Ալթընի ուրվականը

Մի թեթև մոռացված ԵՏՄ միասնական արժույթի թեման կրկին հավակնում է դառնալ տնտեսական լրահոսի հիթերից մեկը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել, թե հեռանկարում արժութային միության ստեղծման ի՞նչ նպատակահարմարություն և հնարավորություն կա։

Եվ, բնականաբար, Հայաստանում կրկին սկսեցին խոսել «ալթընի» (ըստ որոշ խոսակցությունների` միասնական արժույթն այդպես է կոչվելու) մոտալուտ գալստյան մասին։ Իրականում որքանո՞վ է իրատեսական, որ մոտ ապագայում ԵՏՄ տարածքում կգործի մեկ միասնական արժույթ։ Միանգամից ասենք` իրատեսական չէ։ ՌԴ նախագահն ընդամենը կարգադրել է որոշակիացնել միասնական արժույթի նպատակահարմարությունը։ Ու բացառված չէ, որ եզրակացությունը լինի` նպատակահարմար չէ։

Այս հարցում կարծիքները խիստ տարբեր են։ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ֆինանսական շրջանակները միասնական արժույթի հարցին տարբեր կերպ են մոտենում։ Մի մասը գտնում է, որ տնտեսական ինտեգրացման խորացման որոշակի աստիճանում դա անխուսափելի է։ Որպես օրինակ` բերվում է Եվրոպական միությունը, որը սկիզբ առավ` որպես մաքսային միություն, հետո դարձավ նաև արժութային միություն։ Մյուս մասը գտնում է, որ պետք է ծանրութեթև անել` հասկանալ` ո՞րն է դրա օգուտը և ռիսկերը։ Կան նաև փորձագետներ, որոնք ընդհանրապես դեմ են միասնական արժույթին, քանի որ այդ դեպքում երկիրը կորցնում է ինքնուրույնությունը` դրամավարկային քաղաքականություն իրականացնելու հարցում։

Կողմնակիցները նշում են, որ միասնական արժույթի ներդրումն էապես կկրճատի տրանսակցիոն ծախսերը, թույլ կտա նվազեցնել դոլարայնացման մակարդակը, և միության անդամներն ավելի հարմարավետ կզգան փոխադարձ առևտրային գործարքների ժամանակ։ Միասնական արժույթի գաղափարի ամենահամոզված կողմնակիցներից մեկը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է։ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը սկզբունքորեն կողմ էր միասնական արժույթին։ Նա ասում էր, որ միասնական արժույթի ներդրումը պետք է դառնա ԵՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիայի հաջորդ փուլը, ինչը լիովին տրամաբանական է` դրամական շրջանառության և փոխանցումների պարզեցման տեսանկյունից։

Ամեն դեպքում, թե՛ միասնական արժույթին կողմ, թե՛ դեմ, թե՛ դեռևս չկողմնորոշված մարդիկ միակարծիք են մեկ հարցում` այս պահին դեռ վաղ է խոսել միասնական արժույթի մասին։ Կարելի է քննարկել, կարծիքներ փոխանակել, սակայն մտածել, որ հնարավոր է միասնական արժույթ ներդնել մոտ ապագայում` լուրջ չէ։ Օրինակ, դեռ 2014 թվականի ամռանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի գծով նախարար Տատյանա Վալովայան` անդրադառնալով միասնական արժույթին, ասել էր, որ մինչև 2025 թվականին միասնական ֆինանսական շուկայի ձևավորումը իմաստ չեն տեսնում միասնական արժույթին անցնելու մեջ։
Իսկ Բելառուսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Սուրիկովը ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին տված հարցազրույցում, պատասխանելով միասնական արժույթի մասին հարցին, ասել էր` պետք չէ ժամանակից առաջ ընկնել (բառացի` «ծպ վՈՊՏ չվՈՑՖ սՏՔՈՊպռ»): «Ի՞նչ արժույթ դա պետք է լինի։ ԵՏՄ-ի` համապատասխան պայմանագրերով հստակեցված գործառույթների մեջ չի մտնում ո՛չ միասնական վճարային համակարգը, ո՛չ միասնական ֆոնդային շուկան, ո՛չ էլ միասնական արժույթը։ Խոսքն ընդամենը զարգացման հեռանկարների մասին է։ Պետք չէ ժամանակից առաջ ընկնել»,- ասել էր նա։

Բելառուսի ազգային բանկի ղեկավար Պյոտր Պրոպոկովիչը միասնական արժույթի վերաբերյալ ասել էր, որ այն կարող է ստեղծվել միայն հեռու ապագայում։ ԵՏՄ մի շարք պաշտոնատար անձինք համակարծիք են, որ միասնական արժույթ ներդնելուց առաջ պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ եվրոյի սխալներից։ Իսկ դա աշխատատար և երկար ժամանակ պահանջող գործ է։ Ավելին, մեր ֆինանսական բլոկի պատասխանատուները մասնավոր զրույցներում անհնար են համարում տեսանելի ապագայում ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրումը` Ռուսաստանի հիվանդ ֆինանսական համակարգի պատճառով։

Այստեղ ֆինանսական առումով, կարելի է ասել, քաոս է, կան մեծ թվով բանկեր, որոնք միայն թղթի վրա են, կամ որոնց գոյությունը անհասկանալի է, կան մեծ թվով կասկածելի ֆինանսական կազմակերպություններ։ Այսինքն` միասնական արժույթի անցնելուց առաջ Ռուսաստանը` որպես այդ տարածքի ամենամեծ խաղացող, նախ պետք է իր դաշտը մաքրի, նոր միայն ակնկալի, որ մյուս մասնակիցները կարող են իր հետ միասնական տարածքի մաս կազմել։ Իսկ մեզանում արդեն թեթևակի խուճապի պես բան է նկատվում։ Թեպետ այս պահին խոսք է գնում ընդամենը միասնական արժույթի ներդրման նպատակահարմարությունը քննարկելու մասին, սակայն մենք արդեն հստակ գիտենք անգամ արժույթի անունը` ալթըն, ու երեկվանից անարգանքի սյունին ենք գամում մեր անողնաշար իշխանություններին` դրամն ալթընով փոխարինելու և ինքնուրույնության բացակայության համար։

Հանուն արդարության` նշենք, որ մեր ֆինանսական բլոկի պատասխանատուներն էլ խանդավառված չեն միասնական արժույթի անցնելու հեռանկարով և կարծես մտադիր էլ չեն քննարկել դա։ Օրինակ, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Հայաստանն այս պահի դրությամբ որևէ ծրագիր չունի ու ԵՏՄ շրջանակում որևէ բանակցություն չի վարել` միութենական արժույթին անցնելու նպատակով:

«Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթերում նման փաստաթուղթ, անգամ` դրա նպատակահարմարության, ուսումնասիրության, հեռանկարների վերաբերյալ, գոյություն չունի։ Նույնը կարող եմ ասել ծրագրերի մասին, որ այս պահի դրությամբ նման ծրագրեր, նման քննարկումներ Կենտրոնական բանկում չկան»,- ասել է նա:
Իհարկե, սա դեռ ոչինչ չի նշանակում։ Ժամանակին մեր բոլոր մակարդակի պաշտոնյաները հերքում էին ԵՏՄ-ին անդամակցելու մասին խոսակցություններն ու աշխատում էին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի վրա։ Թե ինչ եղավ հետո, բոլորին է հայտնի։

Այսինքն` քաղաքական որոշում կայացվելու պարագայում մասնագիտական նկատառումները մի կողմ են դրվելու։ Թերևս, հենց այդ պատճառով է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին շտապել զգուշացնել, որ միասնական արժույթին անցնելը մեծ փոփոխություն է, և պետք է լրջորեն դիտարկել դրա բոլոր հնարավոր հետևանքները։ «Անշուշտ, խորհուրդ կտամ Հայաստանի Կենտրոնական բանկին` լրջորեն քննարկել այս գաղափարի բոլոր կողմ և դեմ կարծիքները և դա անել շատ դանդաղ»,- ասել է Բեյլին «Ազատությանը»:

Սակայն, անկախ ամեն ինչից` այս պահին պետք չէ կենտրոնանալ միասնական արժույթի վրա ու խոսակցություններ տարածել, թե շուտով հրաժարվելու ենք դրամից։

Կհրաժարվե՞նք դրամից, թե՞ ոչ, եթե այո` ե՞րբ դա կլինի` դեռ շատ անորոշ է։ Փոխարենը` հստակ է մի բան. Այս թեմայի շահարկումը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։ Օրինակ` ի՞նչ կլինի, եթե մարդկանց մի ստվար հատված հավատա, որ առաջիկայում դրամը փոխարինվելու է ալթընով կամ եվրազով։ Ճիշտ է, նման փոխարկումների դառը փորձ ունեցող հայերը մտածելու են, որ դրամը կտրուկ արժեզրկվելու է, ու սկսելու են իրենց դրամային խնայողությունները փոխարկել դոլարի կամ եվրոյի։

Արդյունքում` կնպաստեն, որ դրամն իրոք արժեզրկվի (ինչպես տնտեսագիտության մեջ է ասվում` գնաճի սպասումները գնաճ են ստեղծում)։
Կարճ ասած, պետք չէ խուճապ ստեղծել, որովհետև անգամ ամենամեծ ցանկության դեպքում` միասնական արժույթի ներդրումը տարիներ է պահանջելու։ Իսկ նախանձելի հետևողականությամբ նման լուրեր տարածողների նկատմամբ պետք է ուշադիր լինել` չի բացառվում, որ ոմանք փորձեն կրկին սպեկուլյացիոն խաղերով փող աշխատել։

Տեսանյութեր

Լրահոս