: Ստացվում է, որ կրկնակի աուդիտի գաղափարն իսկապես ժամանակ ձգելու նպատակ էր հետապնդում, թեև չեն բացառվում նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:
Իսկ այս ընթացքում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրել: Երեկ նա վերջապես ընդունել է շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, սակայն ոչ մի դրական պատասխան չի տվել նրանց: Աշխատողների աշխատավարձի 15 մլն դոլար պարտքը հնարավոր կլինի մարել միայն կաուչուկի արտադրության հետ անմիջական կապ չունեցող քացախաթթվի արտադրամասի սարքավորումների վաճառքից հետո: Թե ե՞րբ դա կլինի, պարզ չէ: Հստակ է միայն, որ արդեն կրճատված աշխատակիցներին ոչ մի լումա չի վճարվելու: Անգամ նրանց պարտքը մարելու ժամանակացույցի վերաբերյալ նախարարը հստակ ոչինչ չի ասել:
Ըստ Հ.Թադևոսյանի` հանդիպման ժամանակ նախարարն ասել է, թե գույքի օտարումն ու ԱՊՀ Միջպետական բանկի հետ պարտքի հարցի լուծումը հօգուտ աշխատողների կլինի: Ըստ նրա` քացախաթթվի արտադրամասի վաճառքի մասին նախարարությունը կարգադրել է գործարանի տնօրինությանը, նախատեսվում է այն վաճառել ոչ թե` որպես մետաղի ջարդոն, այլ` որպես արդարության համար պիտանի սարք-սարքավորում, իսկ դրանից ստացված բոլոր միջոցները կուղղվեն աշխատավարձերի պարտքի մարմանը: Հ.Թադևոսյանի խոսքով` գործարանի աշխատելու մասին նախարարի հետ չի խոսվել:
Ե.Զախարյանը տեղեկացրել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Միջպետական բանկի ղեկավարության հետ, և հարցի լուծումը վերջնական փուլում է: Հ.Թադևոսյանը նաև նշեց, որ ոչ պաշտոնական տեղեկություններով` Միջպետական բանկի կարգավիճակը շուտով պետք է փոխվի, և բանկն ինքն է շահագրգռված պարտքերից ազատվել ու, չի բացառվում, որ «Նաիրիտի» պարտքը ներեն: Խնդրի նման լուծումը Թադևոսյանը հավանական է համարում: «Եթե դա արվի, գույքը կմնա ՀՀ կառավարությանը, որը կկարողանա քայլեր անել աշխատավարձերի պարտքերի մարման ուղղությամբ»,- ասաց նա:
Մինչ այդ նաիրիտցիները չնահանջելու վճռական տրամադրվածությամբ հայտարարում են` անընդհատ բողոքի ցույցեր են անելու, անգամ ապրիլի 24-ին, մինչև հասնեն խնդրի արդար լուծման ու ստանան իրենց աշխատավարձը: