«Շատ կարևոր է, որ մյուս կողմն էլ հիմա դուրս գա քաղաքականությունից՝ Հանրապետականը և նրա կցորդ թևերը». Աշոտ Մանուչարյան

«Ես չէի ցանկանա մտնել ինտրիգների դաշտ, որովհետև, քանի որ մեզանում օլիգարխիան է քաղաքականությամբ զբաղված, ինտրիգները համարվում են քաղաքականություն՝ մեկը մեկի քթից քաշեց, մեկը մեկի գլխին տվեց, մեկը մեկին խաբեց… Այդ ամենը բացարձակապես կարևոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից դուրս գալու հայտարարության մասին՝ նման տեսակետ հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Միաժամանակ նա նշեց, թե այս օլիգարխիային քաղաքականությունից դուրս մղելու հարցը նաև դրական նշանակություն ունի. «Հարց է դրվել, որ օլիգարխիան, այսինքն՝ մեծ փողը, քաղաքականությունից պետք է հեռանա, որովհետև փողը ոչնչացնում է քաղաքականությունը: Արդեն 15 տարի է՝ մեծ փողն իշխանություն է մեզ մոտ, և այդ օլիգարխիական իշխանությունը ոչնչացնում է երկիրը: Հիմա հերթը մյուս մեծ փողերինն է»:

Ա. Մանուչարյանի խոսքով՝ շատ լավ է, որ ԲՀԿ-ական «մեծ փողը» հեռանում է քաղաքականությունից, շատ լավ է, որ ԲՀԿ-ի հիմնական «ստվերային կարդինալը» կորցրեց մարմնավորվելու հնարավորությունը, և նաև դուրս դրվեց քաղաքականությունից. «Ես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին: Բայց շատ կարևոր է, որ մյուս կողմն էլ հիմա ինքը դուրս գա քաղաքականությունից՝ նկատի ունեմ Հանրապետականին և նրա կցորդ թևերին: Մեծ փողերը՝ սկսած Հանրապետականի առաջին դեմքերից, բոլորը պետք է հեռանան քաղաքականությունից, որովհետև հակառակ դեպքում՝ քաղաքականությունը ոչնչացվելու է հանրապետությունում»:

Հարցին՝ ինչքանո՞վ էր դա պայքար «մեծ փողի» դեմ, եթե այն կիրառվում է միայն ընդդիմադիր ուժերի նկատմամբ, Ա. Մանուչարյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Իհարկե, ես ընդամենն ասացի, որ կատարվել է հարցադրում, այսինքն՝ հարց է քաշվել, որ այս մարդը չի կարող այսպիսի բանով զբաղվել: Իհարկե, սա դեռ մեծ փողի դեմ պայքարը չէ: Այս մասն արդեն բացարձակ ժողովրդինն է»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ այն, ինչ իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ, դրակա՞ն եք համարում, Ա. Մանուչարյանը պատասխանեց, որ դրական է՝ որպես հարցադրում, բայց դրական կհամարի, եթե այդ քայլը հռչակողներն իրենք էլ դուրս բերվեն քաղաքականությունից, որովհետև «իրենք էլ փողատեր են»:

Ա. Մանուչարյանից նաև հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ինքը պատկերացնում ԲՀԿ-ի հետագա գործունեությունը՝ առանց Գագիկ Ծառուկյանի: Նա պատասխանեց, որ ընդհանրապես չի պատկերացնում նրա գործունեությունը, որովհետև ԲՀԿ-ն, ըստ նրա՝ ընտրված էր՝ որպես «փողատերերի» կուսակցություն. «Ստեղծված է եղել պատվերով: Ռոբերտ Քոչարյանը պատվերը տվել էր, ստեղծել էր իր համար գործիք, որ Սերժ Սարգսյանի հետ կիսեն, մեկը՝ ընդդիմությունը, մյուսը՝ իշխանությունը, ու հավերժ իշխանությունը պահեն իրենց ձեռքում: Բայց քանի որ, այսպես թե այնպես, ընդդիմադիր մարդկանց ինչ-որ շրջանակ կար, որ մտել էր գործունեության մեջ, նրանց ճանապարհն ինչպիսի՞ն կլինի, ես դժավարանում եմ ասել: Ես չեմ կարծում, որ նրանք կկարողանան իշխել կուսակցությունը, որովհետև ինչքան փողատերերը հեռանում են, էլի տեսնում եմ փողատերեր, այն էլ՝ ամենաստոր ճանապարհներով փող հավաքածներ: Նույնը տեսնում եմ նաև Հանրապետականում: Եթե հանկարծ «Բարգավաճի» ընդդիմադիր զանգվածն ինչ-որ ֆանտաստիկ ձևով վերցնի այդ կուսակցության իշխանությունը, ապա հեռանկար կարող է ունենալ»:

Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ միավորվելու, միացյալ հրապարակ ստեղծելու ու իշխանությունների դեմ պայքարելու կոչը հիմա, Ա. Մանուչարյանն այսպես պատասխանեց.

«Ես ուզում եմ հասկանալ՝ «իշխանությունների դեմ» ասելով՝ պարոն Հովհաննիսյանն ի՞նչ է հասկանում: Եթե նկատի ունի՝ փողի իշխանության դեմ, համաձայն եմ, իսկ եթե Պողոսին փոխարինենք Պետրոսով, որովհետև Պետրոսն ավելի լավ կսպասարկի փողի իշխանությանը, ես դրան կտրականապես դեմ եմ:

Հիմա միավորման հարց, իրոք, կա: Այդ իմաստով ՝պարոն Հովհաննիսյանի հետ, իրոք, համաձայն եմ: Այսինքն՝ ամբողջ ընդդիմադիր դաշտը պետք է արձագանքի մտավորականության կոչին, այդ կոչն էլ շատ հստակ է, որ պետք է ժողովուրդը ամբողջականանա և ստեղծի ժողովրդական վստահության կառավարություն, դա միակ անցնցում ձևն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս