Աբովյանցիները՝ Գագիկ Ծառուկյանի մասին. «Մեզ թվում է՝ ինքը մեզ չի անտեսի»
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարությունից հետո շատ է խոսվում հասարակության մոտ առաջացած հիասթափության մասին: Շատերն են նշում, որ մարդիկ հիասթափվել են ոչ միայն Գագիկ Ծառուկյանից և ԲՀԿ-ից, այլև՝ ընդհանուր ընդդիմադիր դաշտից:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որը շատերն անվանում էին «Գագիկ Ծառուկյանի քաղաք», մարդկանց մեծ մասը հիասթափված չէ ԲՀԿ նախկին առաջնորդից, և նրանք հույս ունեն, որ իրենց «բարերարը», անկախ ամեն ինչից, կշարունակի «լավ նայել» իրենց քաղաքին:
Բայց հարկ է նշել, որ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարությունից օրեր առաջ, արդեն իսկ սկսեցին չգործել քաղաքի ներսում գործող «Բարգավաճ Հայաստանի» բարեգործական անվճար ավտոբուսները, իսկ Աբովյան-Երևան երթուղով այժմ աշխատում է օրը 3 բարեգործական ավտոբուս, այնինչ նախկինում այդ ավտոբուսներն աշխատում էին 1 ու կես ժամը մեկ:
168.am-ի հետ զրույցում աբովյանցիները նշում էին, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են միայն իշխանությունները, և, որ Գագիկ Ծառուկյանին ստիպել են նման քայլի գնալ Հանրապետության նախագահը և վարչապետը.
«Շատ մեծ ճնշումներ են եղել երկրի ղեկավարության կողմից՝ սկսած երկրի նախագահից, վերջացրած վարչապետով, Ազգային ժողովով: Նրանք գայլերի ոհմակ են, որ կարող են հարձակվել ժողովրդի վրա, բզկտում են, ճնշում են, գզում են մարդկանց»,- ասաց մի աբովյանցի՝ խոսելով ԲՀԿ նախկին առաջնորդի նկատմամբ կիրառված ճնշումների մասին:
Մի տարեց մարդ էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ Հայաստանում «հարուստ մարդիկ շատ կան, բայց ոչ ոք չի օգնում, իսկ Գագիկ Ծառուկյանն օգնում էր»:
«Իշխանությունն ընդդիմադիրների հետ պետք է հասկանա, որ նույն գործն անեն՝ ժողովրդի վիճակը լավացնեն, ոչ թե սկսեն իրար անպատվել, վիրավորել, մեկին ասեն՝ դոդ, մյուսին՝ չգիտեմ՝ ինչ, բոլորն էլ մականուն ունեն: Հիասթափություն չկա Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, բայց հիասթափություն կա իշխանությունների գործողությունների նկատմամբ: Գագիկ Ծառուկյանը ոչ մեկին չի վիրավորել, ասել է այն, ինչ կա այսօրվա իրականության մեջ»,- հայտարարեց մի աբովյանցի տղամարդ:
Մի կին էլ նշեց, որ Գագիկ Ծառուկյանը միշտ մեծ նշանակություն է ունեցել Աբովյանի բնակչության համար. «Մեզ թվում է՝ ինքը մեզ չի անտեսի, էլի իր քաղաքը, Կոտայքի մարզն իր հսկողության տակ կպահի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: