Թուրքիան ձգձգում է «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը. Reuters
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները մտահոգ են ռուսական էներգակիրներից ունեցած մեծ կախվածության համար, և այդ պատճառով էլ, հազիվ թե, արագորեն իրագործվեն ռուսական գազը «Թուրքական հոսք» գազատարով Եվրոպայի հարավ-արևելք հասցնելու ռուսական պլանները, ինչպես որ դա ցանկանում է Ռուսաստանը:
Ռուսաստանը նախորդ տարվա դեկտեմբերին հրաժարավել է «Հարավային հոսք» գազատարից, որը պետք է անցներ Սև ծովի հատակով և հասներ Բուլղարիա: Փոխարենը «Գազպրոմը» այս տարվա հունվարին հայտարարեց, որ պլանավորում է մինչև 2016 թվականի ավարտը կառուցել նույն հզորության գազատար դեպի թուրք-հունական սահմանին դեռևս չկառուցված գազային հանգույց:
Սակայն Անկարայում պաշտոնատար անձինք հայտարարում են, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին հայտարարված ժամկետներն իրատեսական չեն: Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իրենք պետք է մի փոքր համբերատար գտնվեն:
Թուրքիան խստապես կախված է ռուսական գազից: Նախորդ տարի նա օրական գնել է 27.33 միլիոն խորանարդ մետր ռուսական գազը, ինչը կազմել է երկրի ներկրած ողջ գազի կեսից ավելին: Ռուսական «Ռոսատոմ»ընկերությունն իր հերթին իրականացնում է Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցումը:
Ոլորտի ղեկավարներից մեկը հայտարարել է, որ Ռուսաստանը շատ է շահագրգռված «Թուրքական հոսք» գազատարի կառուցմամբ, սակայն այն կհետաձգվի առնվազն մինչև 2017 թվականը՝ հիշեցնելով, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, իսկ բնապահպանական թույլտվություններ ստանալը երկարատև ընթացակարգեր են:
Մեկ այլ պաշտոնյա հայտարարել է, որ կարևոր գործոն են հանդիսանում նաև ռուսական գազի ներկրման գնի շուրջ բանակցությունները: Թուրքիան փետրվարի վերջին Ռուսաստանից ստացավ 10.25 տոկոսանոց գազային զեղչ, սակայն ցանկանում է ավելին:
Ակնկալվում է, որ մինչև 2017 թվականը Թուրքիայում կաճի գազի պահանջարկը՝ գերազանցելով ընթացիկ պայմանագրերում նշված ներկրման ծավալը: Միևնույն ժամանակ Հյուսիսային Իրաքից մատակարարումները սկսվելու են 2018 թվականից ոչ շուտ՝ Անկարային թողնելով ոչ մեծ ընտրության հնարավորություն:
Արևմտյան դիվանագետն Անկարայում հայտարարել է, որ «Թուրքական հոսքի» շուրջ վեճերը նաև մրցակցության օբյեկտ են Մոսկվայի ու Բրյուսելի միջև՝ կապված Թուրքիայի վրա իրենց ազդեցությունը պահպանելու հետ: