Ինչ է անելու Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքականությունից դուրս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարում հնչել է երկու ելույթ՝ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը և նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանի: Այս մասին այսօր ԲՀԿ համագումարից հետո հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
«Բացառիկ մարդկային, բացառիկ անկեղծ ելույթ էր, ամենևին ոչ դասական քաղաքական գործչի, ի պատիվ իրեն եմ ասում: Մարդը նշեց անկեղծ այն ամենը, ինչ կար իր հոգում, իր մտքում, իր սրտում: Նշեց, որ դժվար է իրեն տրվել որոշումը, բայց դա երկար մտորումների արդյունք է, շնորհակալություն հայտնեց քաղաքական թիմին, և հեռանում է քաղաքականությունից, որովետև տեսել է այն սահմանը, որ իր ուժերից վեր է: Իսկ այդ սահմանը մայդաններն են, ցնցումները, գեթ մեկ անմեղ մարդու արյունը, որ կարող էր թափվել անկանխատեսելի սցենարների դեպքում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
Թե ինչո՞ւ այդ գիծը տեսանելի եղավ, դա արդեն, ըստ նրա, կուսակցության խնդրը չէ, այլ ողջ քաղաքական դաշտի ու հասարակության խնդիրն է: Վ. Հովհաննիսյանը կոչ արեց Գագիկ Ծառուկյանի որոշմանը վերաբերվել հարգանքով. «Դրանք հայ մարդու, այլևս քաղաքականությունից դուրս մարդու ձևակերպումներ էր: Ասել է, որ այսուհետ ևս ունի մեծ անելիք Հայաստանում՝ կկառուցի եկեղեցիներ, դպրոցներ, մարզադպրոցներ, կօգնի գիտության և մշակույթի մարդկանց»:
Մանրամասները՝ տեսանյութում: