«Հայաստանը պետք է մտածի` ինչպե՞ս ինքնապաշտպանվել քաղաքակիրթ աշխարհի համար սպառնալիք դարձած Ռուսաստանից». Բորիս Եղիազարյան

168.am-ի զրուցակիցն է Կիևում բնակվող հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը:

– Պարոն Եղիազարյան, ռուս հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը հերթական անգամ ապացուցեց այն արժեքների սնանկությունը, որոնք ներդրվեցին հետսովետական տարածքում ԽՍՀՄ փլուզումից հետո և որոնք, ըստ էության, դարձան ուկրաինական ճգնաժամի առաջացման, ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը, թեև Նեմցովի սպանությունը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրեց, որ ՌԴ-ում 1990-ական թթ. սկզբին գլուխ էր բարձրացրել անկախության, ազատության շունչը, որը լավ ապագա էր խոստանում: Ինչո՞ւ և ինչպե՞ս այդ բեկումը, ըստ Ձեզ, տեղի ունեցավ:

– Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հետսովետական երկրներում իսկապես ազատ, անկախ պետություններ ստեղծելու ձգտումը մեծ էր, ժողովրդավարական արժեքները ներդնելու ցանկությունը` ևս, քանի որ, չնայած ԽՍՀՄ փակվածությանը, մարդիկ գիտեին, որ կար արտաքին աշխարհ, քաղաքակիրթ ժողովուրդներ, որոնք առաջնորդվում էին   ժողովրդավարական արժեքներով, ինչը  բարգավաճում էր բերում այդ երկրներին: ՌԴ-ում ևս այդ փուլում մտածում էին նման երկիր ստեղծելու մասին, այնինչ այլ բան տեղի ունեցավ: Ելցինն իր հետնորդ որոշեց նշանակել երիտասարդ Պուտինին՝ մտածելով, թե նա խելացի երիտասարդ է, կարող է երկիրը տանել դեպի նոր որակի պետություն: Իհարկե, դա մեծ սխալ էր, քանի որ նա ՊԱԿ-ի աշխատող էր, ամենաճարպիկներից մեկն էր, իսկ ԽՍՀՄ ՊԱԿ-ը հանցագործ կազմակերպություն էր, և այդտեղ դաստիարակված մարդը չէր կարող պարզապես երկիրը տանել ժողովրդավարական ուղիով:

Պուտինը Ռուսաստանը վերածեց նոր ռեժիմի` ավելի խորամանկ և սարսափելի, քան սովետական ռեժիմը: ԽՍՀՄ-ը փակ ռեժիմ էր, բայց մարդիկ լսում էին, օրինակ, «Ամերիկայի ձայն» և հասկանում, որ կա այլ տեսակի երկիր, այլ մտածողություն, որին հասնելն այդքան էլ հեռավոր գաղափար չէր թվում: Բայց ներկայիս խորամանկությունն ու կեղծիքը կայանում է նրանում, որ ազատ մամուլ կա ամբողջ աշխարհում, իսկ ՌԴ-ն տարիների ընթացքում գնել է գումարով ԶԼՄ-ներ, որոնց միջոցով տեղեկատվական պատերազմ է մղում ողջ աշխարհի նկատմամբ՝ ընդդեմ խաղաղ և ազատ կյանքի: Հետսովետական յուրաքանչյուր երկրի հետ Պուտինն ունի իր ծրագիրը, այդ թվում՝ Հայաստանի, Ուկրաինայի հետ: Սա նոր վտանգ է աշխարհի համար ու շատ խորամանկ կազմակերպված, որի հիմքում կեղծիքն ու սուտն են: Շատերն ասում են, թե ինչո՞ւ Ուկրաինայում չեն կարողանում ստեղծել տեղեկատվական դիմադրություն Ռուսաստանի կեղծիքին, այնինչ դա անհնար է իրականացնել ֆինանսապես: Այն դեպքում, երբ Ռուսաստանում տարիներով հերոսացնելով Պուտինին` հասել են այն աստիճանի, որ ռուս ժողովրդի 80-90%-ը Պուտինին պատկերացնում է ազգային հերոս, միակ մարդ, ով կարող է կայունություն պահել ոչ միայն՝ Ռուսաստանում, այլև՝ շրջակա պետություններում, իսկ դա դարձել է նրա մեծ ուժը: Պուտինը յուրաքանչյուր հետսովետական երկրի յուրովի է սպառնում՝ ունենալով լծակներ այդ երկրների նկատմամբ: Հայաստանի դեպքում ԼՂ հակամարտությունն է, Ուկրաինայում պատերազմ է: Եթե եվրոպական երկրները երկար ժամանակ ցանկանում էին հասկանալ` կա՞ արդյոք ինչ-որ բան, որ չեն կարողանում հասկանալ Պուտինի քաղաքականության մեջ, հիմա հասկացել են, որ Պուտինի քաղաքականությունը մի մեծ կեղծիք է, խաբեություն, սարսափելի վտանգ ողջ աշխարհի համար:

Կարդացեք նաև

– Այդ վտանգի գիտակցումը կարծես արդեն կա, բայց դա հաղթահարելու գործիքները, որոնք մինչ այս կիրառվել են, արդյունավետ չեն եղել, լիբերալ ուժերը ևս լռեցվում են: Այս երկրներում, փաստորեն, ներքին ռեսուրս չկա՝ հաղթահարելու այս մարտահրավերները: Ելքը ո՞րն է:

– ԽՍՀՄ-ում ևս ամեն ինչ լռեցվում էր, և, իհարկե, ամեն ինչ այդքան երկար չի ձգվի: Պարզապես Եվրոպան և քաղաքակիրթ աշխարհը վախեցած են այն մարտահրավերներից, որոնք Ռուսաստանն է առաջ բերում: Վախենալով պուտինյան ագրեսիայից ու կեղծիքից` քաղաքակիրթ աշխարհը փորձեց դիվանագիտական միջոցներով լեզու գտնել ՌԴ-ի հետ, հիմա արդեն հասկանալի է դարձել, որ հարկավոր է նոր մտածելակերպ, նոր միջոցներ, մեթոդներ, գործիքներ: Եթե նախկինում Արևմուտքում գիտակցական փոփոխությունը դանդաղ էր տեղի ունենում, հիմա ավելի արագ է, ամեն ինչ հասկանալի է դարձել, և ես չեմ կարծում, որ Պուտինը խորամանկությամբ, ստով ու կեղծիքով կկարողանա հաղթել բանական ուժին: Ամբողջ աշխարհը հիմար չէ, և ավելին ասեմ, որ դժվարը հասկանալն էր: Պարզապես քայքայել Ռուսաստանին այնպես, որ ավերվի՝ վտանգավոր է աշխարհի համար, թուլացնել Ռուսաստանին կարելի է, և ինձ թվում է, որ համարում են, թե դա միակ ձևն է պայքարելու: Սա է ելքը՝ մտածել, ելքեր գտնել և պայքարել:

– Ըստ Ձեզ` Հայաստանի առջև ի՞նչ խնդիր է դրված այս պայմաններում: Չէ՞ որ պետք է կարողանալ նաև Ռուսաստանի հետ չկործանվել:

– Հայաստանի դեպքում մտածելու շատ հարցեր կան, այդ թվում՝ թե ինչպիսի՞ն լինել, ինքնապաշտպանության ի՞նչ ծրագիր ունենալ: ՌԴ ճգնաժամի ավելի խորացման դեպքում՝ ինչպե՞ս ինքնապաշտպանվել:

– Կա՞ ինքնապաշտպանական ներուժ, ըստ Ձեզ, եթե առկա ողջ պոտենցիալը կապված է Ռուսաստանի հետ:

Ես կարծում եմ, որ կա: Հայերն ինտելեկտուալ ժողովուրդ են, և կարծում եմ, որ հոգևոր և ինտելեկտուալ ուժ կա: Պարզապես Հայաստանը բարդ վիճակում է, և չեմ կարող ասել` կարո՞ղ էր, թե՞ չէր կարող չանդամակցել ԵՏՄ-ին, բայց այլ տեսակի քաղաքականություն է անհրաժեշտ: Քաղաքականության մեջ անհատների դերը կարևոր է, մարդու պահվածքը կարևոր է, դա պետության պահվածքն է: Չկան անելանելի իրավիճակներ:

Հայաստանը ճկուն քաղաքականություն պետք է վարի, չպետք է վախենալ ռուսական զորքերի (Ա.Մ.- ռազմաբազայի) դուրսբերումից Հայաստանից: ՀՀ-ն պետք է կարողանա իր դիվանագիտությունը մշակել և հարևան բոլոր երկրների հետ մերձ քաղաքականություն վարել: Հարևաններ ասելով՝ նկատի ունեմ Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին և Իրանին: Ռուսաստանի հետ ևս պետք է պահպանել լավ հարաբերությունները, որպեսզի ՌԴ-ն իմանա, որ Հայաստանը փոքր է, բայց ճկուն: ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ Ռուսաստանը հաշվի է առնում միայն իր սեփական ազգային շահերը, և, եթե կարիք լինի, «կքցի» Հայաստանին և կաջակցի Ադրբեջանին: Սա պետք է գիտակցել ու չվախենալ կանխել:

 

Տեսանյութեր

Լրահոս