Բաժիններ՝

ԿԲ պահուստները դեռ ռիսկայնության դաշտում չեն, դրսից սպասվում են վարկեր

2015 թվականի երրորդ ամիսն արդեն ընթացքի մեջ է, սակայն տնտեսությունը տարեվերջի ֆինանսական շոկից դեռ չի կարողանում դուրս գալ: Դոլարի արժևորման տեմպը թեև դանդաղել  է, սակայն բանկերը դեռևս ամբողջ ծավալով չեն իրականացնում իրենց գործառույթները, և տնտեսություն վարկերի տեսքով գումար չի մտնում:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նման ֆինանսական ճգնաժամերի ժամանակ մարդկանց խնայողությունների հաշվին են գումարային շրջանառություններ իրականացվում տնտեսության մեջ: Ինչ վերաբերում է բանկերի զգուշավորությանը, տնտեսագետը կարծում է, որ բանկերն այս դեպքում ունեցած պահուստների հաշվին պետք է սկսեն սպասարկել իրենց հաճախորդներին:

«Որոշ բանկեր իրենց լիկվիդայնությունը դեպոզիտների հաշվին պետք է իրացնեն և վնասով աշխատեն, կամ նորմալ գործունեություն ծավալելու համար գնան միավորման ճանապարհով»,- ասաց Խուրշուդյանը՝ նկատելով, որ Հայաստանում տնտեսական մոդելները ցույց են տալիս, որ առնվազն երկուսուկես տարի է պետք բալանսավորման համար:

Անդրադառնալով ֆինանսական շուկայի վրա ազդող հիմնական գործոններին՝ տնտեսագետը նշեց, որ իրավիճակի կարգավորումը մեծապես կախված է նավթի գներից. մեծ փոփոխություններ դեռ չկան, սակայն Սաուդյան Արաբիան կարող է ավելի էժանացնել նավթի գինը. «Նոր իրավիճակում սկսեցին օգտագործել  այլընտրանքային վառելիք, գազի գինն էլ, իր հերթին, ազդեց ստեղծված վիճակի վրա»:

Կարդացեք նաև

Տարբեր գնահատականներ կան, որ դրամի արժեզրկումը ոչ միայն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, այլ, որ այս կառույցը հսկայական միջամտություն է ցուցաբերում՝ պարբերաբար նոր գումարներ շրջանառության մեջ դնելով: Հետևաբար՝ կասկածի տակ է դրվում ԿԲ-ի պահուստային միջոցների հարցը: Նշենք, որ դեկտեմբերի վերջի դրությամբ ԿԲ պահուստները կազմել են մոտ 1 մլրդ 489 մլն դոլար:

Ընդհանուր առմամբ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը կարծում է, որ ԿԲ-ն ֆինանսական շոկի օրերից մինչև հիմա աշխատում է դասական մոդելով, միայն թե խուճապի ժամանակ միջամտությունը եղավ վերջին հնարավոր պահին, այսինքն՝ ուշացումով:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին հրապարակումից հետո անհայտ է, թե ինչքան գումար է շրջանառության մեջ դրվել՝ դրամի արժեզրկումը և գնաճը զսպելու համար: «Միջոցների նվազում անպայման կլինի, մեր տնտեսության համար ռիսկայնությունը կսկսվի, երբ պահուստները 1 մլրդ 1 մլն դոլարից  ներքև իջնեն»,- նշեց նա:

Նման իրավիճակում, ըստ Վ. Խաչատրյանի, միջազգային վարկատու կազմակերպությունները կսկսեն վարկեր տրամադրել Հայաստանին: Նրա խոսքով, թեև ռիսկայնությունը դեռևս այդքան էլ բարձր չէ, այնուամենայնիվ, Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ ֆինանսական կառույցներ շուտով կսկսեն վարկերի տրամադրումը. «Մեր երկիրն այդ կառույցների համար բարեխիղճ վարկառուի համբավ ունի, սակայն տնտեսությունը վարկերի հաշվին աշխուժացնելն իրականում վատ է: Ստացվում է՝ ՀՆԱ-ում գնալով վարկերի ծավալն ավելի է մեծանալու»:

Տնտեսագետը կարծում է, որ այսօր արդեն արտարժույթի կորուստներ կան, որը նոր իրավիճակ է ստեղծել բանկերի  համար. ԿԲ-ի  դրամային նոր նորմատիվի սահմանումը թե՛ բանկերի, թե՛ հաճախորդների համար դրամային վարկերի ռիսկայնությունը բարձրացրել է, իսկ դոլարայինի դեպքում արժեզրկման խնդիր կա:

«Ճիշտ կլինի, եթե բանկերը դոլարային վարկերը վերածեն դրամայինի հետևյալ կերպ՝ դասակարգում պետք է արվի և օրվա կուրսով այն վերածվի դրամայինի: Այս դեպքում մարդիկ այս ու այն կողմ չեն ընկնի դոլար գտնելու և վարկը մարելու համար: Ռուսաստանը նման քայլ արեց և դոլարից կախվածությունը նվազեցրեց՝ զսպելով դոլարի մրցավազքը: Այս պահին մեր մոտ վարկային պորտֆելը մոտ 1,8 տրիլիոն դրամ է, որից  1,1 տրիլիոնը՝ դոլարային, 700 մլն-ը՝ դրամային վարկերն են»,- հայտնեց տնտեսագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս