ԲՀԿ-ում հանգամանալից վերլուծելուց հետո կպատասխանեն՝ որտե՞ղ է Գ.Ծառուկյանը տեսել արյունահեղության սահմանը
«Գագիկ Ծառուկյանը մնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, իսկ պատգամավորական մանդատը վայր չի դնում և դրա հետ կապված խնդիր չի էլ կարող լինել».- այս մասին այսօր ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարից հետո հայտարարեց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ միաժամանակ ներողություն խնդրելով, որ այս պահին պատրաստ չէ պատասխանել բոլոր հարցերին:
«Բոլորն էլ պետք է հասկանան, որ այն մեծ ավանդը, այն լուման, որ ունեցավ Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտում՝ նման ուժեղ, հզոր հանրության վստահությունը վայելող կուսակցություն ստեղծելու գործում, ուղղակի անուրանալի է»,- ասաց նա:
Թե արյունահեղության սահմանը որտե՞ղ է տեսել Գ.Ծառուկյանը հարցին ի պատասխան, Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ հարցեր կան, որոնց պատասխանները կտան, երբ կուսակցության ներսում տեղի ունեցածը հանգամանալից կվերլուծեն:
Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իր թեկնածությունը ԲՀԿ նախագահի պաշտոնում միակն է եղել, և ձեռնպահ է քվեարկել միայն Լյովա Խաչատրյանը: Ըստ նրա՝ համագումարում կուսակցությունը հայտարարվել է ընդդիմություն, և ԱԺ առաջիկա քառօրյայում կհայտարարվի այդ մասին:
Նա նշեց, որ համագումարից հետո տեղի ունեցավ քաղաքական խորհրդի նիստ, քանի որ կուսակցության նախագահի ու քաղխորհրդի նախագահի պաշտոնները մեկտեղեված են, քաղխորհրդի նախագահի տեղակալ ընտրվեց Վարդան Վարդանյանը:
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ առաջիկա համագումարում ծրագրում են տարանջատել այս երկու պաշտոնները, իսկ այսօր դա չարվեց, որովհետև կանոնադրական փոփոխություն է պետք, և պետք է 1 ամիս առաջ հայտարարել այդ մասին:
Քաղխորհրդի նախագահի պաշտոնում հավանության է արժանացել Վարդան Վարդանյանի թեկնածությունը: Կուսակցության մամլո խոսնակը Տիգրան Ուրիխանյանն է: ԱԺ խմբակցության ղեկավարի հարցը կքննարկի խմբակցությունը:
Ըստ նրա՝ որոշակի ժամանակ է պետք, պետք է նոր մարտավարություն մշակել՝ ԲՀԿ ծրագրային հիմնադրույթներից չշեղվելով և հիմքում դնելով ժողովրդին ծառայելու սկզբունքը: Ն. Զոհրաբյանը զգուշացրեց, որ հապճեպ քայլեր ԲՀԿ-ից ակնկալել պետք չէ, թիմում բոլոր որոշումները կկայացվեն համատեղ քննարկումներով: Արդյոք սահմանադրական բարեփոխումների հետ կապված ԲՀԿ-ն փոխե՞լ է դիրքորոշումը հարցին՝ Ն. Զոհրաբյանը պատասխանեց հարցով՝ սահմանադրական բարեփոխումների հարցում դիրքորոշում փոխելու համար ինչ-որ բան փոխվե՞լ է:
Ն. Զոհրաբյանը նշեց, որ կուսակցությունից ովքեր հեռացել են՝ հայտնի է, նոր հեռացողներ կլինեն, թե ոչ՝ պատասխան չունի: Ըստ նրա՝ Վարդան Օսկանյանը դիմում ներկայացրել է կուսակցությունից հեռանալու մասին, բայց մանդատը վայր չի դնելու: Բազմասեր Առաքելյանի դուրս գալու և ՀՀԿ-ի հետ համագործակցելու մասին Ն. Զոհրաբյանը տեղեկություն չունի:
Թե այժմ կուսակցությունում քանի՞ անդամ կա, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ հաշվարկ չեն արել, բայց ԲՀԿ-ն շատ արագ կվերականգնի իր հեղինակությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: