Տրվել է նոր վարկային ծրագրի մեկնարկը

Այսօր տեղի է ունեցել «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի կատարման ընթացքին և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկին նվիրված համաժողով, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լոռա Բեյլին, ՀԲ-ի կրթության ոլորտի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոն, ԱԺ պատգամավորներ, բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել նախարար Արմեն Աշոտյանը, որում, մասնավորապես, նշվել է.

««Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի մեկնարկից անցել է վեց տարի, որի ընթացքում մենք անցել են հսկայական ճանապարհ` լի խոչընդոտներով և քննադատություններով, բայց պետք է փաստել նաև, որ այս տարիների ընթացքում կրթության ոլորտի բարեփոխումները հիմնականում իրականացվել են անշեղորեն:

Այո, գուցե որոշ սխալներով, հասարակական որոշ շերտերի ներգրավմամբ կամ բացակայությամբ, մասնագետների բուռն կարծիքների համադրմամբ, բայց, այնուհանդերձ, պետք է փաստել, որ բարեփոխումներն ընթացել են ճիշտ ուղղությամբ:

Ներկայումս ավարտվել է բարեփոխումների կատուցվածքային փուլը, և կարելի է վստահությամբ փաստել, որ կրթության ոլորտն ամբողջությամբ` հանրակրթությունից մինչև հետբուհական կրթություն, իր կառուցվածքով համապատասխանում է եվրոպական կրթական տարածքի ստանդարտներին: Այս բոլոր տարիներին` 90- ականներից առ այսօր, մեր կողքին է եղել մեր հավատարիմ և վստահելի գործընկերներից մեկը` Համաշխարհային բանկը:

Ես հաճախ եմ քննադատում այն կարծիքները, որոնք ուղղված են ՀԲ-ը` որպես բացառապես ֆինանսական ինստիտուտ դիտարկելուն:

Չգիտեմ այլ որոտներում ինչպես, սակայն կրթության ոլորտում ՀԲ-ն դիտարկվում է որպես նախևառաջ բովանդակային գործընկեր, որն օգնել է մեզ` ներդնել կրթական, կառավարչական նոր մշակույթ, հաշվետվողականության և թափանցիկության նոր գործիքներ, ներգրավել լավագույն մասնագետներին` միասին հասնելու հասարակության առջև կանգնած կրթական խնդիրների լուծմանը:

Վարկային նոր ծրագիրը շարունակելու է բարեփոխումների հիմնական ուղղությունների իրականացումը` դարձնելով դրանք առավել որակյալ և ժամանակակից: Նախ, շարունակվելու են ավագ դպրոցների բարեփոխումները. կրթական համակարգում ոչ մի կառուցվածքային փոփոխություն հետդարձի ճանապարհ չունի, և մենք գնում ենք ճիշտ ճանապարհով:

Ակնհայտ է, որ բարեփոխումների արագությունն է ոլորտը խոցելի դարձնում, ոչ թե դրանց ուղղությունները: Վարկային նոր ծրագրով կշարունակվի բուհական համակարգի աջակցությունը: Նախորդ ծրագրով ներդրվել էին ֆինանասվորման նոր այլընտրանքային մեխանիզմներ, այն է` կարիքի վրա հիմնված պետական աջակցության նոր ծրագիր` կրթության մատչելիության նպատակով: Բուհերի հետ միասին խթանվել է նորարարությունների զարգացումը, 10 ծրագրից 4-ն արդեն ավարտվել է, և մենք սպասում ենք բուհական շահառուներից նոր հաջողություններ: Նոր վարկային ծրագրով 6 մլն դոլլարի շրջանակներում կիրականացվի նորարարությունների ներդրում բուհերում` առավել մատչելի, գրավիչ և աշխատաշուկայի պահանջներին միտված դարձնելու բուհական կրթությունը:

Նոր ծրագրով կխթանվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը. ԿՏԱԿ-ը կթևակոխի իր զարգացման նոր փուլ` արդիական լուծումների միջոցով դառնալով առավել ժամանակակից և բավարարող դպրոցների տեղեկատվական պահանջներին: Նոր ծրագրով կշարունակվի նաև շատ շնորհակալ այլ ծրագիր` նախակրթարանների հիմնադրումը: Վերջին տարիներին շուրջ 6000 երեխա հնարավորություն է ստացել նախադպրոցական կրթություն ստանալ այն համայնքներում, որտեղ դրանք նախկինում բացակայել են:

Վստահ եմ, որ տվյալ համայքների երեխաների ապագայի համար շատ կարևոր գործ է արվել, քանի որ ակնհայտ է` որքան վաղ է երեխան սկսում առնչվել կրթական համակարգի հետ, այնքան ավելի լավ արդյունքների ենք ականատես լինում: Սա վստահաբար մեր ամենաճիշտ սոցիալական և կրթական ծրագրերից մեկն է: Նոր վարկային ծրագրով մեկ այլ շատ հավակնոտ հայտ է ներկայացվել, որի իրագործման համար պետք է աշխատի մասնագետների և նախարարների մի քանի սերունդ:

Այն է` հանրակրթական ծրագրերի բովանդակային լիարժեք վերանայում, որի հիման վրա պետք է տրվի այս տարիներին բարդացված, առանց ընդհանուր նախագծի բարեփոխված հանրակրթության բավանդակության նոր ուրվագիծը: Սա բերելու է փոփոխությունների մեծ շարքի` ուսուցիչների վերապատրաստում, նոր դասագրքեր և նոր կրթական բովանդակություն:

Վստահեցնում եմ, որ մենք սովորում ենք մեր սխալների վրա, և այս նոր ծրագրով կլինենք ավելի բաց և թափանցիկ մեր հաշվետվողականության մեջ` ոչ միայն ծախսված ամեն մի լումայի, այլ նաև ամեն մի քաղաքական որոշման փոփոխության պարագայում: Սա, իհարկե, իր հետ բերելու է նոր մարտահրավերներ. և ես հավաստիացնում եմ, որ կրթության ոլորտի բարձրակարգ մասնագետների աստղաբույլը ունակ է հասնել այն նպատակներին, որոնք դրված են վարկային նոր ծրագրի հիմքերում»:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լոռա Բեյլին, ՀԲ-ի կրթության ոլորտի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոն:
Համաժողովի ընթացքում զեկույցներով են հանդես եկել ՀՀ կրթության ոլորտի և ՀԲ-ի մասնագետները, որոնց ուղղվել են մի շարք հարցեր` ընթացիկ և նոր մեկնարկող ծրագրի հետ կապված:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս