Ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը

Մարտի 12-ին և 13-ին Աստանայում տեղի կունենա ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որին մինչև հիմա Հայաստանը մասնակցելու հրավեր չի ստացել:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում այն կառույցի քննարկմանը, որի անդամ է: Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ, ըստ երևույթին, Ռուսաստանը բավական բարեկամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ և փորձում է ամեն կերպ հասկացնել, որ «այդքան բթամիտ լինել չի կարելի, դուք մեզնից որևէ լավ բան ստանալ չեք կարող, դուք մեզնից որևէ սպասելիք մի ունեցեք».

«ԵՏՄ-ի անդամ դառնալու առաջին ամսվա ընթացքում պարզվեց՝ Հայաստանի արտահանումը այդ տարածք 100 անգամ պակասել է: Այսինքն՝ դրանով Ռուսաստանը հուշում է, որ՝ «մեզ հետ գործ չունեք, հասկացեք, որ բանի պետք չենք»: Նրանց այդ քայլը պետք է հայերին ցույց տա, որ ինչքան Ծառուկյանն էր կախված Սերժ Սարգսյանից, նույնքան էլ Սերժ Սարգսյանն է կախված Պուտինից, հետևաբար՝ մենք առողջ քայլեր չենք տեսնի»:

Հարցին, թե դա արհամարհանքի դրսևորում չէ՞, Պ. Հայրիկյանն այսպես արձագանքեց.

«Դուք բավական լուրջ եք վերաբերվում ԵՏՄ-ին: Այդքան լուրջ մի վերաբերվեք: Դա Պուտինի խաղալիքն է: Ո՞նց կարելի է Պուտինի խաղալիքին լուրջ վերաբերվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս