Հրավիրեն, որ ի՞նչ անեն

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին համատեղ հանդիպում են անցկացնելու Աստանայում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպման նախաձեռնողը Նազարբաևն է:

Հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկատվության, կողմերը, բացի Ուկրաինայում տիրող իրավիճակից, մտադիր են քննարկել երեք երկրների առևտրային-տնտեսական համագործակցության վիճակն ու զարգացման հեռանկարները, եվրասիական ինտեգրացիոն գործընթացները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում ժամանակակից միտումների ազդեցությունը: Փաստորեն, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի «գործընկերները» հանդիպում են անցկացնում եվրասիական ինտեգրացիոն գործընթացները քննարկելու նպատակով, առանց… Հայաստանի:

Համենայնդեպս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Աստանա հրավիրելու մասին ո՛չ ռուսական կամ ղազախական, ո՛չ էլ հայկական պաշտոնական աղբյուրները տեղեկություններ չեն հրապարակում: Իհարկե, բազմաթիվ կարող են լինել պատճառները, թե ինչու Սերժ Սարգսյանին Նազարբաևն Աստանա չի հրավիրել, սկսած անձնական վերաբերմունքից՝ մինչև Հայաստանին հաշվի չառնելու հերթական դրսևորում կամ հանդիպումը միայն ԵՏՄ-ի հիմնադիր անդամներով անցկացնելու ֆորմալ պատճառաբանություն:

Բայց այն, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մասին այդ երկրների նախագահները քննարկումներ են անցկացնում առանց Հայաստանի, ունի նաև խորհրդանշական բնույթ:

Հայաստանը Ռուսաստանի ճնշմամբ է դարձել այդ միության անդամ և անդամության երեք ամիսների ընթացքում միայն տուժում է դրանից: Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ թե ինտեգրացիոն նախագիծ էր, այլ Եվրամիությունից ապաինտեգրման ակտ, ինչն արձանագրելուց հետո Ռուսաստանին ու նրա եվրասիական գործընկերներին, մեղմ ասած, չի հետաքրքրում Հայաստանի վիճակը:

Գրեթե այնպես, ինչպես Հայաստանի իշխանությանը, որի համար անդամակցությունը ԵՏՄ-ին ոչ թե Հայաստանի ապագայի հետ կապված երկարաժամկետ ընտրություն էր, այլ իշխանությունը պահպանելու միջոց: Այդ խնդիրը լուծված է: Այլ հարց է, որ դրա արդյունքում Հայաստանը ոչ միայն աշխարհում, այլ առաջին հերթին՝ նաև ԵՏՄ-ում, սուբյեկտից վերածվել է օբյեկտի, որի վրա համաշխարհային միտումները կազդեն այնպես, ինչպես՝ այդ կառույցի սուբյեկտների, մեր դեպքում՝ Ռուսաստանի վրա:

Տեսանյութեր

Լրահոս