Պետրոս Մակեյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի ապագան կորոշի Սերժ Սարգսյան, ինչպես ՕԵԿ-ի և ՀԿԴ-ի դեպքում էր

«Մեզ համար պարզից էլ պարզ էր, որ արդյունքում այսպես կլիներ, այստեղ ուրիշ խնդիր կա՝ այդ «համաժողովրդական շարժման» լիդերներն ի՞նչ պատասխան են տալու ժողովրդին՝ 1 տարուց ավելի հուսադրեցին, որ էսօր-էգուց իշխանափոխություն են անելու, արդյունքում՝ ի՞նչ, մեկը իր բիզնեսով, մեկը իր դղյակում, մյուսն անհասկանալի պահվածքով…»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ առաջնորդի պաշտոնից և ակտիվ քաղաքականությունից դուրս գալու հայտարարության մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նա նշեց, որ չի կարող նաև չքննադատել իշխանությունների՝ անձամբ Սերժ Սարգսյանի գործելաոճը. «Որովհետև այն ձևը, որով նա ծնկի բերեց Գագիկ Ծառուկյանին, ցիվիլ տարբերակ չէր: Այնուամենայնիվ, չենք կարող ասել՝ ստվերային ինչ գործընթացներ է գնացել, հնարավոր է՝ ավելի մեծ պրոցեսներ են գնացել, որոնց մենք տեղյակ չենք: Բայց վիզուալ առումով՝ եթե իրենք հայտարարում են՝ «մեր խոսքը գործ է» ու արդյունքում՝ քաղաքականությամբ չեն զբաղվում, դա ամոթալի երևույթ էր»:

Հարցին՝ հաշվի առնելով նաև այն, որ Վարդան Օսկայնան էլ է դիմում ներկայացրել ԲՀԿ-ից դուրս գալու համար, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի ԲՀԿ-ն՝ առանց Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Ես արդեն ասել եմ, որ Վարդան Օսկանյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմը փորձում է Գագիկ Ծառուկյանին խաղից դուրս բերել: Դա էլ կարծես եղավ: Հիմա կուսակցությունն ի՞նչ ապագա կունենա, կարծում եմ՝ այն, ինչ որոշի Սերժ Սարգսյանը, ինչպես «Օրինաց երկրի», ՀՅԴ-ի պարագայում է ինքը որոշում»:

Հարցին էլ՝ եթե Վ.Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը որոշել էին Գագիկ Ծառուկյանին խաղից հանել, ինչո՞վ է պայմանավորված Վ. Օսկանյանի կուսակցությունի դուրս գալու որոշումը, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ես արդեն ասացի՝ մենք լիարժեք ինֆորմացիա չունենք: Իմ պատկերացմամբ՝ դրսի պատվերներ են, որովհետև առանց դրսի ասածի՝ Գագիկ Ծառուկյանը չէր կարող փետրավարի 13-ի այն ելույթն ընթերցել: Այդ առումով՝ դա միայն ներքին պրոցեսների արդյունք չէ, դրսի ազդակներ էլ կան, որոնց մասին լիարժեք ինֆորմացիա չունենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս