Մեր ժամանակների Կարաբալան
Միմին անցորդների վրա չի հաչում, չի կծում, չի նեղացնում ու չի վախեցնում, բայց եթե տարածքում Միմին է, ուրեմն բոլորի հայացքներում նա է շողշողում: Եթե Միմիին անգամ մեկ անգամ տեսել եք՝ երևանյան փողոցներում պոչիկը խաղացնելով քայլելիս, ծաղիկներ առաքելիս, ապա էլ երբեք չեք մոռանա: Իսկ եթե դեռ չեք հանդիպել՝ անհոգ եղեք, նրան անհնար է չնկատել ու մի քանի րոպե չսիրահարվել բնության այդ հրաշքին: Մեր դարի Կարաբալան արդեն հասցրել է շատուշատ տղաների օգնել ու ծաղկեփնջով նրանց սիրելիներին շնորհավորել: Միմիի օգնությանն այսօր շատերն են դիմում. չէ՞ որ դժվար կլինի Միմիի նման շունիկից ծաղիկներ չընդունելը: Քաղաքի ծաղիկն է Միմին, ամեն քայլափոխի մարդիկ մոտենում են նրան ու շոյում, շատերն էլ անմահանում են Միմիի հետ: Նրա համար արդեն սովորական են դարձել տեսախցիկներն ու անցորդների շոյանքները:
Տեսնում ենք Միմիին, ու մնացած քաղաքացիներն անտեսվում են բոլորիս տեսադաշտից, անտեսվում է նաև Արսենը` Միմիի հավատարիմ բարեկամը: Ո՞վ կմտածեր` մի օր դու ես շանը պահում, մի օր էլ նա է սկսում պահել ոչ միայն՝ քեզ, այլև՝ քո ամբողջ ընտանիքը: Այժմ տան սյունը Միմին է, նա է աշխատում ու պահում իր «մարդկային» ընտանիքը: Միմին փոքրիկ էր, շատ փոքրիկ, նույնիսկ կաթնատամները չէր հանել, երբ նրան Արսենին հանձնեցին: Մինչ հիմնական տիրոջը գտնելը՝ ձեռքից ձեռք էր անցել: «Հենց սկսեցի նրան պահել, զգացի՝ հրաշք է, չեմ կարա նկարագրեմ, էդ զգացումը շուն պահողը կհասկանա, ով շուն ա սիրում՝ կհասկանա: Ոնց որ ծառը ջրեք, մեծանա, ու հետո ինքը բերք տա քեզ: Ես էս համեմատությունն եմ միշտ բերում»,- ասում է Արսենը:
Միմիի կատարյալ լինելու գաղտնիքներից մեկը նրա համեստությունն է. առհասարակ դալմատին ցեղատեսակի շներն էներգիայով լեցուն կենդանիներ են, շատ ակտիվ են ու անհանգիստ բնավորություն ունեն, հաճախ չեն ենթարկվում ու հիմնականում որսորդության համար են նախատեսված եղել: Չնայած Միմին սպիտակ է` ծածկված սև պուտերով, բայց նա նաև նման չէ իր «նմաններին». համեստության հետ մեկտեղ՝ Միմին շատ «լսող» շուն է: Անգամ Արսենի դեմքի արտահայտությունից է զգաստանում և լսում նրան: Արսենը սկզբում մեծ ջանքեր է գործադրել, որոշել էր` պետք է իր շանը տեղը տեղին դաստիարակել, սիրել նրան և հոգ տանել հարազատի պես. «Եթե շուն ես պահում, այնպես պիտի պահես, ոնց որ ինքդ քեզ ես պահում, նույնիսկ քեզնից ավելի լավ, դու կարաս սոված մնաս, բայց կենդանին պետք ա կուշտ լինի»:
Միմին տարիներ առաջ անկողին էր ընկել՝ մրսել էր: Արսենին տեղեկացրել էին, որ դալմատինները շատ նուրբ շներ են ու ցրտադիմացկուն չեն, այդ պատճառով ցուրտ օրերին Արսենը ժակետ էր հագցնում իր շանը: բայց մի օր խաբվեց եղանակին, ու առանց ժակետի դուրս եկան տանից, մրսեց, հիվանդացավ Միմին: Նիհարեց խեղճը` «ոսկորն ու կաշին էր մնացել». ով այդ օրերին տեսնում էր Միմիին, ասում էր` վերջ, էլ չի ապրի: Մի լավ բժշկուհու էր ճանաչում Արսենը, Աննա էր անունը, ոտքի կանգնեցրեց իր փոքրիկ բարեկամին: Արսենը երբեք չի մոռանա Միմիի վերածննդի այդ օրը. «Ձայն լսեցի, մտա սենյակ, տեսնեմ՝ Միմիս պոչը շարժում ա… ի՞նչ կլինես…. հիմա էս դմբոյիս կերակրում եմ, ստիպում եմ, որ ուտի, չի էլ ուտում: Հիշում եմ` գնացի մեր բակի Սևոյին բերեցի, գիտեի, որ շները շատ ուժեղ խանդում են ուրիշ շների, ու հենց աչքի դեմը սկսեցի Սևոյին կերակրել, տեսավ ու միանգամից ինքն էլ սկսեց ուտել»:
Արսենն ամեն օր զբաղվում էր իր աղջկա՝ Միմիի հետ, հետո զամբյուղներ էր տալիս, շունն էլ ատամներով պահում ու այս ու այն կողմ էր քայլում: Մի օր մի տղա առաջարկեց ընկերուհուն ծաղիկներ ու փուչիկներ առաքել: Առաջին պատվերն էր Միմիի` Կարաբալայի այժմյան հանգրվանում էր` Հյուսիսային պողոտայում, առաքեց, ու Արսենը սկսեց զբաղվել այդ ուղղությամբ: Հիմա Միմին պատվիրատուներ ունի ոչ միայն՝ մայրաքաղաքից, այլև՝ Հայաստանի տարբեր մարզերից. ծնունդ, կնունք, հարսանիք են հրավիրում նրանց, չեն մերժում ոչ մի պատվեր: Պատվերները չեն մերժվում, բայց պահանջները խիստ են՝ զամբյուղն ամենաշատը 4 կգ կարող է կշռել: Միմիի ուժի վրա կասկածողներ չկան, պետք եղած դեպքում 10 կգ էլ է բարձրացրել, բայց աշխատանքային պայմանները հստակ են` ծանր ծաղկեփնջերը Միմիին արգելվում են:
«Շատերն ասում են՝ երեևի ծեծելով ա դաստիարակում… Էդ ասողները երևի իրանք իրանց էրեխեքին են ծեծում ու ծեծի միջոցով դաստիարակում, ո՞նց կարելի է տենց մտածել: Պետք ա սովորացնել, հետո՝ պահանջել: Ես էն բանի համար իմ շանը կծեծեմ, եթե հանկարծ մեկին վնասի կամ ահավոր ուժեղ վախացնի: Մարդիկ զարմանում են, ասում են` էս մա՞րդ ա, թե՞ շուն… էնքան լավն ա իմ Միմին…»,- ասում է Արսենը:
Միմին օրեր առաջ ամուսնացել է, փեսացուն Լոկին է` իր առաջին ու միակ սերը: Լոկիին հայրը՝ Արսենն է ընտրել իր աղջկա՝ Միմիի համար, եթե գեղեցիկ ու լավ շուն չլիներ Լոկին, Արսենը չէր համաձայնի կնության տալ Միմիին: Մոտ մի 3 տարի առաջ Լոկին ու Միմին էլի էին ամուսնացել, ձագեր ունեին, բոլորին վաճառեցին, միայն Միլենան մնաց Միմիի կողքին: Արսենը շատ սիրեց Միլենային ու չվաճառեց միակին: Հիմա աղջիկը մոր հետքերով է գնում, նա էլ է ծաղիկների առաքմամբ զբաղվում: Միմին Լոկիին այնքան շատ է սիրում, որ նրա համար անգամ տանից է փախել: Մի անգամ Արսենը Միմիին ուրիշ շան հետ էր ծանոթացրել, ստիպողաբար փորձում էր Միմիին այդ շան հետ կապել, բարկացավ Միմին ու տանից փախավ: Արսենը ստիպված եղավ փողոցում երեք կանգառի չափ վազել շան հետևից… Դաս եղավ Արսենի համար. դրանից հետո նա այլևս չփորձեց փեսացուներ գտնել Միմիի համար: Միմին շուտով էլի ձագեր կունենա, և արդեն հերթի են կանգնել նրա ձագուկներին պահել ցանկացողները:
Միմին իր կյանքում ընդամենը մեկ անգամ է թերացել գործում, Արսենն էլ դա լիովին բնական է համարում. չկա աշխարհում շուն, որ գոնե մեկ անգամ չհրաժարվի ենթարկվել տիրոջը: Մի անգամ հարսանիք էին հրավիրված, Միմին, որ օրեր առաջ էր ծննդաբերել, պետք է ծաղիկներով լի զամբյուղը հարսնացուին հասցներ, բայց թողեց զամբյուղն ու վազեց ուտելիքի մոտ, հազիվ հասցրել էր հոտոտել, երբ տիրոջ բարկացած ձայնը լսեց, անմիջապես սթափվեց ու հետ եկավ զամբյուղի հետևից. վայրկյաններ անց ծաղիկները հարսնացուի ձեռքում էին:
Տնտեսական-սոցիալական ճգնաժամերը Միմիի աշխատանքի վրա նույնպես մեծ ազդեցություն են ունենում. վերջին տարում պատվերները քչացել են, աշխատանք չկա, լինում է` օրերով գումար չի աշխատում: Ամռանը հավանաբար Միմին էլ կլքի Հայաստանը` բազմաթիվ հայերի նման կընտրի «խոպանի» ճանապարհը. Արսենը որոշել է` գնալու են Ռուսաստան` նույն գործն անեն, ընտանիք պահեն, կարծում է` այնտեղ նույնիսկ ավելի շատ կգնահատեն Միմիի տաղանդը: Արսենը վստահ է` իրենք առաջինն են, որ այսպիսի «գործ են դրել» աշխարհում, այսպիսի բան նա իր կյանքում երբեք չի լսել ու լավ գիտի` ուր էլ գնան, Միմին փայլելու է. իր շունն ամենախելացին է: Իզուր չէ, որ Արսենը «Խելացի շնիկ Միմի» անունն է տվել իր աղջկան:
Լուսանկարները՝ հեղինակի